Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կասեք` ի՞նչ տարբերություն ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև։ Չնչին` սկզբունքների։ Նրանք ունեն, մենք` ոչ. «Իրատես»

Դեկտեմբեր 22,2017 10:42

Դեկտեմբերի 19-ին նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրեց ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր հայեցակարգը։ Քաղաքականությունը դնենք մի կողմ, նրա երկար ելույթը թարգմանելու գայթակղությանը չտրվելով` խիստ կամայական ու կողմնակալ` ուզում եմ մի քանի հատվածներ միայն առանձնացնել։

Չգիտեմ ինչու` ի սկզբանե կարդացել եմ` ԱՄՆ-ի փոխարեն Հայաստան «տեղադրելով»: ԱՄՆ-ն ու Հայաստանը համեմատելը, մեղմ ասած, անհիմն է, բայց դուք չէի՞ք ցանկանա, որ ձեր նախագահը ձեզ ասեր. «Մենք հավաքվել ենք այստեղ, որ բոլորիս համար կենսականորեն կարևոր հարցեր քննարկենք։ Խոսքը ԱՄՆ-ի (դուք պատկերացրեք` Հայաստանի) անվտանգության, բարեկեցության ու աշխարհում ունեցած դերի մասին է։ Ես ուզում եմ այստեղ ու հիմա ասել` որտե՞ղ էինք մենք, ու՞ր ենք եկել ու, ի վերջո, ու՞ր ենք շարժվելու առաջիկա տարիներին»։ Ընդունեք, որ ինքներդ էլ ուզում եք ունենալ 3 հավերժական հարցերի պատասխանները, որ վերաբերում են բոլորիդ ու յուրաքանչյուրիդ անվտանգությանը, բարեկեցությանն ու կյանքի որակին։ Առավել ևս կարևոր ու հաճելի կլիներ լսել. «Մեր պատմության ամբողջ ընթացքում Ամերիկայի (կարդացեք` հայ) ժողովուրդն անփոփոխ եղել է ու կա ԱՄՆ-ի (այսինքն` Հայաստանի) մեծության իրական աղբյուրը։ Մեր ժողովուրդը զարգացնում է մեր մշակույթը ու պաշտպանում մեր արժեքները»: «Մեր ժողովրդի շնորհիվ Ամերիկան (ինչ-որ ժամանակ` գուցե նաև Հայաստանը) խաղաղության ու արդարության մեծագույն ուժերից մեկն է մարդկության պատմության մեջ: Ամերիկյան ժողովուրդը (ինչպես մենք) շռայլ է ու մեծահոգի, նպատակամղված, վճռական, խիզախ, ուժեղ ու իմաստուն։ Երբ խոսում է ԱՄՆ-ի (պատկերացրեք` Հայաստանի) ժողովուրդը, մենք բոլորս պիտի նրան լսենք»։

Որևէ մեկը ձեզ ասե՞լ է դա։ Հազիվ թե։ Դա նշանակում է հաշվի առնել ժողովրդի (հավաքականության մեջ յուրաքանչյուրիդ) տեսակետը։ Դուք ունե՞ք այդ տեսակետը, պատրա՞ստ եք արտահայտել ու պաշտպանել։ Հազիվ թե, այլապես ձեզ էլ լսելու անհրաժեշտություն կծագեր։

Եվ մի օր դուք էլ կլսեիք. «Մեկ տարի առաջ դուք բարձր ու շատ պարզ արտահայտեցիք ձեր տեսակետը։ 2016-ի նոյեմբերի 8-ին դուք քվեարկեցիք, որ Ամերիկան նորից մեծագույնը դառնա։ Դուք աջակցեցիք նոր ղեկավարությանն ու նոր մարտավարությանը, փառավոր ու նոր հույսերին։ Այդ պատճառով ենք մենք այսօր այստեղ։ Բայց ապագայի հնարավորություններն օգտագործելու համար մենք պետք է հասկանանք անցյալի անհաջողությունների ու ձախողումների պատճառները։ Երկար տարիներ մեր քաղաքացիները (ցավոք` նաև Հայաստանի) հետևել են` ինչպես Վաշինգտոնի (ձեր դեպքում` Երևանի) քաղաքական գործիչները չեն արդարացրել իրենց ակնկալիքները։ Մեր ղեկավարները, որ մոռացել են ում ձայնը պետք է լսեն և ում շահերը պետք է պաշտպանեն, կնքում էին աղետալից առևտրական համաձայնագրեր, որ վիթխարի շահույթներ էին բերում օտարերկրյա պետություններին, բայց ամերիկյան հազարավոր գործարաններ ու ամերիկյան աշխատատեղերը այլ երկրներ էին տեղափոխվում։

Մեր ղեկավարները զբաղված էին պետական շինարարությամբ արտասահմանում` մոռանալով ամրապնդել ու զարգացնել սեփական երկիրը»։ Ասե՞մ, որ Հայաստանի դեպքում դա նշանակել է «աշխատուժի ազատ տեղաշարժ», այսինքն` արտագաղթ, որ ոչ միայն աղետալի ժողովրդագրական վիճակ է ստեղծել, քաղաքականություն, որ կառուցվել է տրանսֆերտների վրա` գործարաններ կառուցելու ու աշխատատեղեր ստեղծելու փոխարեն սեփական երկրում` այլ երկրների շնորհելով շահույթի ու զարգացման հնարավորությունը։ Հավելեք` «Մեր ղեկավարները հեռացել են ամերիկյան սկզբունքներից։ Նրանք կորցրել են ԱՄՆ-ի նշանակությունը ու հավատը ԱՄՆ-ի մեծությանը։ Ի հետևանս` տանուլ են տվել և մեր քաղաքացիները։ Ժողովուրդը կորցրել է հավատը պետության ու կառավարության նկատմամբ, ժամանակի մեջ` նույնիսկ ապագայի»։ Կասեք` ի՞նչ տարբերություն ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև։ Չնչին` սկզբունքների։ Նրանք ունեն, մենք` ոչ։ Նրանք ուզում են իրավիճակ փոխել, մենք սպասում ենք` իրավիճակը փոխվի։ «Պաշտոնակալությունից հետո ես հայտարարեցի, որ ԱՄՆ-ը վերադառնում է շատ պարզ սկզբունքի` մեր պետության գլխավոր ու առաջնահերթ խնդիրը քաղաքացիներին ծառայելն է, նրանցից շատերը մոռացության էին մատնվել։ Մենք նրանց հիշել ենք։ Յուրաքանչյուր նոր որոշումով, յուրաքանչյուր քայլով մենք իրականացնում ենք «նախ և առաջ Ամերիկան» սկզբունքը։ Մենք վերականգնում ենք մեր երկիրը, մեր վստահությունը, աշխարհում մեր դիրքը։ Մենք օպերատիվ լուծում ենք ծագող խնդիրները, դեմ առ դեմ ենք պայքարում մարտահրավերների հետ»։ «Մենք լուծում ենք խնդիրները, որովհետև ընտրություն չունենք»` կցանկանայի՞ք այս սկզբունքով երբևէ ՀՀ նախագահն ասեր. «Ընտրություններից հետո մենք ստեղծել ենք 2 միլիոն նոր աշխատատեղ (ասենք` 2040-ին, երբ Հայաստանն ունենալու է 4 միլիոն բնակիչ)։ Գործազրկության այսքան ցածր մակարդակ 17 տարի չի եղել»։ Չէի՞ք ուզի, որ ձեր նախագահը տեղեկացներ. «Օրերս պատմական որոշում ենք ընդունելու ընտանիքների ու ընկերությունների հարկերի կրճատումների մասին»։ Կցանկանայի՞ք ձեր երկրի մասին իմանալ. «Երկրում մեծանում է լավատեսությունը, վերադառնում են վստահությունն ու հավատը: Օգտագործելով վստահությունը` մենք վերադարձնում ենք մտածողության հստակությունը»:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031