Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կատալոնիայի ընտրության արդյունքները վկայում են Իսպանիայի պարտության մասին. Պուչդեմոն

Դեկտեմբեր 22,2017 12:46

Կատալոնիայի վտարանդի առաջնորդ Կարլես Պուչդեմոնը տարածաշրջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվանել է «Կատալոնիայի Հանրապետության հաղթանակ և իսպանական պետության պարտություն», քանի որ խորհրդարանում տեղերի մեծամասնությունը կստանան անջատողական տրամադրություններով կուսակցությունների ներկայացուցիչները, հաղորդում է BBC-ն:

Ընտրություններին մասնակցել են ինչպես Կատալոնիայի անկախությունը պահանջող կուսակցություններ, այնպես էլ նրանք, որոնք հանդես են գալիս Իսպանիայի կազմում ինքնավարություն պահպանելու օգտին:

Քվեաթերթիկների հաշվարկը ցույց է տվել, որ Կատալոնիայի անկախության օգտին հանդես եկող երեք կուսակցություններ՝ «Միասին հանուն Կատալոնիայի», «Կատալոնիայի հանրապետական ձախեր» և «Ժողովրդական միություն», տարածաշրջանային խորհրդարանում կստանան 135 տեղերից 70-ը, այսինքն` կկազմեն մեծամասնություն:

Այնուամենայնիվ, ձայների մեծամասնություն ստացել է «Քաղաքացիներ» կուսակցությունը, որը հանդես է գալիս Իսպանիայի կազմում ինքնավարության օգտին: Այն հավաքել է ձայների 25 տոկոսը, այսինքն` խորհրդարանում կունենա 36 մանդատ:

Արդյունքում հստակ չէ՝ որ կուսակցությունը կզբաղվի կառավարության ձևավորմամբ:

Ելույթ ունենալով Բրյուսելում՝ Կարլես Պուչդեմոնն ընտրությունների արդյունքներն անվանել է անջատողականների հաղթանակ, «որը ոչ մեկ չի կարող վիճարկել» և հայտարարել է, որ քվեարկությունը «ցույց է տալիս, որ կատալոնացիները նվաճել են լսելի լինելու իրավունքը»:

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները, իրենց հերթին, ընդգծել են, որ ընտրությունների արդյունքները որևէ կերպ չեն ազդի ԵՄ դիրքորոշման վրա, և «կատալոնյան հարցը» Բրյուսելում նախկինի պես համարում են Իսպանիայի ներքին գործը:

«Կատալոնյան հարցում մեր դիրքորոշումը լավ հայտնի է և բազմիցս հնչեցվել է բոլոր մակարդակներում: Այն անփոփոխ է»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Ալեքսանդր Վինտերշտայնը:

«Տարածաշրջանային ընտրությունների վերաբերյալ մենք մեկնաբանություն չունենք»,- հավելել է նա:

Ելք ճգնաժամի՞ց

BBC-ի թղթակիցը հայտնում է, որ ընտրությունների արդյունքները հազիվ թե լուծեն Կատալոնիայում քաղաքական ճգնաժամը:

Սովորաբար կառավարություն ձևավորում է ձայների մեծամասնություն ստացած կուսակցությունը: Տվյալ դեպքում խոսքը «Քաղաքացիներ» կուսակցությունն է, որը ցանկանում է Կատալոնիան պահել Իսպանիայի կազմում:

Սակայն անջատողական տրամադրություններով կուսակցությունները կարող են պահանջել իրենց իրավունքը՝ ձևավորել նոր կառավարություն, քանի որ նրանք միասին նույնպես մեծամասնություն են:

Հոկտեմբերին Մադրիդի կառավարությունը Կատալոնիայի կառավարությունը ցրել էր այն բանից հետո, երբ վերջինս Իսպանիայի կարծիքով անօրինական հանրաքվե էր անցկացրել:

Առայժմ հայտնի չէ՝ որ կուսակցությունը մեծամասնություն կլինի տեղի խորհրդարանում՝ իսպանամետ «Քաղաքացիները», թե անջատողական տրամադրություններով «Կատալոնիայի հանրապետական ձախերը»:

Դատելով էքզիտ-պոլերից՝ Կատալոնիայի նախկին կառավարության ղեկավար Կարլես Պուչդեմոնը Junts per Catalunya կուսակցությունը երրորդ տեղում է:

Դա նշանակում է, որ ոչ մի կուսակցության չի հաջողվել ստանալ ձայների բացարձակ մեծամասնություն, և որ կառավարության ձևավորման համար կպահանջվեն լրացուցիչ բանակցություններ հիմնական կուսակցությունների միջև:

Բարսելոնում BBC-ի թղթակից Քևին Քոնոլին հայտնում է, որ Կատալոնիայի անկախության ինչպես կողմնակիցները, այնպես էլ հակառակորդները, դատելով ամեն ինչից, կստանան մոտավորապես ձայների նույն տոկոսը, ինչ որ նախկինում, և դա որևէ կերպով չի լուծի տարածաշրջանի առջև ծառացած քաղաքական խնդիրը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031