Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը դեկտեմբերի 22-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ամփոփեց մշակութային տարին: Նա յուրօրինակ ձեւաչափ էր ընտրել՝ նախարարության կատարած աշխատանքը ներկայացրեց 4 րոպեանոց տեսահոլովակով, ապա նախընտրեց միանգամից անցնել հարցերին:
Նախարարը ի թիվս այլ հարցերի, խոսեց պետականի եւ մասնավորի համագործակցությամբ ստեղծվող հայկական գորգի թանգարանից, զբոսաշրջության նպատակով մի քանի քարանձավների վարձակալությունից, Համահայկական նվագախմբի ստեղծումից, որը հայոց ցեղասպանության օրը բացառիկ համերգ տվեց Երեւանում եւ այլն:
Մշակութային դաշտի հիմնախնդիրներից մեկը Արմեն Ամիրյանը համարում է կառավարումը: Նախարարը նշեց, որ անչափ կարեւոր է մշակույթի կապիտալիզացիան, որը սխալմամբ առեւտրայնացման հետ են շփոթում, մինչդեռ, նրա խոսքերով՝ դա մշակույթի արժևորումն է:
Արմեն Ամիրյանը նշեց, որ 7%-ով կրճատվել է մշակույթի ոլորտի ֆինանսավորումը, սակայն իր համոզմամբ՝ գրագետ աշխատանքի դեպքում կարելի է այդ 7%-ը լրացնել սեփական աշխատանքով: «Օրինակ՝ օպերան 6 ամսում 45% աճ է գրանցել, Ֆիլհարմոնիկը՝ 43, Գյումրու թատրոնը՝ 200%»:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե հատկապես արվեստագետներից ում է սիրում եւ ինչ միջոցառում կառանձնացներ, Արմեն Ամիրյանն ասաց. «Հասկանալի պատճառներով չեմ ուզում ինչ-որ մեկին առանձնացնել… Ես սիրում եմ իմ թոռնիկին, որը ծնվել է այս տարի: Ուզում եմ շնորհավորել բոլորիդ Նոր տարին եւ մեր հայրենիքին մաղթել բարեկեցություն»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ