Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան ունի «երեսը փրկելու» կարիք, բայց բոլոր ջանքերը տապալված են». Աշոտյանը ամփոփեց տարին

Դեկտեմբեր 22,2017 12:14

Այսօր ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը տարեկան ամփոփիչ ասուլիսում ասաց, որ 2017-ը հաջողված է համարում ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունների շրջանակներում, քանի որ հաջողվել է ամրապնդել ՀՀ դիրքերը եղած ձեւաչափերում եւ հաստատել նոր հարաբերություններ եվրոպացի գործընկերների հետ:

Արմեն Աշոտյանը նշեց, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները նոր փուլ թեւակոխեցին, այս ուղղությունը գալիք տարիների համար համահունչ է լինելու ՀՀ ներքին քաղաքական եւ տնտեսական օրակարգերին. «Որեւէ արհեստական բան ԵՄ-ն մեզ ոչ պարտադրել է, ոչ էլ առաջարկել է: ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում գալիք տարին պետք է դառնա պայմանագրերի վավերացումների շքերթի տարի»:

Աշոտյանն ասաց, որ ԵՄ-ի հետ կնքած համաձայնագիրն ունի անցումային դրույթներ, ըստ որի՝ ՀՀ բյուջետային ֆինանսական եւ տնտեսական բարեփոխումների շրջանակներում ԵՄ-ն կարող է գործի դնել ֆինանսավորման գործիքները, բայց սա քաղաքական փաստաթուղթ է եւ ամբողջությամբ իրավական միս, արյուն, կմախք ստանալու համար պետք է անցնի ԵՄ անդամ երկրների խորհրդարաններով:

Պարոն Աշոտյանը կարեւորեց հատկապես այն ձեւակերպումները, որոնք տեղ են գտել համաձայնագրում՝ կապված արցախյան հիմնախնդրի կարգավորման հետ, ԵՄ կողմից ամրագրվել է ՀՀ արտաքին քաղաքական գերակայություններին ամբողջությամբ համապատասխան մի բանաձեւ, ըստ որի խնդիրը պետք է կարգավորվի բացառապես Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ ճանապարհով եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա: Արմեն Աշոտյանը նշեց, որ այս սկզբունքների եռյակի դեմ երկար տարիներ պայքարում է Ադրբեջանը, կարեւոր էր արձանագրել դա ԵՄ մակարդակում:

Արմեն Աշոտյանը, անդրադառնալով Արցախում իրավիճակին, ասաց, որ 2017-ի սկզբին շփման գծում լարված էր, բայց ժնեւյան հանդիպումից հետո որոշակի լարվածության թուլացում է նկատվում: Բայց այդ լարվածության անկումը ղարաբաղաադրբեջանական սահմանին հետեւանք չէ Մինսկի խմբի կողմերի մոտեցումների, որոնք արտահայտվել են Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովում: Սա որեւէ ինստիտուցիոնալ հիմքի հետեւանք չէ, դա բացառապես կարող ենք կապել Ադրբեջանի ռազմական ղեկավարության «բարի կամքի» կամ անձնական որոշման հետ: Աշոտյանի խոսքով՝ ԼՂՀ-ում խաղաղության պահպանման համար շատ ենք կարեւորում ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծումը, բարի կամքը պետք է դրսեւորվի նախապես ստանձնած պարտավորությունների կատարման որոշման մեջ:

Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաեւ Հայաստան-Չինաստան դիվանագիտական հարաբերությունների ընդլայնմանը, հայ թուրքական հարաբերություններին, ՀՀ-Հնդկաստան հարաբերությունների զարգացման հնարավորությանը եւ առկա մարտահրավերներին՝ կապված իսլամական երկրների հետ:

Նա նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս պահը փաստելով՝ այդ հարաբերությունները գտնվում են քաղաքական, դիվանագիտական եւ տնտեսական ամբողջական փակուղու մեջ, հայկական կողմի նախաձեռնությամբ ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները գարնանից սկսած չեն լինելու քաղաքական օրակարգի մաս. «Թուրքիան ունի «երեսը փրկելու» կարիք, բայց բոլոր ջանքերը տապալված են, որովհետեւ բոլորը, ուժային կենտրոնները շատ լավ գիտեն, թե ում պատճառով է տապալվել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Թուրքիայի դիվանագիտական «լկտիությունը» բերել է նրան, որ նրանք չեն էլ թաքցնում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է ղարաբաղյան խնդի լուծման ակնկալիքների հետ ինչը բնավ ընդունելի չէ հայկական կողմի համար: Ադրբեջանը պարզապես մեկ այլ Թուրքիա է տարածաշրջանում, մեկ այլ Թուրքիա՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար»:

Աշոտյանը խոսեց նաեւ մարտահրավերների մասին, որոնք հաջորդ տարի պետք է դառնան խորհրդարանի դիվանագիտության համար կարեւոր ուղղություն: Արեւելքը, Մերձավոր Արեւելքը աշխարհագրորեն մեզ շատ մոտ են եւ այնտեղ իրավիճակը շատ կարեւոր է ՀՀ անվտանգության համար: Հաջորդ տարի մենք 3 կարեւոր ուղղության վրա պետք է լրացուցիչ ջանքեր գործադրենք, աշխուժացնենք հարաբերությունները իսլամական պետությունների հետ: Իսլամական աշխարհ ասելով՝ նա նկատի ունի ինչպես արաբական պետությունները, այնպես էլ Իրանը: Ըստ Աշոտյանի, հաշվի առնելով Ադրբեջանի վտանգավոր քաղաքականությունը տրամադրել իսլամական ժողովուրդներին ՀՀ-ի դեմ, այդ քաղաքականությունը դեռ արդյունք չի տվել, բայց մենք պետք է լրացուցիչ աշխատենք այդ ուղղությամբ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031