Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԱՏՄ-ից պարտադրանք է, որ ԵԱՏՄ-ի արտադրածը զոռով ստեղ իրացվի». աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի մասին

Դեկտեմբեր 22,2017 13:46

Փորձագետները կարծում են, որ աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը չի լուծելու անվտանգության խնդիրները:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը «Աջ ղեկ» նախաձեռնության անդամ, համակարգող Արթուր Խաչատուրյանն այս առիթով մանրամասնեց. «Բոլորս տեսել ենք, բացահայտ է այն ցուցանիշը, որ 10 տոկոս չի ձգում վթարային իրավիճակների թիվը աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ: Ցանկացած տիպի տրանսպորտային միջոցի դեպքում վարորդն առաջնորդվում է հայելիներով, իսկ դրանք կապ չունեն ղեկի դասավորման հետ»:

Ըստ պարոն Խաչատուրյանի՝ աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելով՝ պատկան մարմինները փորձում են հեշտ ճանապարհով լուծել երթևեկության թեթևացման հարցը. «Պետք չէ խելք դնել ու մտածել: Որոշել են՝ ընդամենն աջ ղեկով մեքենաներն արգելելով՝ երթևեկության հարց լուծել: Այդպես չի արվում: Կարող է տնտեսական չպարզաբանվող հիմնավորում լինել, դա նաև կարող է անդրադառնալ ավտոսրահներից մեքենաների ձեռքբերման վրա»: Արթուր Խաչատուրյանն առաջարկեց օրինագիծն ընդհանրապես հանել քննարկումից: Նա վրդովվեց. «Սա մի բան է նշանակում. ԵԱՏՄ-ից պարտադրանք է, որ ԵԱՏՄ-ի արտադրածը զոռով ստեղ իրացվի, որին համաձայն չեմ: Ռուսական արտադրության մեքենա երբեք չեմ գնելու: Եթե անգամ ՀՀ-ում համ ձախակողմյան, համ աջակողմյան ղեկով մեքենաներն արգելեն, ես չեմ պատրաստվում ռուսական մեքենա գնել»:

Հարցին՝ ով ունի աջ ղեկով մեքենա, դա հավիտյան մնալու է իրե՞ն, փաստաբան Արտակ Խաչատրյանը պատասխանեց. «Նախատեսվում է վաճառք ներսում: Եթե մարդը ներկրել և շահագործում է աջ ղեկով մեքենա, ուղղակի ապրիլի 1-ի դրությամբ պիտի կամ արտասահման արտահանի, կամ ղեկը տեղաշարժի, հետո վաճառի: Ցավոք, այն տեղափոխությունները, որ արվել են, շատ դեպքերում տնային, գարաժային պայմաններում են արվել, ինչը վտանգավոր է անվտանգության տեսանկյունից: Կոպիտ ասած՝ ավելի լավ է ղեկը հետևից լիներ, քան աջից, ձախից»: Փաստաբանը վրդովվեց՝ այն մակարդակի են հիմնավորել, որ չգիտենք՝ ինչ ասենք. այդպիսի անհիմն հիմնավորում վերջին տասնամյակում տեսած չկայինք: Ըստ նրա՝ մեր պետությունը մենեջմենտի խնդիր ունի:

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանի կարծիքով՝ միայն աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքով անվտանգության խնդիրը չի լուծվի. «Այժմ շահագործվում է 30.000-ից ավելի աջ ղեկով մեքենա: Դրանց շահագործումն ինքնին վտանգավոր է: ԵԱՏՄ ենք մուտք գործել, բայց ՌԴ-ում, օրինակ, արգելքը չի կիրառվում: Իսկ մեր ճանապարհային երթևեկության կանոնները գրեթե համընկնում են Ռուսաստանի հետ»: Ըստ Տիգրան Քեյանի՝ պատկան մարմինները պետք է ուսումնասիրություն անեն և հիմնավորեն անհարմարությունները: Նա առաջարկեց արգելել աջ ղեկով տաքսիները, քանի որ վարորդի կողքի ուղևորը մեքենայից իջնելուց անմիջապես դուրս է գալիս երթևեկության գոտի: Այդ դեպքում վարորդը պետք է ուշադիր լինի, որ նման խնդիրներ չառաջացնի ուղևորների համար: Բայց բոլորին արգելելն անհիմն եմ համարում»:

Ըստ Տիգրան Քեյանի՝ այստեղ կա նաև սահմանադրական խնդիր. ըստ Սահմանադրության՝ եթե գույքը պատկանում է քաղաքացուն, ապա նա իրավունք ունի ցանկացած ձևով տնօրինել իր գույքը. «Փաստորեն, նման որոշումից հետո այս դրույթը չի կիրառվելու: Մյուս կողմից՝ ցանկացած օրենսդրական փոփոխություն, եթե վատթարացնող պայմաններ է ստեղծում, հետին ուժ, կիրառություն չպետք է ունենա: Տվյալ դեպքում այստեղ վատթարացնող պայմաններ կան նախկին սեփականատերերի նկատմամբ, այս դեպքում ոչ մի արգելք չպետք է կիրառվի վաճառք, վերագրանցում կատարելու առումով»:

Հարցին՝ այս փոփոխություններով ի՞նչ խնդիրներ են լուծում, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց. «Իմ մոտեցումը որպես քաղաքացի այն է, որ մի այնպիսի լուծում գտնեն, որ երկու կողմ էլ չտուժի՝ ոչ տնտեսվարողները, ոչ էլ քաղաքացիները: Համամիտ չեմ ոչ այն կողմի, ոչ էլ իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձանց փատարկներին: Իրականում փորձագիտական մակարդակում վտանգավոր ձևակերպում գոյություն չունի: Սահմանադրության համաձայն՝ մեքենա վարելն ինքնին առավել վտանգավոր աղբյուր է: Գիտական հիմնավորմամբ՝ տարբերությունն ի հայտ է գալիս միայն վազանցի դեպքում: Աջ ղեկով մեքենաների դեպքում պարզապես պետք է ավելի շատ տարածություն պահպանենք: Ես աջ ղեկով մեքենա վարել եմ, գիտեմ: Բայց մի ուրիշ խնդիր էլ կա: Ընկեր ունեմ, որն ուղղակի սիրում է աջ ղեկով մեքենա վարել, դա անձի ցանկություն է: Մարդ կա գերմանական մեքենա է սիրում, մարդ էլ կա՝ ճապոնական: Ես ինքս դեմ եմ կառավարության այս որոշմամբ, սակայն, երբ խնդիրը դիտարկում ենք կառավարության տեսանկյունից, դա պիտի արվեր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031