Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեր գերխնդիրն այն չէ, որ խաղադաշտ դուրս գա նոր խաղացող». Աշոտյանը՝ Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու մասին

Դեկտեմբեր 22,2017 12:49

2018-ին ի՞նչ սպասել բանակցային գործընթացն առաջ տանելու առումով, անընդհատ խոսում ենք,որ Արցախը պետք է վերադարձնել բանակցային սեղանի շուրջ, ի՞նչ ակնկալիքներ կան այս առումով: Այսօր «Սպուտնիկ Արմենիա» ակումբում ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն այս հարցին ի պատասխան ասաց. «Շատ ավելի հեշտ է կանխատեսել, թե ով 2018-ի աշխարհի առաջնությունում ով կհռչակվի ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, քան կանխատեսել Իլհամ Ալիեւի քաղաքական վարքագիծը հաջորդ տարի»:

Նա ասաց, որ Արցախի խնդրի կարգավորման գործընթացը շատ է կախված այդ մարդու անձից, որովհետեւ միջազգային ինստիտուտները դեռ չեն անցել ռուբիկոնը, որպեսզի Ադրբեջանին պարտադրեն պայմանավորվածությունները կատարում կամ խաղաղություն, եւ Ադրբեջանը օգտվում է դրանից:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ «2018-ի ընթացքում լավագույն ակնկալիքը, որ մենք կարող ենք ունենալ ՀՀ-ում եւ Արցախում Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք կատարումն է, վստահության մթնոլորտի ձեւավորումը, բանակցային միջավայրի բարելավումը եւ այս ընթացքում նաեւ բարձր մակարդակի կոնտակտները կարող են լինել էֆեկտիվ: Սակայն ես մտածելակերպով բժիշկ եմ, կան նախանշաններ, ցանկացած հիվանդություն ինչ-որ նախանշաններից է սկսվում, Արցախյան կարգավորման դրական նախանշան ես կսկսեմ համարել, երբ Իլհամ Ալիեւն իր երկրի ներսում իր ներքին լսարանի համար ասի այն, տարածի, խոսի այն, ինչ ասվում է Մինսկի խմբի համանախագահների հանդիպումների եւ հայտարարությունների շրջանակներում: Երբ չլինի անդունդ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության արտաքին եւ ներքին օրակարգերի բառապաշարի եւ ուղերձների միջեւ, ես դա կհամարեմ լավ նշան: Դա կնշանակի, որ Ադրբեջանի ղեկավարությունը սկսում է կամաց-կամաց նախապատրաստել իր հասարակությանը խաղաղության»:

Ինչ վերաբերում է Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելուն՝ Արմեն Աշոտյանն ասաց. «Մեր գերխնդիրն այն չէ, որ խաղադաշտ դուրս գա նոր խաղացող կամ միանա թիմին նոր խաղացող, գերխնդիրն այն է, որ թիմը հաղթի: Եթե թիմային հաղթանակի համար որպես տակտիկական միջոց պետք լինի նմանատիպ գործողությունների միջոցով պնդել այդ օրակարգը, դա տեղի կունենա: Եթե այդ օրակարգը չի լինելու միակ միջոցը, որով մենք կարող ենք հասնել թիմային հաղթանակի, ապա այդ ռազմավարական սխեման կարող ենք դեռ պահել: Ակնհայտ է մի բան, որ չի կարող լինել կարգավորման որեւէ վերջնական բանաձեւ, որի կապակցությամբ Արցախի ժողովրդի կարծիքը հաշվի չառնվի: Սա ակնհայտ է: Չի կարող լինել որոշում, որը հակասի Արցախի ժողովրդի ցանկությանը եւ այդ ժողովրդի կողմից ընտրված իշխանություններին»:

Նա ասաց, որ դա ընդամենը տակտիկայի խնդիր է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031