Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ն գնահատում է այն, ինչ Հայաստանն արել է, բայց եւ սպասում է

Դեկտեմբեր 22,2017 12:00

Սկիզբը՝ այստեղ

«Երեւանից է կախված, թե ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի
հարաբերությունները որքան արագ ու ինտենսիվ կզարգանան»

Այն, որ ՀԱՊԿ-ին անդամակցող Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները 25 տարիների ընթացքում կառուցել է եւ դեռ զարգացնելու հնարավորություններ են նկատելի՝ ինքնին դրական փաստ է:

Այսօր Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո, երբ էականորեն մեծացել է Հայաստանի տարածաշրջանային նշանակությունը, մեր պետությունն ավելի մեծ հնարավորություններ է ստացել ազդեցության ամրապնդման հարցում համոզիչ քայլերի դիմելու: Խոսքը վերաբերում է ոչ միայն Հայաստանում քաղաքական, տնտեսական իրական բարեփոխումների իրագործման անհրաժեշտությանը, այլեւ անվտանգային առումով՝ Հայաստանի եւ Արցախի ամրացմանը:

Պաշտոնական Երեւանն արդեն իսկ արձանագրում է, որ ՆԱՏՕ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության արդյունքներն առաջիկայում տեսանելի կլինեն, եւ այդ համագործակցությունը չի սահմանափակվելու միայն զենք-զինամթերք գնելով, այլ իր մեջ ներառելու է տարբեր բաղկացուցիչներ։ Առաջիկա ամիսները, տարիները Հայաստանի համար իսկապես վճռորոշ են դառնալու, եւ նախաձեռնողական ու վստահ քաղաքականություն վարելու դեպքում թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը կարող են շահած դուրս գալ: Դրա նախադրյալները կան, անհրաժեշտ է օգտվել այդ հնարավորություններից:

«ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շրջանակներում Հայաստան ժամանեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերը, որը Երեւանում արձանագրեց, որ Հայաստան-ՆԱՏՕ գործակցության 25 տարիները «շատ դրական էին»: Դեկտեմբերի 18-ին Ռոուզ Գոթեմյոլերին ընդունեց Սերժ Սարգսյանը, որը գոհունակությամբ արձանագրեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցությունը զարգանում է բնականոն: «Ռոուզ Գոթեմյոլերը շնորհակալություն է հայտնել Հայաստանին այն վճռական ու հետեւողական աջակցության համար, որ իրականացնում է միջազգային խաղաղապահ գործողություններին ակտիվ մասնակցությամբ՝ իր կարեւոր ներդրումն ունենալով միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման գործում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը գոհունակությամբ է խոսել Հայաստանի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման մասին՝ նշելով, որ հաջողությամբ իրականացվել է չորս ծրագիր, եւ արդեն հաստատվել է Հայաստան-ՆԱՏՕ 2017-2019թթ. հինգերորդ ծրագիրը»,- ասվում էր նախագահականի տարածած մամլո հաղորդագրությունում:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպմանը, ՊՆ-ի փոխանցմամբ, Ռոուզ Գոթեմյոլերը բարձր է գնահատել ՀՀ խաղաղապահ ստորաբաժանումների մասնակցությունը Աֆղանստանում եւ Կոսովոյում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին, կարեւորել է նոր կարողությունների զարգացման, փոխգործունակության բարելավման համատեղ ջանքերը, համագործակցությունը ռազմական կրթության եւ այլ ուղղություններով։ «Կողմերը կարծիքներ են փոխանակել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի, Պլանավորման եւ վերանայման գործընթացի շրջանակներում պաշտպանական բարեփոխումների աջակցության, բարեվարքության ամրապնդման համաձայնեցված նպատակների գործնական իրականացումն ապահովելու շուրջ»,- նշվում էր ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում։

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերի համատեղ ճեպազրույցում ՀՀ արտգործնախարարը, մասնավորապես, նշեց. «Գոհունակությամբ արձանագրեցինք, որ հաջողությամբ իրականացվում է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների թվով 5-րդ ծրագիրը: Ընդգծեցինք Հայաստանում ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամի գործունեության պրակտիկ իրականացման կարեւորությունը: Հայաստանը շարունակում է իր կարեւոր ներդրումն ունենալ միջազգային խաղաղության ու կայունության հաստատման ՄԱԿ-ի եւ ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող հավաքական ջանքերում՝ անվտանգության սպառողից վերածվելով անվտանգության մատակարարողի: Մեր երկիրն ինքը, ունենալով անվտանգային լուրջ մարտահրավերներ, իր նպաստն է բերում աշխարհի այլ կետերում անվտանգության ու կայունության պահպանման եւ ամրապնդման գործին»: Պաշտոնական Երեւանը կարեւորում էր նաեւ ՆԱՏՕ-ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու մոտեցումներին։

Երեւանյան այցի եւ ՀՀ իշխանությունների հետ բանակցությունների ավարտին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հայտարարեց, որ Երեւանի որոշումից է կախված, թե ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները որքան արագ ու ինտենսիվ կզարգանան: «Ազատությանը» տված հարցազրույցում Ռոուզ Գոթեմյոլերը ընդգծել է, որ չի նկատել, թե Ռուսաստանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ, որպեսզի Երեւանը հետ կանգնի Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերությունները զարգացնելուցգ «Կարծում եմ՝ համագործակցության լավ, համապատասխան մակարդակ ունենք: Մեր համագործակցությունն արտացոլում է այն, ինչով Երեւանը շահագրգռված է ու կյանքի է կոչում: Ներկայում Հայաստանը շատ լուրջ նպատակներ ունի՝ բարեփոխել ողջ կառավարությունը: Հայաստանը շարժվում է դեպի խորհրդարանական համակարգ, որի պարագայում խորհրդարանը վերահսկելու է, օրինակ, զինված ուժերը: Կան որոշակի բնագավառներ, ուր ՆԱՏՕ-ն կարող է փորձագիտական օժանդակություն ցուցաբերել Հայաստանին, եւ մենք մեր հարաբերությունները դիտարկում ենք որպես լավ հարաբերություններ, որովհետեւ մենք կարող ենք միասին աշխատել այն առաջնահերթությունների ուղղությամբ, որոնք սահմանել է Երեւանը: Սակայն ցանկանում եմ ընդգծել՝ ամբողջովին Երեւանի որոշումից են կախված ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացման արագությունը, ինտենսիվությունը»:

Գոթեմյոլերն ընդգծել էր, որ տպավորված է նրանով, ինչ նախորդ տարիներին արել է Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության առումով՝ հաշվի առնելով այն, որ Երեւանը պարտավորվել է լրացուցիչ զորքեր ուղարկել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը, ինչպես նաեւ Կոսովո՝ KFOR-ին, եւ որ հայաստանյան այս ուժերը ավելի շատ են, քան ՀԱՊԿ անդամ որեւէ այլ երկրի: «Կարեւոր է գնահատել եւ ընդգծել այն, ինչ Հայաստանն արդեն իսկ արել է»,- նկատել էր նա:
Անդրադառնալով Արցախյան խնդրին՝ նույն հարցազրույցում Գոթեմյոլերը ներկայացրել էր Հյուսիսատլանտյան դաշինքի դիրքորոշումը, այն է՝ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՆԱՏՕ-ի դիրքորոշումն է, որ հակամարտությունը պետք է դիվանագիտական ճանապարհով խաղաղ լուծում ստանա: ՆԱՏՕ-ն կարծում է, որ շատ կարեւոր է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները սերտորեն աշխատեն միասին:

Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստում էի, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Ֆրանսիայի ներկայացուցիչը հանդիպեցին ու շատ լավ հայտարարություն ընդունեցին: Հանդիպեցին նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները: Հոկտեմբերին հանդիպել էին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները: Հույս ունենք, որ այս ամենը նոր հնարավորություն է ստեղծում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: ՆԱՏՕ-ն ուղղակի դերակատարություն չունի նման դիվանագիտության մեջ, մենք աջակցում ենք (հակամարտության կարգավորմանը միտված) դիվանագիտական ջանքերին: Այս առումով մեր դիրքորոշումը խիստ հաստատուն է, եւ հստակ է, որ մենք չենք ցանկանում տեսնել ռազմական գործողությունների վերսկսում, դա լավ չէ ոչ մեկի համար»:

Սկիզբը՝ այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 21.12.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031