Այսօր «Սպուտնիկ Արմենիա» ակումբում Aravot.am-ը ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի աշխատանքը, ինչո՞ւ է ամեն անգամ Վրաստանի դեսպան նշանակվում հասարակության համար շատ անսպասելի եւ անակնկալ մեկը, Վրաստանն այդքան ոչ կարեւոր ուղղությո՞ւն է մեզ համար, այդ պասիվ աշխատող պատգամավորին դեսպան նշանակելն ինչպե՞ս եք գնահատում, նա ի վիճակի՞ է նորմալ կատարել իր աշխատանքը:
Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ մամուլը շատ է սիրում կռվեցնել տարբեր քաղաքական գործիչների՝ պատգամավորների, դեսպանների. «Եթե մի երկիր գնում է դեսպան նախկին պատգամավորը, դա չի նշանակում, որ այդ երկիրն ավելի նվազ կարեւոր է, քան այն երկիրը, որտեղ գնում է դեսպան նախկին արտգործնախարարը, օրինակ: Կարծում եմ, այս ընկալումները օբյեկտիվ չեն: Դեսպանները պետք է ոչ միայն էֆեկտ թողեն իրենց քաղաքական կերպարով, այլ էֆեկտիվ լինեն՝ քաղաքական գործունեության մեջ: Ես վստահ եմ, որ Ռուբեն Սադոյանը լինելու է էֆեկտիվ դեսպան: Հետեւելով իր վերջին շրջանի ակտիվությանը՝ նա բոլոր ջանքերը գործադրում է՝ մի կողմից մոբիլիզացնելով նաեւ հայկական համայնքին Վրաստանում, մյուս կողմից՝ կոմունիկացիայի եւ հարաբերությունների ճիշտ համակարգ կառուցելով վրացական իշխանությունների հետ»:
Նա ասաց, որ ակնկալվում է նաեւ ՀՀ նախագահի այցը Վրաստան. «Ակնհայտ է, որ այդ ջանքերը շարունակական են լինելու եւ դեսպանը մասնավորապես ունի իր կարեւոր ֆունկցիան եւ առաքելությունը: Եկեք ծառի մասին դատենք պտուղներով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ