2017թ. օգոստոսի 5-ին Իջեւանում 31-ամյա Աշոտ Ջուլհակյանը դանակի հարվածներ է հասցրել 29-ամյա եղբորը՝ Ազատ Ջուլհակյանին: Ազատ Ջուլհակյանը, նրա եղբայր, Իջեւանի կոմունալ հիմնարկության աշխատող Աշոտ Ջուլհակյանը եւ նրանց եւս 2 եղբայրները, որպես հոգեկան հիվանդ, հաշվառված են:
Աշոտը, Ազատը եւ Ազատի կինը գրել-կարդալ չգիտեն, նրանք քննիչին ցուցմունք են տվել ընթերակաների ներկայությամբ: Եղբայրների վիճաբանությունը եւ դրան հետեւած դանակահարությունը տեղի է ունեցել Իջեւանի տարածաշրջանի գյուղերից մեկի բնակիչ աղջկա պատճառով, որի նկատմամբ եղբայրներն անտարբեր չեն եղել:
Ազատն իր կնոջ եւ 3 երեխաների հետ բնակվել է վագոն-տնակում, սակայն դանակահարության դեպքից մի շաբաթ առաջ տնակից հեռացել է եւ գիշերել մոտակա անգարում: Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունից տեղեկացանք, որ դանակահարություն հետեւանքով Ազատ Ջուլհակյանը ստացել է առողջությունը չքայքայող վնաս: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ` Ազատ եւ Աշոտ Ջուլհակյանները մտավոր հետամնաց են, սակայն նրանք մեղսունակ են ճանաչվել:
Ազատի հաշմանդամ հայրը, ծանոթները նրան համոզել են եղբոր դեմ ոստիկանություն հղած բողոքը ետ վերցնել, սակայն նա անդրդվելի էր, չէր համոզվում: Ի վերջո, եղբայրները հաշտվել են եւ հարուցված քրեական գործը, մասնավոր գանգատի ընթացակարգով, կարճվել է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ