Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վերջում կունենանք սնանկ փաստաբաններ». ՓՊ-ն դժգոհ է ԱԺ-ից. փողոցային պայքարը չի բացառվում (Տեսանյութ)

Դեկտեմբեր 22,2017 14:17

ՀՀ փաստաբանների պալատն անընդունելի է համարում այն փաստը, որ ՀՀ ԱԺ-ին առանց պալատի կարծիքը լսելու՝ դեկտեմբերի 21-ին առաջին ընթերցմամբ ընդունեց նոր Դատական օրենսգիրքը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը ԱԺ նախագահին կոչ եւ պահանջ հղեց. «Մասնագիտական կառույցների հետ քննարկումներ կազմակերպեք: Չի կարելի դատական օրենսգիրք ընդունել՝ առանց փաստաբանների պալատի կարծիքի եւ առաջարկների: Արհամարհանք եմ նկատում մեր հանդեպ: Եթե մեր առաջարկները հաշվի չեն առնում, ի՞նչ անենք, փողոց դուրս գա՞նք: Եթե մենք այդ ճանապարհն ընտրենք, հավատացեք, ավելի թիրախային քայլեր կարող ենք անել»:

Արա Զոհրաբյանը նշեց՝ նախ, պալատը չի հասցրել առաջարկներ կազմել մինչեւ նոր օրենսգիրքը կառավարություն ներկայացնելը, որն էլ հաստատել եւ ուղարկել է այն ԱԺ. «Մեկ ամսում հնարավոր չէ նման ծավալուն օրինագծի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել: Դատական համակարգը եւս չի ներկայացրել: ԱԺ-ն ուղղակի տոներին ընդառաջ՝ շատ արագ ընդունեց այն առաջին ընթերցմամբ»: Իսկ արդեն ԱԺ-ին ներկայացված առաջարկները, Զոհրաբյանի խոսքով, արհամարհվել են:

ՓՊ նախագահն անդրադարձավ նոր Դատական օրենսգրքի այն կետին, որը դատավորին թույլ է տալիս փաստաբանի հանդեպ որպես սանկցիա կիրառել մինչեւ 100 հազար դրամի չափով տուգանք: Ընդ որում, ներկայիս իրավակարգավորումներով չի թույլատրվում փաստաբանի կամ դատախազի հանդեպ տուգանք կիրառել:

«Այդ կարգավորումը նպատակ ունի կանխել փաստաբանի կամ դատախազի հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծը: Դա օրենսդրի կանխավարկածն է: Բայց կարող են լինել նաեւ անբարեխիղճ դատավորներ, իսկ մենք գիտենք, որ այդպիսիք կան: Մենք չունենք նրանցից պաշտպանվելու երաշխիքներ: Դե պատկերացրեք, թե այդ տուգանքն ինչպես կարող է կիրառվել անբարեխիղճ դատավորի ձեռքում: Եթե փաստաբանը դիմադրի դատավորի ոչ օրինական գործողություններին, դատավորը կարող է կիրառել դատական տուգանք, որն, ընդ որում, ենթակա է կատարման հրապարակման պահից: Ստացվում է, որ որոշ փաստաբաններ մեկ նիստում կարող են ունենալ մեկ միլիոն դրամի տուգանք, եթե փորձեն դատավորին դիմադրել օրենքով սահմանված կարգով, եւ եթե դատավորին այդ փաստը դուր չգա»,-այսպիսի կանխատեսելի իրավիճակ նկարագրեց Արա Զոհրաբյանը:

Նրա համոզմամբ՝ օրենսդիրը գոնե պետք է սահմանի անբարեխիղճ դատավորների «ձեռքը չընկնելու» երաշխիքներ. «Վերջում կունենանք սնանկ փաստաբաններ…տուգանքի անհրաժեշտություն չկա, դրանով իրականում փաստաբանի մասնագիտական անկախությանն են վնասելու: Եթե փաստաբանը անհարգալից է վերաբերում, հարցն այսպես թե այնպես կարգավորվում է ՓՊ կողմից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031