Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տարեվերջյան հաշվետու մամուլի ասուլիսի ժամանակ Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց,թե պարզաբանե՞լ է՝ ինչո՞ւ սփյուռքահայ գործարարներ Վարդան Սրմաքեշն ու Քրիստիան Գելիջին, որոնք խոստացել էին դեռ անցած տարի 400 աշխատատեղ ստեղծել Գյումրիում, մինչև օրս շահագործման չեն հանձնել «Սաստեքս» կարի գործարանը, մի բան էլ հսկայական պարտք-տալիք ունեն շինարարության վրա աշխատող բանվորներին և շինանյութերի խանութների տերերին։
Սամվել Բալասանյանն ասաց․ «Պարտադիր, պարզաբանում պահանջել եմ։ Ես անձամբ խոսել եմ Սրմաքեշի հետ (խոսքը Շվեյցարիայում բնակվող գործարարի մասին է, որին և Գյումրիում աշխատատեղեր ստեղծելու նպատակով որպես նվիրատվություն տրամադրվեց երկաթգծի թաղամասում գտնվող սև հիվանդանոցի շենքը՝ հարակից տարածքներով Ա․Ն․), խոսել եմ նաև իրենց պատասխանատուի հետ։ Իրենք ասել են՝ այո, ինչ-որ գումարներ իրենց չեն փոխանցել, որպեսզի Քրիստիանը փոխանցեր խանութներին։ Իրենք էդ հարցն արդեն պարզաբանել են, գումարը փոխանցել են։ Իրենք նաև խնդիր ունեցան մեքենաների ներկրման հետ կապված, չգիտեմ ինչ պրոբլեմ էր, մաքսայինի հետ էր կապված։
Անձամբ Սրմաքեշի հետ ես եմ խոսել, ինքն ասաց, որ ապրիլ ամսին լինելու է այստեղ ու տեսնենք։ Ավելի շատ հետաքրքրված եմ «Սաստեքսի» հետ կապված, որպեսզի բացեն, որովհետև իրոք շատ լավ են սարքել, շատ գեղեցիկ է ամեն ինչ, բայց հիմա իրենք պետք է շարունակեն, այդ շարունակությունը գումարի պակասի պատճառով․․․ Ինչ-որ տեղ իրար հետ համագործակցության խնդիրներ ունեն ֆինանսի հետ կապված, որը պարզաբանել են իրենք։ Իրենք առաջարկում են այնտեղ բնակարաններ կառուցել և այլ, և այլն, սոցիալական բնակարանների մասին է խոսքը։ Այնպես որ հետաքրքրված եմ, ես էլ եմ անհանգստացած, միայն ուսումնական կենտրոնում աշխատելու էր 400 մարդ։ Այսինքն` սա սկիզբն է, դրանից հետո իրենք խոստացել են հազարավոր աշխատատեղեր, Մարալիկի մանվածքային ֆաբրիկան էլ են վերցրել, և իրենք թել են ուզում արտադրել, իրենք անելու են իրենց ծրագիրը, մի քիչ ուշանում է, բայց թե մեզ համար էլ այդ ուշացումը շատ վատ է»։
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ պարոն քաղաքապետ, չե՞ք վախենում, որ կրկնվի 2014 թվականին Սլաբոդկա թաղամասում «Արյա Տեքս» անվանումով կարի ֆաբրիկա բացած հոլանդաբնակ թուրքահայ Մասիս Ներսիսյանի պատմությունը, որը մի գիշերվա մեջ ամբողջ արտադրանքը հավաքեց ու հեռացավ Գյումրիից՝ խաբելով աշխատողներին,աշխատավարձը չտալով։ «Մասիսի մասին եք խոսում չէ՞, Մասիսը էդպես մեծ ծրագիր չէր անում, փոքր արտադրամաս էր, այս մեկը շատ լուրջ բան է։ Բայց, իմիջիայլոց ասեմ, որ Մասիսը հենց Քրիստիանի ախպերն է (քաղաքապետը ծիծաղում է Ա․Ն), բայց ինքը եկավ, սաղ հարցերը կարգավորեց, այնպես որ չկարգավորեց»։
Մենք ճշտեցինք, որ Քրիստիան Գելիջիին ունեցած պարտքերից որոշակի գումար փոխանցել է որոշ շինանյութերի խանութների տերերերին ու բանվորներին։ Իսկ օրինակ՝ «Մ․Մետալ» ՍՊԸ տնօրեն Մկրտիչ Հովհաննիսյանին, որին պարտք են 11 միլիոն դրամ, մինչև օրս գումարը չեն տվել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ