Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՐԱՇԱՐԺ

Դեկտեմբեր 22,2017 10:30
Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ հարյուր տասնվեցերորդ

ԵՐԿՐԱՇԱՐԺ

Մենք Դարբինյան Էդոյի ժիգուլիով երկրաշարժի օրվա երեկոյան վեցին արդեն Գյումրիում էինք, ու մենք իրիկվա վեցի կողմերն անարգել Գյումրի մտանք, որովհետեւ Ֆրունզիկի «Վոլգայի» պոչից կպած էինք գնում, եւ չնայած ոստիկանությունը Գյումրի տանող ճանապարհները խստորեն էր վերահսկում, Ֆրունզիկի ավտոյի դեմ որեւէ արգելք չկար, ու մենք էլ Ֆրունզիկի ավտոյի պոչից կպած էինք դեպի Գյումրի շարժվում, եւ հիմա հիշեցի, որ մեր ավտոմեքենայի վարորդի հանդեպ էլ էին ոստիկաններն առանձնակի հարգանք հանդես բերում, որովհետեւ էդ պահի դրությամբ Դարբինյան Էդոն արդեն բավական ճանաչված երգիչ էր, բայց հիմա երկրաշարժի էդ ահավոր օրվան չեմ ուզում անդրադառնալ՝ ոչ միայն էն պատճառով, որ հնարավորության դեպքում առավել մանրամասն եմ երկրաշարժի էդ ահավոր օրվան ու էդ ահավոր օրվա Ֆրունզիկին անդրադառնալու, եւ չանդրադառնալ չեմ կարող, որովհետեւ աչքերովս եմ տեսել՝ ինչպես էր ավերված քաղաքի ողբացյալ ժողովուրդն իր աննախադեպ ու ահռելի ցավը թողած՝ Ֆրունզիկի գոյությունն ու ներկայությունն ագահաբար ըմբոշխնում ու վայելում, եւ ողբացյալները մեկումեջ նաեւ մեզ ընկերակցող Դարբինյան Էդիկին էին մատնացույց անում, եւ որոշներն էլ՝ Թուխիկյան Լեւոնին, ու էդ պահերին արդեն պարզ էր, որ Գյումրվա ժողովուրդը շարունակում է ապրել, եւ փլատակների տակ մնացած որոշ բախտավորներ էլ էին շարունակում ապրել, եւ նրանց ձայները հասնում էին մեզ, եւ փլատակների տակ մնացածներից մեկը փլատակների տակից նույնիսկ կատակներ էր անում դրսինների հետ, բայց դրսինների ուշքն ու միտքը Ֆրունզիկն էր, որոշ չափով էլ՝ Թուխիկյան Լեւոնն ու Դարբինյան Էդիկը, եւ չնայած դրսիններն ու ներսիններից ոմանք շարունակում էին ապրել, եւ չնայած մայրաքաղաքից ժամանածներս էլ էինք շարունակում ապրել, այդուհանդերձ, դա մեր իմացած կյանքը չէր, եւ չնայած մեր իմացած կյանքը չէր, այդուհանդերձ, մեր իմացած ու մեր ունեցած միակ կյանքը շարունակվելով՝ եկավ ու հասավ մեր էս բարդ ու անկանխատեսելի ժամանակներ, եւ, ինչպես միշտ, հիմա էլ տխրությունն ու ուրախությունը փոխնիփոխ հաջորդում են իրար, ու ես, որ նախընտրում եմ հիմնականում մեր էս համընդհանուր կյանքի ուրախ դրվագները հիշել ու հիշեցնել, երբեմն ստիպված եմ լինում էս կյանքի դժվարին եւ նույնիսկ ողբերգական պահերին էլ անդրադառնալ, եւ հիմա երկրաշարժի էդ ողբերգական իրիկվան անդրադառնալով՝ հակված եմ վերադառնալ առավել ուրախ ու անհոգ ժամանակներ, ավելի ստույգ՝ անցյալ դարի վաթսունմեկ թվական, իսկ ավելի կոնկրետ՝ անցյալ դարի վաթսունմեկ թվականի հունիսի մեկ, երբ Ֆրունզիկը մեզ հրավիրեց ներկայացման, ու մենք էդ իրիկուն եւս մի անգամ վայելեցինք «Սրտի արատն» ու Ֆրունզիկի անզուգական խաղը, եւ չնայած խոստացա, որ վերադառնում եմ ուրախ ու անհոգ ժամանակներ, չեմ կարող շրջանցել մեծն Հրաչյա Ներսիսյանի մահն ու թաղումը, որն իմ տեսած հուղարկավորություններից ամենամեծն էր, եւ հայրս, Վոլոդյան, Ֆելոն ու ես ժողովրդի հետ ոտքով գնացինք Կոմիտասի պանթեոն, ու մեկ էլ էն եմ հիշում, որ կրկեսի մոտ Ֆրունզիկը մոտեցավ մեզ ու մեկ առ մեկ ձեռքով բարեւեց, ու էդ օրն, ինչպես արդեն ասացի, առաջին անգամ Ֆրունզիկի աչքերին արտասուք տեսա:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031