«Փաստ է, որ Արցախյան հակամարտության լուծման գործում ԵԱՀԿ Մինսկի խումբը մեծ կարեւորություն ունի: Հատկապես Ռուսաստանի եւ Ֆրանսիայի՝ որպես մեծ երկրների դերն է կարեւորվում: Հակամարտությունը պետք է խաղաղ լուծում ունենա: Այդ համատեսքտում պետք է սերտորեն գործակցենք Ադրբեջանի հետ, ինչը մեզ թույլ կտա խնդիրը ոչ թե արագ լուծել, այլ դանդաղ, բայց՝ խելամտորեն»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը: Նրա համոզմամբ՝ խնդրի խելամիտ լուծումը ենթադրում է երկուստեք փոխզիջումների ճանապարհ:
Մեր նկատառմանն ի պատասխան, թե Ադրբեջանն իր ռազմատենչ քաղաքականությամբ ցույց է տալիս, որ չի ցանկանում բանակցել փոխզիջումների շուրջ, նա այսպես արձագանքեց. «Պետք է որոշում կայացնել Ադրբեջանի հետ, ոչ թե Ադրբեջանի դեմ: Այդ հարցում Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախահագող երկրներից մեկը, կարող է լավ «մոդերատորի» դեր տանել, որպեսզի հարցը լավագույնս լուծվի: Այսինքն՝ երրորդ երկրի բարի կամքի դրսեւորումը նպաստավոր կլինի՝ ի դեմս երկու կողմից փոխզիջումների»:
Ալբերտ Վայլերի կարծիքով՝ Ռուսաստանը շատ լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ. «Բայց Ռուսաստանը նաեւ Ադրբեջանի հետ է շատ լավ հարաբերությունների մեջ: Որպես մեծ երկիր՝ նա կարող է էական ազդեցություն ունենալ Արցախի խնդրի կարգավորման գործում: Այդ նպատակով պետք է օգտագործել ցանկացած հնարավորություն հակամարտության խաղաղ կարգավորման համար»:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ»
21.12..2017