Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյան. «Ընդդիմությունն ունի լծակներ, բայց այդ լծակները «Ելքի» ձեռքերում չեն այդքան շատ»

Դեկտեմբեր 22,2017 12:24

Այսօր «Սպուտնիկ Արմենիա» ակումբում ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը անդրադարձավ երեկ ԱԺ-ում «Ելքի» ձեռնարկած «միջոցառմանը»՝ 11 անգամ 20 րոպեով ընդմիջում հայտարարելու:

Նա ասաց, որ այն ամբողջությամբ ֆորմալ առումով ԱԺ Կանոնակարգ օրենքի շրջանակներում էր, քաղաքական առումով՝ նա ասաց, որ բոլորը միասին դեռ ճանապարհ ունեն անցնելու՝ կայացնելու խորհրդարանական մշակույթը. «Այդպիսի միջադեպերն անխուսափելի են մշակույթի հղկման համար: Առաջին դեպքը չէ, երբ ընդդիմադիր գործընկերներն օգտվում են հնարավորությունից՝ այս կամ այն հարցով հետաձգելու քվեարկությունը, առաջին դեպքն է, որ դա տեղի է ունենում 11 անգամ: Կարծում եմ, որ Ամանորի նախաշեմին բոլորի նյարդերը այնուհանդերձ պարպվեցին, լարվածությունն իջավ»:

Աշոտյանն ընդգծեց, որ խորհրդարանական հանրապետություն՝ չի նշանակում ընդդիմության կողմից խաղի կանոնների բացարձակ թելադրանք, խորհրդարանական հանրապետություն՝ նշանակում է ընդդիմության համար բավարար գործիքակազմի ստեղծում, որպեսզի խնդիրները, որոնք ՀՀ խորհրդարանում արծարծվում են, ընդդիմության կողմից լինեն վերահսկելի. «ՀՀ խորհրդարանում կա 2 ընդդիմադիր ֆրակցիա եւ այստեղ ակնհայտորեն գործում է էվոլյուցիոն տեսությունը Դարվինի՝ ներտեսակային պայքարն ավելի ուժեղ է լինում, քան միջտեսակային պայքարը: «Ելքի» կողմից որոշակի դժգոհությունները կապված չեն նրա հետ, որ ընդդիմությունը չունի բավարար լծակներ, ընդդիմությունն ունի փոխխոսնակ, ունի մշտական հանձնաժողովների 3 նախագահների պաշտոն, ունի փոխնախագահների պաշտոն, ընդդիմությունը կարողանում է համապատասխան քանակի ստորագրություն հավաքելու շնորհիվ հարցեր առաջ տանել: Կարծում եմ, խնդիրն այն է, որ ընդդիմությունն ունի լծակներ, բայց այդ լծակները «Ելքի» ձեռքերում չեն այդքան շատ»:

Արմեն Աշոտյանն ասաց, որ ընդդիմությունը միայն «Ելքը» չէ, «Ծառուկյան» դաշինքն էլ պակաս ընդդիմադիր ուժ չէ. «Ներեցեք, իշխանությունների մեղքը չէ, որ ընդդիմության ճամբարի ներսում կա որոշակի գուցե առողջ մրցակցություն՝ լծակների եւ ազդեցության համար»:

Որպես ԿԳ նախկին նախարար՝ Աշոտյանն ասաց, որ բոլորն իրարից պետք է սովորեն ու սովորելը ամոթ չէ: Քաղաքական ուժերը պետք է սովորեն լինել մրցունակ եւ մնալ ջրի երեսին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031