Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ժոզե Մոուրինիոն Հենրիխ Մխիթարյանի չխաղալու մասին ճիշտը չի ասում

Դեկտեմբեր 22,2017 12:57

Պարզից էլ պարզ է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, հայտարարելով, թե Հենրիխ Մխիթարյանը կորցրել է խաղի որակները եւ դրա համար ֆուտբոլիստին խաղային ժամանակ չի տալիս, թաքցնում է իրական ճշմարտությունը: Հեղինակավոր կայքերում տպագրված հարցումների արդյունքները նույնպես դա են ապացուցում:

ՖԻՖԱ-ի հրապարակած 100 լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային ցուցակում Հայաստանի ազգային հավաքականի ավագը եւ ՄՅՈՒ-ի կիսապաշտպանը զբաղեցնում է 83-րդ հորիզոնականը: Իսկ ՖԻՖԱ-ի Top 100 ցուցակում հայտնվելն ամեն ֆուտբոլիստի բան չէ: Դրա համար պետք է լուրջ արժանիքներ ունենալ: Հետաքրքիր է, որ ՖԻՖԱ-ի ցուցակում բացի Հենրիխ Մխիթարյանից տեղ են գտել «Մանչեսթեր Յունայթեդի» ընդամենը չորս խաղացողներ՝ դարպասապահ Դավիդ դե Խեան, կիսապաշտպան Պոլ Պոգբան եւ հարձակվողներ Զլատան Իբրաիմովիչն ու Ռոմելո Լուկակուն:

Ինչ վերաբերում է Մխիթարյանի մարզավիճակին, այո որոշակի անկում կար եւ դա նորմալ է: Բայց այնպես չէ, որ ամբողջ թիմում միայն Մխիթարյանի մոտ է այդպես: Նման դեպքերում ֆուտբոլիստի անունը հայտացուցակից ընդհանրապես չեն հանում: Նույն Լուկակուն, որի գործը գոլ խփելն է, շատ երկար ժամանակ «կորցրել էր» մրցակիցների դարպասի տեղը, բայց խաղադաշտում էր առաջինից վերջին րոպեն՝ մինչեւ սկսեց կրկին գոլ խփել:

Հենրիխ Մխիթարյանի չխաղալու պատճառը մարզավիճակը չէ, այլ նրա եւ Մոուրինիոյի անձնական վատ հարաբերությունները: Ի՞նչը կարող էր դրան հասցնել:

Տեղափոխվելով «Մանչեսթեր Յունայթեդ»՝ Մխիթարյանը կարճ ժամանակում երկրպագուների կուռքը դարձավ: Նրա մասին ֆուտբոլասերները նույնիսկ երգ հյուսեցին: Մխիթարյանը փայլում էր՝ ոչ միայն նոր թիմի համար կարեւոր ու գեղեցիկ գոլեր հեղինակելով, այլեւ խաղացնելով նաեւ թիմակիցներին: Հենրիխի հեղինակությունը սկսում էր գերազանցել Մոուրինիոյին, ինչը չէր կարող չմտահոգել եսապաշտ մարզչին: Պետք էր մի բան մտածել: Եվ Մոուրինիոն Մխիթարյանին ետ քաշեց դեպի պաշտպանություն, որը նրա տեղը չէր: Հենց այդ ժամանակ էլ կարող էին սկիզբ առնել ֆուտբոլիստի եւ մարզչի միջեւ հակասությունները, որոնք աստիճանաբար պետք է խորանային:

Զարմանալի զուգադիպությամբ նույն ժամանակաընթացքում խաղադաշտում թիմակիցները սկսեցին «չնկատել» Հենոյին՝ նրան թիմի ընդհանուր գործողություններից դուրս թողնելով: Արդյունքում, հայ ֆուտբոլիստի խաղն սկսեց խամրել: Իսկ երբ տարվա լավագույն մարզչի քվեարկության ժամանակ Մխիթարյանը տվեց Զիդանի անունը, այլ ոչ թե Մոուրինիոյի, նախ կորցրեց տեղը մեկնարկային կազմում, ապա ընդհանրապես դուրս մնաց հայտացուցակից:

Օրերս Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Մոուրինիոյին եւ լրջորեն քննարկել ՄՅՈՒ-ում իր հետագա կարիերայի հետ կապված հարցը: ԶԼՄ-ների պնդմամբ՝ որոշվել է, որ ֆուտբոլիստը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալու է թիմից: Եվ միայն դրանից հետո մարզիչը սկսել է Մխիթարյանին խաղաժամանակ տալ, բայց փոխարինման դուրս բերելով վերջին 15-20 րոպեներին: Մոուրինիոն շատ լավ գիտակցում է, որ այդ ընթացքում ֆուտբոլիստը չի հասցնի իր իսկական որակները ցուցադրել, առավել եւս, երբ երկար ժամանակ խաղային պրակտիկա չունի: Հաշվարկը հասկանալի է. ակումբի իր տերերին ապացուցել, իբր, Հենրիխ Մխիթարյանը չի համապատասխանում թիմին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031