«Առավոտի» դեկտեմբերի 15-ի՝ «Վաշխառուի խաբեության արդյունքում մարդիկ են մահանում, իսկ նա շարունակում է ազատության մեջ մնալ ու բնակարանների տիրանալ» հրապարակմամբ անդրադարձել էինք դատավճռով վաշխառու ճանաչված Տիգրան Մարտիրոսյանից տուժած 2 քաղաքացիների խնդրին: Այս հրապարակման մեջ մանրամասն ներկայացրել էինք, թե ինչպես քաղաքացիներ Աղասի Վարդանյանն ու Անահիտ Թոխյանը վաշխառու Մարտիրոսյանի ծուղակն էին ընկել եւ զրկվել բնակարաններից: Թեեւ այժմ քրեական գործ է հարուցված Տիգրան Մարտիրոսյանի դեմ մի քանի տասնյակ տուժած քաղաքացիների բողոքով, հիմա դատական գործընթաց է սկսվել, սակայն մեզ դիմած ու դիմող քաղաքացիները վստահ չեն, որ արդարությունը կվերականգնվի, իրենց կվերադարձվեն բնակարանները, իսկ Մարտիրոսյանը կհայտնվի ճաղերի հետեւում: Այս քաղաքացիները թերահավատ են արդարադատության հանդեպ, քանի որ Մարտիրոսյանը 2 անգամ դատարանում վաշխառու է ճանաչվել, սակայն 2 անգամ էլ համաներմամբ ազատվել է: Ու չնայած Վերաքննիչ դատարանը վաշխառուի «զավթած» բնակարանի նկատմամբ Թոխյանի սեփականության իրավունքը վերականգնել է, սակայն վաշխառուն իր սեւ գործը շարունակում է Աբովյանի դատարանի միջոցով, ամեն ինչ անում է Անահիտ Թոխյանից խաբեությամբ ձեռք բերված բնակարանը կրկին իրենով անելու համար:
Այժմ էլ մեր խմբագրություն են դիմել Մարտիրոսյանից տուժած Հայկանուշ Հովակիմյանն ու Անահիտ Կարապետյանը:
Տիկին Հայկանուշը պատմում է, որ երկար ժամանակ է՝ պայքարում է իր բնակարանը Մարտիրոսյանից վերադարձնելու համար, սակայն դատարաններում «սայլը տեղից չի շարժվում»: Իսկ բնակարանը հայտնվել է Մարտիրոսայնի ձեռքում կրկին վաշխառուության եւ խաբեության արդյունքում: Տիգրան Մարտիրոսյանն իր զոհերին տոկոսով գումար է տալիս ամիսը 5% տոկոսադրույքով, ինչը օրենքի խախտում է, ըստ օրենքի՝ ամսական 2% պետք է լինեն նման փոխառությունները:
«Ամուսնուս 30 տարվա ընկերոջը՝ Ռաֆիկ Վարդանյանին, 60 հազար դոլար էր հարկավոր, մեզ խնդրեց, որպեսզի մեր բնակարանը գրավադնենք, եւ Տիգրան Մարտիրոսյանից ինքը այդ գումարը ստանա ու պարտավորվի ամեն ամիս վճարել գումարները: Ռաֆիկն այն ժամանակ ոստիկանությունում էր աշխատում, ու չվստահելու խնդիր չունեինք, ուսադիրներով էր երդվում: Ինքը 1.3 միլիոն դոլարանոց անշարժ գույք ուներ Երվանդ Քոչար փողոցի վրա ու ասում էր, որ դա պիտի վաճառի ու պարտավորագրով 6 ամսում ամբողջ գումարը Տիգրանին պետք է վերադարձներ, մեր բնակարանն էլ «ազատության» մեջ կլիներ: Իսկ իր այդ գույքն արդեն գրավի տակ էր: Երբ գնացինք նոտար, չգիտեմ, ինչպես ստացվեց, ոնց համոզեցին, նոտարում ձեւակերպեցին բնակարանի առուվաճառք: Ընդ որում, Ռաֆիկը չեկավ նոտար, որդին եկավ, որովհետեւ, ըստ էության, օրենքի խախտումով գործարքի էր գնում ոստիկանը: Այդ նոտարի թղթով գնացինք բանկ, 60 հազար դոլարը վերցրին, վաշխառու Տիգրանը 6 հազար դոլարը վերցրեց որպես 2 ամսվա տոկոս ու մնացած գումարը տվեց Վարդանյաններին: Սա 2009 թվականին էր»,- պատմում է տիկին Հայկանուշը:
Մի քանի ամիս Վարդանյանները վճարել են տոկոսները: Հետո այլ քաղաքացիների բողոքների հիման վրա քրեական գործ է հարուցվել, ու քննիչը Հայկանուշին ու ամուսնուն որպես տուժող-վկա է հրավիրել: Տիկին Հայկանուշը պատմում է, որ Ռաֆիկ Վարդանյանը նրա ամուսնուն խնդրել է, որպեսզի քննիչին ճիշտը չպատմի, չասի, որ Տիգրանը տոկոսով գումար է տվել. Հայկանուշի ամուսինը սկզբում ճիշտը չի պատմել քննիչին, ուստի այդ ժամանակ նրանց գործով Տիգրան Մարտիրոսյանին որպես խաբեբա չեն ներգրավել:
Բայց երբ արդեն 2014 թվականին Հայկանուշի ընտանիքը բնակարանից վտարման մասին որոշման ծանուցում է ստացել, որոշեցին դիմել իրավապահ մարմիններին ու ճշմարտությունը ներկայացնել: Բայց մինչ ճշմարտությունը կբացահայտվի, Հայկանուշի ընտանիքը ստիպված էր լքել բնակարանը, նրանք մինչ օրս վարձով են ապրում: Հայկանուշի ընտանիքը նաեւ 5000 դոլար է վճարել Տիգրան Մարտիրոսյանին՝ տոկոսով տված գումարի մնացորդը: «Մեր այն բնակարանի նկուղում հնաոճ ու արժեքավոր գորգեր, հնամյա գրքեր ու այլ իրեր ունեինք: Տիգրան Մարտիրոսյանը գողացել է այդ ամենը: Դիմել ենք ոստիկանություն: Բայց քանի որ մեր բնակարանն արդեն Մարտիրոսյանինն էր ըստ պայմանագրի, եւ Վարդանյանները տոկոսները մի պահ չէին վճարել, Մարտիրոսյանը դիմել էր մեզ վտարելու համար»,- ասում է Հայկանուշը: Հետո Տիգրան Մարտիրոսյանը խաբեությամբ ստացած այս բնակարանը վաճառել է մեկ այլ անձի:
Հիմա Մարտիրոսյանի դեմ հայցով դատական գործընթաց է գնում, պահանջում են նրան վաշխառու ճանաչել: Զուգահեռ տիկին Հայկանուշը դիմել է դատարան, որպեսզի իր բնակարանի առուվաճառքի պայմանագիրն առ ոչինչ ճանաչվի, քանի որ Մարտիրոսյանը նախկինում էլ արդեն վաշխառու է ճանաչվել դատարանով:
«Քննիչը բացահայտել է, որ Տիգրանը 171 հազար գումար է տվել մի անձի ու 101 հազար դոլար միայն տոկոս ստացել: Բացի այս էլ պարզվել է, որ Մարտիրոսյանից տոկոսով վերցրած՝ Վարդանյանները նրան արդեն 47 հազար դոլար վճարել են: Տիգրանից տուժածների երեւի 80%-ի գործարքները նույն կենտրոնի նոտարն է կնքել: Հիմա նիստը անընդհատ ձգձգում են: Մտավախություն ունեմ, որ Տիգրանը կշահի, քանի որ Արաբկիր, Քանաքեռ-Զեյթունի դատարանում Տիգրանը շահում է»,- ասում է Հայկանուշը:
Մարտիրոսյանից տուժած Անահիտ Կարապետյանն էլ մեզ հետ զրույցում ասում է, որ Մարտիրոսյանի հետ հիփոթեքային գրավի պայմանագիր է կնքել օրենքով սահմանվածից բարձր տոկոսով: «Վերցրել եմ 13 հազար դոլար, ահագին վճարել եմ, հետո ծանր վիճակում էի, չէի կարողանում վճարել: Տիգրանն ասաց, որ դատարան չի մտնի բնակարանիս պահանջով, 1 տարի կսպասի, բայց պիտի ամեն ամիս վճարեմ, ամբողջը 23 հազար դոլար էր կազմում: Հետո Տիգրանը զանգեց ու ասաց, թե՝ քրեականից կկանչեն, հանկարծ չասեմ, որ տոկոսով եմ վերցրել գումարը: Քննիչին ճիշտը պատմեցի, Տիգրանի դեմ գործը վաշխառուի հոդվածով էր»,- պատմում է Անահիտը:
Ապա Անահիտը դիմել է դատարան, որպեսզի իր բնակարանի՝ Տիգրան Մարտիրոսյանի մոտ գրավադրման պայմանագիրն առ ոչինչ ճանաչվի, քանի որ հարուցված գործով պարզվել է, որ Անահիտը իր վերցրած գումարից մի բան էլ ավելի է վճարել. «Ես 17 հազար 300 դոլար արդեն վճարել էի իրեն: Նույնիսկ դատարանում իմ ավելի գումարը վերադարձրեց Տիգրանը: Բայց նա ինձ սպառնում էր՝ «դու էլ Սեդայի պես սատկելու ես»: Իսկ Սեդան էլի Տիգրանից խաբված մի կին է, որը այդ ամենի պատճառով սրտի կաթվածից մահացել է: Ինձ սպառնում էր, թե՝ Անահիտ, նենց չանես՝ վատանանք իրար հետ»:
Տիկին Անահիտն էլ թերահավատ է դատավորի նկատմամբ, ասում է՝ անցյալ տարվա մայիսին քաղաքացիական հայցով դիմել է Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարան, սակայն մինչ օրս նիստ չի եղել. «Մի օր դատավորի մայրն է մահանում, մի օր ատամն է ցավում, մի օր՝ կերուխումի գնում: Անգամ ինքնաբացարկի նիստը չարեց: Կասկածելի վարքագիծ է դրսեւորում այս դատավորը»:
Տիգրան Մարտիրոսյանից տուժածները բազմիցս բողոքի ցույցեր են արել, սակայն ապարդյուն, քանի որ դատարանը Մարտիրոսյանի հանդեպ կարծես թե բարյացակամ է տրամադրված, նա հիմա ազատության մեջ է:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
21.12..2017