Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոռեկտ չէ մեղադրել ՀՀԿ-ին կարծիք ունենալու մեջ»

Դեկտեմբեր 22,2017 14:15

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հետ

– Նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրական փոփոխություններից առաջ հայտարարեց, որ չի պատրաստվում այդ փոփոխություններից հետո ոչ նախագահի, ոչ էլ վարչապետի պաշտոնում պաշտոնավարել: Սակայն գլխավոր ինտրիգը կարծես հենց այդ հարցն է, մանավանդ, որ ՀՀԿ-ականները հայտարարում են, որ վարչապետի լավագույն թեկնածուն Սերժ Սարգսյանն է: Այսինքն՝ Սահմանադրական բարեփոխումներն ընդամենը մանիպուլյացիա էին` իշխանությունը երկարաձգելու համար:

– Ընդամենը օրեր առաջ նախագահ Սարգսյանն անձամբ անդրադարձել է այդ հարցին, եւ այստեղ ավելացնելու շատ բան չկա, թեեւ, հասկանալիորեն, թեմայի շուրջ խոսակցություններն ու կանխատեսումները շարունակվելու են եւս մի քանի ամիս: Նաեւ թույլ տվեք նկատել, որ Ձեր մեջբերումը ամբողջության մեջ չի արտացոլում այն, ինչ ասել է նախագահ Սարգսյանը: Ճիշտ կլինի մեջբերումներ կատարելիս դա անել բարեխղճորեն: Սերժ Սարգսյանն ասել է. «…այլեւս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին»: Այս հայտարարությունից հետո ինքս երբեք չեմ լսել նախագահի հակառակ պնդումը նման հավակնությունների առկայության վերաբերյալ:

Սա իրողություն է: Իրողություն է նաեւ այն, որ ապրիլից լիարժեք անցում է կատարվելու կառավարման խորհրդարանական մոդելի, ինչը ենթադրում է իշխանության գործադիր մարմնի ձեւավորում՝ վարչապետի նշանակում խորհրդարանական մեծամասնութան կողմից, եւ որ գործող Սահմանադրությունը այդ իրավունքը բացառապես վերապահում է իշխող կուսակցությանը, եւ կոռեկտ չէ մեղադրել վերջինիս կամ նրա առանձին ներկայացուցիչներին կարծիք ունենալու մեջ: Հավանաբար, մենք դեռ ամբողջությամբ չենք պատկերացնում, թե խորքային փոփոխությունների ինչ ահռելի պոտենցիալ է ենթադրելու փոփոխված Սահմանադրությունը, ինչու չէ՝ նաեւ հնարավոր ռիսկերի պոտենցիալ, եւ որ իշխող կուսակցությունը որքան էլ մեծ հարգանքով վերաբերվի նախագահ Սարգսյանի՝ հավակնության վերաբերյալ հայտարարության հանդեպ, այդուհանդերձ, չի կարող նման գերպատասխանատու որոշումը պայմանավորել մեկ կոնկրետ անձի, տվյալ պարագայում անգամ իր անվիճելի ղեկավարի հավակնությունների գոյության կամ դրանց բացակայության հանգամանքով: Ես այդպես եմ մտածում:

Իսկ ինչ վերաբերում է Սահմանադրական փոփոխությունները իշխանության երկարաձգմանը կամ վերարտադրմանը հանգեցնելու պնդումներին՝ դրանք հեռու են իրականությունից, ինչի լավագույն պատասխանը կտան զարգացումները առաջիկա տարիներին:

– Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է, բայց ստորագրման հաջորդ իսկ օրվանից կասկածներ են հնչում համաձայնագիրը կյանքի կոչելու առումով։ Ընդդիմախոսները պնդում են, որ իշխանությունը չի կտրի ճյուղը, որի վրա նստած է: Խոսքը կոռուպցիայի դեմ պայքարի` ՀՀ իշխանական ճամբարից հնչող խոստումների մասին է, իսկ եվրոպական կողմը էապես շեշտադրում է հենց կոռուպցիայի դեմ պայքարը:

– ԵՄ-ի հետ Հայաստանի ստորագրած պայմանագրի մասին շատ հաճախ մեզանում խոսում, քննարկում ու այս կամ այն կարծիքն են արտահայտում մարդիկ, ովքեր կամ ծանոթ չեն այդ պայմանագրի բովանդակությանը, կամ ծանոթ են մասամբ: Ես չգիտեմ, թե ի՞նչ է նշանակում իրագործել կամ չիրագործել, եւ որոնք են լինելու դրա գնահատման հստակ չափորոշիչները՝ հատկապես ոլորտային համագործակցության բնագավառում, բայց մեկ բան ակնհայտ է. Հայաստանը խորքային բարեփոխումների կարիք ունի, եւ նոր Սահմանադրությունը, ըստ էության, գծագրում է նաեւ այդ փոփոխությունների ճանապարհային քարտեզը, այդ թվում եւ մեր ազգային անվտանգությանն ուղղված այնպիսի ծանր մարտահրավերի հաղթահարման հարցում, ինչպիսին կոռուպցիան է: ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը ուղղված է լինելու մեր զարգացմանը, մեր ներքին կյանքի նորոգմանը, բարեփոխումներին, առանց որոնց արդյունավետ իրագործման՝ Հայաստանը չի կարող հաղթահարել տեսանելի ու ուրվագծվող խնդիրները: Այնպես որ, այդ համաձայնագրով նախատեսված դրույթների լիարժեք իրագործումը բխում է նախեւառաջ հենց մեր երկրի շահերից:

– ՌԴ-ի հետ հարաբերությունների վերանայման կարիք չե՞ք տեսնում: ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից առաջ եւ հետո ռուսական ինֆորմացիոն արշավը Հայաստանի դեմ չի՞ փաստում, որ այդ հարաբերություններում Հայաստանն իր դիրքերն ինքնիշխանությամբ ամրապնդելու խնդիր ունի:

– Ես շատ լավ հասկանում եմ այն մարդկանց, ովքեր իրենց անձնական կամ խմբակային շահերից ելնելով ամեն կերպ փորձում են հակասությունների ու հակադրումների դաշտում տեսնել մեր երկրի հարաբերությունները, դրանց զարգացումը մի կողմից՝ Ռուսաստանի Դաշնության, մյուս կողմից՝ ԵՄ-ի եւ ընդհանրապես Արեւմուտքի հետ: Բայց մեր երկրի պետական շահերը ենթադրում եւ պահանջում են առաջնորդվել արտաքին քաղաքականության այդ երկու տարբեր կշիռ եւ խորություն ունեցող կարեւոր ուղղությունների ոչ թե հակադրման, այլ համադրման ճանապարհով: Ավելին, վստահ եմ, որ Հայաստանի որեւէ իշխանություն հենց նման արտաքին քաղաքականություն էլ վարելու է՝ անկախ նրանից, թե ինչպես են պատկերացնում երկրի արտաքին քաղաքականությունը, երբ իշխանության ղեկին չեն: Ես համոզված եմ, որ արտաքին քաղաքականության հարցում այսօր վերանայումների անհրաժեշտություն չկա: Ռուսաստանի հետ մենք կապված ենք հազարավոր թելերով, այն մեր ռազմաքաղաքական զինակիցն է, եւ պետք է ամեն կերպ լրացնել, նոր բովանդակություն հաղորդել ու խորացնել հարաբերությունները մեր ռազմաքաղաքական դաշնակցի հետ՝ նաեւ ինտեգրացիոն տարբեր գործընթացների համատեքստում:

Իսկ ինչ վերաբերում է ռուսական առանձին լրատվամիջոցների կողմից անցկացված այդ արշավին, ավելորդ է ասել, որ դա անընդունելի էր, գռեհիկ եւ վիրավորական, ինչի պատասխանը մեր կողմից տրվել է, եւ որ լրատվական նման անդրադարձներում շահագրգռված կարող էին լինել մարդիկ ու խմբեր, ովքեր կամ թերտեղեկացված էին, կամ ցանկանում էին միտումնավոր սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում:

– ՌԴ-ի եւ Արեւմուտքի միջեւ խորացող հակասությունները, տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումները, ադրբեջանա-թուրքական նկրտումները ի՞նչ են խոստանում մեզ: Արցախում պատերազմի վերսկսումն այսօր նույնքա՞ն վտանգ է ներկայացնում, որքան մեկ տարի առաջ:

– Մեր երկրի աշխարհագրական դիրքն ու մեզ շրջապատող աշխարհաքաղաքական իրողություններն ու հարեւանությունն այնպիսին են, որ ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսման մեր զինված ուժերը պետք է պատրաստ լինեն ամեն րոպե: Մեր զինված ուժերի հզորացումը այլընտրանք չունի, եւ այն իշխանությունների առաջնահերթությունների օրակարգում հենց առաջին հորիզոնականում է: Զուգահեռ, անշուշտ, միջազգային հանրության հետ համագործակցաբար գործադրվում են էական ջանքեր դիվանագիտական ճակատում՝ բացառելու համար ռազմական գործողությունների վերսկսումը եւ հասնելու խնդրի խաղաղ հանգուցալուծման համար նպաստավոր պայմանների ապահովմանը: Իսկ ինչ վերաբերում է ՌԴ-Արեւմուտք հարաբերություններում առկա խնդիրներին, ապա ես նորագույն պատմությունից չեմ հիշում որեւէ մի պատմական շրջան, կարճատեւ բացառությամբ, երբ այդ հարաբերություններում մեծ կամ փոքր ինտենսիվության լարումներ չլինեն: Ի վերջո, սառը պատերազմի ավարտից եւ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դեռեւս մեծ ժամանակ չի անցել, եւ աշխարհաքաղաքական քարտեզի հետցնցումները շարունակվում են: Անշուշտ մեր շահերից կբխեր, եթե Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունները զերծ լինեին անհաղթահարելի հակասություններից: Բայց, ցավոք, այդ ամենը պայմանավորված չէ մեր կամքով ու ցանկություններով:

 

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

22.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել