Լրահոս
Օրվա լրահոսը

Անբուժելի հիվանդությամբ տառապող դատապարտյալի բողոքը բավարարվեց

Դեկտեմբեր 22,2017 15:00

Ռեպորտաժ ՀՀ վճռաբեկ դատարանի «կարմիր դահլիճից»

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատում երեկ նշանակվել էր տասներկու բողոքի քննություն: Բողոքներ էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը, փաստաբանները, երկու դատապարտյալներ: Միայն մեկ գործով դատարանը որոշում կայացրեց բողոքի քննությունը լսել դռնփակ ընթացակարգով, քանի որ խոսք էր գնալու անձնական տվյալների հրապարակման, սեռական ոտնձգության վերաբերյալ:

6 տարվա ազատազրկման դատապարտված, «Դատապարտյալների հիվանդանոցում» բժիշկների հսկողության տակ գտնվող Արմեն Մուրադյանի գործին «Առավոտն» անդրադարձել էր: Ըստ նրա վերաբերյալ գործի նյութերի, նա մեղադրվել է 2015թ. դեկտեմբերի 27-ին իր ծանոթ, Աիդա անունով կնոջ բնակարանում կատարվածի համար: Նա ալկոհոլային խմիչք օգտագործելուց հետո տուժող ճանաչված Աիդայի ննջարանում բռնություն էր գործադրել նրա նկատմամբ, դանակի գործադրման սպառնալիքով պահանջել էր գումար եւ ոսկյա զարդեր, ու երբ Աիդան հրաժարվել էր, Արմենը կպչուն ժապավենով կապել է կնոջ ձեռքերը, ոտքերը, փակել բերանը, տուժողի զգեստապահարանից գտել էր նրա դրամապանակը, որտեղից վերցրել էր 25 000 ՀՀ դրամ, ինչպես նաեւ 10 000 դրամի էժանագին զարդեր:

Պաշտպանը՝ փաստաբան Էմին Բեգլարյանն իր բողոքում, ապա երեկ դատարանում հայտնեց, որ Արմենին վերաքննիչ դատարան չեն բերել, քանի որ ուղեկցողը հայտնել էր, թե «ամբաստանյալը հրաժարվել է ներկայանալ»: Մինչդեռ, հետագայում պարզվել է, որ նրան «Դատապարտյալների հիվանդանոցից» դատարան են տեղափոխել 2 ժամ 50 րոպե հետո, երբ նիստն ավարտվել էր, դատարանն էլ խորհրդակցական սենյակ էր գնացել: Մեղադրանքը պաշտպանած Վիգեն Պետրոսյանն ասաց, թե ամբաստանյալը նշյալ նիստից մեկ նիստ առաջ մասնակցել է դատական նիստին, միջնորդություն կատարել, թե ունի լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու, հետո վատառողջ լինելու ժամանակ նիստը հետաձգվել է: Մինչդեռ նախագահող Սերժիկ Ավետիսյանին այլ հարց էր հետաքրքրում. «Դատարանում պատշաճ տվյալ կա՞ր, թե ինչու ամբաստանյալը չի բերվում, հավաստի՞ տվյալ էր, պատշա՞ծ էր ուղեկցող վաշտի ասածը», ինչին մեղադրողը պատասխանեց. «Այլ տվյալներ իրեն հայտնի չեն»:

Գործը բեկանվեց, բավարարվեց անբուժելի հիվանդությամբ տառապող Ա. Մուրադյանի բողոքը:

Գալուստ Կուչուրյանը բողոքի նախապատրաստման փուլում մահացել է: Նա ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ ՊՈԱԿ-ի արհեստանոցի վարիչն է եղել:

Փականագործ Մանվել Քոչինյանի հետ կատարել էր արհեստանոցի ջրամատակարարումը վերանորոգելու աշխատանքներ, սակայն անզգուշորեն մետաղական խողովակների վրա պարույրներ հանելու ընթացքում միացրել է հաստոցը, ինչի հետեւանքով հաստոցի վրա տեղադրված խողովակը պտտվել եւ հարվածել է տուժող Մանվել Քոչինյանի գլխին, որը ստացած մարմնական վնասվածքներից «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում մահացել է։

Փականագործի կինը քաղհայցվոր էր ճանաչվել, պահանջել էր 800 000 դրամի չափով վնասի հատուցում, սակայն նախորդ դատարանը կասեցրել էր վարույթը, պատճառաբանելով Կուչուրյանի՝ ութսունն անց լինելը, անբուժելի հիվանդությամբ տառապելը, իսկ երեկ էլ դատարանն առանց քննության թողեց բողոքը մահվան հիմքով:
Կողմերի ոչ մի ներկայացուցիչ Վճռաբեկ դատարան չէր ներկայացել:
23-ամյա առաքիչ Դավիթ Վարդանյանը զղջաց Տերյան եւ Պուշկին փողոցների խաչմերուկում կատարածի համար: Նա իր «Նիվայով» հայտնվել է խցանման մեջ: Հաշվի չառնելով խցանման հանգամանքը, նա ճանապարհը զիջելու նպատակով ձայնային տեւական ազդանշան է տվել, առջեւում խցանման մեջ գտնվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Խաչատուր Հովհաննիսյանին: Ապա վիճաբանել են, քաշքշել, նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել միջին ծանրության վնաս: Ի դեպ, պարզվեց, որ տուժողը զինծառայող է եղել: Դավիթն ասաց, թե տուժողի հետ հաշտվել են, տուժողն էլ դիմել էր դատարան, որպեսզի ներեն Դավիթին, որն առաջին կարգի հաշմանդամ հոր խնամակալն է, ունի մեկուկես տարեկան փոքրիկ:

Առաջին ատյանի դատարանը մեկ տարի ազատազրկման էր դատապարտել, որը պայմանականորեն չէր կիրառվելու, բողոք էր բերել գլխավոր դատախազի տեղակալը:
Դատավճռով անմեղ ճանաչված Արամայիս Գյադուկյանը ՀՀ ֆինանսների նախարարության Շիրակի տարածաշրջանային մաքսատան «Բավրա» մաքսային կետի ապրանքատրանսպորտային միջոցների ընթացիկ հսկողության բաժանմունքի մաքսային տեսուչն է եղել: Ըստ երեկ ներկայացվածի, նա 2012թ. նոյեմբերի 19-ին դիտավորյալ խախտել է ավտոտրանսպորտային միջոցների փոխադրման ամփոփագրերի ձեւակերպման կարգը, Հարություն Շահբազյանի կողմից ՀՀ ներմուծվող «Bentley Continental» մակնիշի նույնացման համարով ավտոմեքենայի վերաբերյալ կազմել է կեղծ փոխադրման ամփոփագիր` ավտոտրանսպորտային միջոցի հիմքերի փաստաթղթերին է կցել մեկ այլ ավտոմեքենայի տվյալներով փոխադրման ամփոփագիր` մաքսային էլեկտրոնային համակարգում փաստացի ներմուծվող ավտոմեքենան չարտացոլելու համար:

Մեքենան էլ 32 մլն արժողության էր:

Այս գործով ապաքրեականացվել էր ապրանքների մաքսանենգության հոդվածը, բողոքաբեր կողմն էլ ասաց՝ «Չկա օրենք, չկա հանցագործություն»: Վճռաբեկը բեկանեց եւ այս գործը:
Ի դեպ, վերաքննիչ դատարանի իրավական գնահատականներում կար հետեւյալը. «Անհրաժեշտ է նշել նաեւ, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին եւ երկրորդ ընթերցմամբ 16.05.2016թ. ամբողջությամբ ընդունվել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի 4-րդ հոդվածով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածը:

«Մաքսանենգություն» հոդվածը ապրանքների մաքսանենգության մասով ապաքրեականացվել է եւ, փաստորեն, ներկայումս ապրանքների «մաքսանենգությունը» հանցագործություն չէ»:

Մեկ այլ դատապարտյալի բողոք էլ բավարարեց Վճռաբեկ դատարանը: Վճռաբեկ դատարան միայնակ ներկայացած Գարիկ Ղազարյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման եւ 150 000 դրամ տուգանքի: Հինգ տարի առաջ: Նա պատիժը կրել է, սակայն գումարը չի կարողացել տալ, քանի որ «ոչ թե չարամտորեն խուսափել եմ հանրային աշխատանքներ կատարել, այլ ֆիզիկապես ի վիճակի չեմ եղել»:
Նա սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել, երկրորդ կարգի հաշմանդամ է: Նա խնդրել է իրեն ազատել հանրային աշխատանքներից:

Գործը բեկանվեց եւ ուղարկվեց նոր քննության:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

«Առավոտ»

21.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել