2017 թվականը մոտենում է ավարտին, եւ արդեն հրապարակվածՙ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող 11 ամիսների ցուցանիշները կարող են հիմք դառնալ ընթացիկ տարվա առնչությամբ նախնական եզրակացություններ անելու: Տարվա ընթացքում պարբերաբար անդրադառնալով այս թեմային, իրատեսական էինք համարել տարեկան առնվազն 5 տոկոսին մոտ տնտեսական աճի հավանականությունը: Դա պայմանավորված էր ինչպես համաշխարհային տնտեսությունում առկա բարենպաստ միջավայրով, մեր հիմնական գործընկեր երկրների եւ մասնավորապես Ռուսաստանի տնտեսության մեջ արձանագրվող դրական տեղաշարժերով, այնպես էլՙ երկրի ներսում իրականացվող տնտեսական քաղաքականությամբ:
Հարկ է նկատի ունենալ նաեւ անցյալ տարվա ցածրՙ 0,2 տոկոս տնտեսական աճը, որի ֆոնին ավելի հեշտ էր դառնում համեմատաբար բարձր տնտեսական աճի ցուցանիշ ապահովելը: Հունվար-նոյեմբերին արձանագրված 7,3 տոկոս տնտեսական ակտիվության աճը, ինչի մասին հրապարկել է ազգային վիճակագրական ծառայությունը, ինչ-որ տեղ պայմանավորված էր նաեւ այդ հանգամանքով: Այդուհանդերձ, տնտեսական ակտիվության բարձր աճ չէր արձանագրվել 2012-ից հետո, իսկ դրանից առաջ էլՙ վերջին անգամ բարձր աճ էր արձանագրվել 2008-ին: Հետաքրքրական զարգացումներ կան ըստ տնտեսության ճյուղերի արձանագրված ցուցանիշներում:
Նախՙ պետք է արձանագրել շինարարությունում արձանագրված թեկուզ փոքրիկՙ 0,3 տոկոս աճը, քանի որ վերջին անգամ այս ճյուղը աճ էր ունեցել 2008-ին, իսկ դրանից հետո գտնվել է մշտական անկման մեջ: Ամենայն հավանականությամբ, տարեկան ցուցանիշներում եւս շինարարությունը կպահպանի արձանագրած միտումը, ինչը կդառնա այս տարվա տնտեսական ցուցանիշների հիմնական նորույթը:
Հաջորդը արդյունաբերության արտադրանքի աճն էՙ 12,3 տոկոսով: Ողջ տարվա ընթացքում տնտեսության թերեւս կարեւորագույն ճյուղը պահպանեց աճի կայուն ցուցանիշը, ինչը ամենաարժեքավոր գործոնն է ներկայացված ցուցանիշների մեջ:
Դժբախտաբար, գյուղատնտեսությունում արձանագրվել է անկումՙ 3,9 տոկոսով, ինչը հատուկ ուշադրության առարկա պետք է դառնա հաշվի առնելով այս ճյուղի նշանակությունը թե՛ ընդհանրապես տնտեսության համար, թե՛ սոցիալական առումով:
Առեւտրի շրջանառությունն ամենամեծ աճն է արձանագրելՙ 14,4 տոկոսով, ինչը առանձնապես ուրախանալու առիթ չէ, քանի որ այն չի ստեղծում ավելացված արժեք եւ հիմնված լինելով հիմնականում ներմուծված ապրանքների սպառման վրա, Հայաստանից գումարային արտահոսքի աճի պատճառ է դառնում:
Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում