2018 թվականի հունվարի 1-ից ՀՀ քննչական կոմիտեում կներդրվի «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագիրը։ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հանձնարարական է ստորագրել` ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործերով միասնական և առցանց հաշվառում իրականացնելու համար դատավարական փաստաթղթերը 2018 թվականի հունվարի 1-ից «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրով կազմելու մասին։
Հանձնարարականի համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների քննիչները 2018թ. հունվարի 1-ից հետո հարուցված քրեական գործերով քրեական գործ հարուցելու, վարույթ ընդունելու, որպես մեղադրյալ ներգրավելու, քրեական գործով վարույթը կասեցնելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումները և մեղադրական եզրակացությունները կազմելու են «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրով:
Դատավարական փաստաթղթերի առցանց հաշվառումը կիրականացվի ՀՀ ՔԿ դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչության կողմից։
«Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի մշակման աշխատանքներն սկսվել են ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ՝ դեռևս 2015 թվականին, որը կատարվել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի կողմից։
2016թ. ՀՀ քննչական կոմիտեի նախագահի` 30.08.2016թ. թիվ 44-Լ հրամանով՝ փորձարարական ծրագիրը ներդրվել է ՀՀ քննչական կոմիտեի մի քանի ստորաբաժանումներում, որի ընթացքում վեր են հանվել թերությունները, ամփոփվել և կատարվել համապատասխան ծրագրային լրամշակումներ։
2018թ. հունվարի 1-ից «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի կիրառումը պարտադիր կլինի ՀՀ ՔԿ տարածքային բոլոր ստորաբաժանումների համար:
ՀՀ քննչական կոմիտե