Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանդակագործության մեջ պարզից բարդ բան չկա»

Դեկտեմբեր 22,2017 13:30

Քանդակագործ, ՀՀ նկարիչների միության անդամ
Վանուշ Սաֆարյանը` իր անցած ուղու մասին

Քանդակագործ, ՀՀ նկարիչների միության անդամ Վանուշ Սաֆարյանը թատրոնի սիրահար է եղել, սակայն երբեք չի մտածել դերասան դառնալու մասին: «Արվեստի այդ ճյուղը ձգում էր ինձ: Եվ հենց թատրոնն էր, որ ժամանակի ընթացքում ինձ բացահայտեց՝ որպես ծավալային մտածողության տեր անձնավորություն»,- նշում է Վանուշ Սաֆարյանը:
Վանուշ Սաֆարյանը դեռ փոքրուց սիրել է նկարել, մանկական մաքուր ու անկեղծ մտածողությամբ նկարում էր այն, ինչը բխում էր հոգուց: «Յուրաքանչյուր տարիք տվեց իր հոգու ձայնը: Խոսքը ոչ թե պրոֆեսիոնալ նկարչության մասին է, այլ ներսիցս եկածի: Ինը-տասը տարեկան էի, երբ սկսեցի կավից տուն, թոնիր, տարբեր իրեր պատրաստել»,- պատմում է մեր զրուցակիցը:

Ժամանակի ընթացքում հասկանալով, որ սերը գնալով մեծանում է դեպի քանդակագործությունը, Վանուշ Սաֆարյանը որոշում է պրոֆեսիոնալ զբաղվել սիրելի գործով: Քանդակագործ Սերգեյ Ստեփանյանի աշակերտն է դառնում, այնուհետեւ սովորում է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, ավարտելով այն, ընդունվում է Երեւանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակագործության ֆակուլտետ:

1975 թվականից սկսվում է քանդակագործի բուռն ստեղծագործական շրջանը: 1976 թվականին տեղի ունեցավ Վանուշ Սաֆարյանի առաջին ցուցահանդեսը, որտեղ ընդգրկված էին գրաֆիկական աշխատանքներ, առջեւում էին հանրապետական, միջազգային եւ տարբեր ցուցահանդեսները շատ երկրներում:

Ակտիվ գործունեության ընթացքում Վանուշ Սաֆարյանն աշխատում էր Երեւանում, Արտաշատում, Բուդապեշտում, Արցախում եւ այլուր:

Աշխատանքներն ավարտելուց հետո քանդակագործը, միեւնույն է, միշտ անբավարարվածության զգացում էր ունենում: «Քանդակի վերջնական տարբերակը միշտ չի հագեցրել ինձ, անընդհատ տարել է իր ետեւից: Սրտատրոփ սպասել եմ մինչեւ բացման սավանի իջնելը, որ տեսնեմ մարդկանց արձագանքը: Ամեն դեպքում, մեծ պատասխանատվություն է երկրիդ նախագահի, կամ տվյալ քանդակի հերոսի ընտանիքի անդամների ներկայությամբ ցուցադրել քո աշխատանքը: Երբ Արցախում Թաթուլ Կրպեյանի դիմաքանդակը կանգնեցրինք, ներկա էին Կրպեյանի կինը, դուստրը, եղբայրը եւ իրենց կարծիքն այդ պահին ամենակարեւորն էր ինձ համար»,- նշեց մեր զրուցակիցը:
Քննադատություններին շատ նորմալ է վերաբերվում: Իր կարծիքով՝ պետք է լինեն քննադատություններ, որ դրանց ետեւից շտկումներն էլ գան: Պատասխանատվությունը ծնվում է քննադատությունից:

Մինչ բուն գործին անցնելը, Վանուշ Սաֆարյանը սկսում է մանրակրկիտ ուսումնասիրել իր հերոսին: «Օրինակ, երբ հայոց թագավոր Արտաշեսի քանդակը ստեղծեցի, ի դեպ, արձանն այժմ տեղադրված է Արտաշատ քաղաքի կենտրոնական հրապարակում, ուսումնասիրեցի նրա ապրած ժամանակաշրջանը, գաղափարական մոտեցումները, հագուստները: Այսինքն՝ հարկավոր է լցնել ներսը. այցելել թանգարաններ, խորն ուսումնասիրել պատմությունը: Քանդակագործության մեջ էլ պարզից բարդ բան չկա, հարկավոր է խնդիրը պարզ ձեւով լուծել»,-հայտնեց քանդակագործը:

Իր ստեղծագործություններից նա առանձնացնում է «Արհավիրք» բրոնզաձույլ կոմպոզիցիոն աշխատանքը, որը ստեղծել է Գյումրու երկրաշարժից հետո: Բնութագրում է հայ կնոջ ուժեղ կերպարը, պատկերում այն, որ ինչ արհավիրք էլ լինի, հայ կինը անկոտրում է: Հայ կինը պայքարում է արհավիրքի դեմ, ինչն այս քանդակում սեւ անգղն է:
Իր սիրելի գործերից է նաեւ «Վանեցի պապս» քանդակը: Հպարտությամբ նշում է, որ վանեցու զավակ է՝ հայրն ու մայրը վանեցի են եղել: Ճիշտ է, պապին երբեք չի տեսել, բայց իր մտքում ստեղծել է վանեցի պապու ուժեղ կերպարը, ոգեշնչվել պապի մասին հորից լսած պատմություններով: Արդյունքում՝ երկու օրվա ընթացքում ստեղծվեց զգացմունքային «Վանեցի պապս» քանդակը:

Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնում են գտնվում Վանուշ Սաֆարյանի ստեղծած վեց դերասանների դիմաքանդակները: «Բոլորի խաղը տեսել եմ, տարվել, ներշնչվել իրենց խաղով, այսպես են ստեղծվել տաղանդավոր դերասանների՝ Վրույր Փանոյանի, Սեթ Հովսեփյանի եւ այլոց դիմաքանդակները»,- նշեց Վանուշ Սաֆարյանը: Նույն ներշնչանքով ստեղծվել է թատերագետ, պրոֆեսոր Ռուբեն Զարյանի բրոնզաձույլ դիմաքանդակը, որը դրված է Երեւանում՝ Բայրոնի փողոցում:

 

ՄԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ

«Առավոտ»

21.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել