Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը տարեվերջյան մամուլի ասուլիս էր հրավիրել՝ խոսելով ձեռքբերումներից, փողոցաշինությունից ու նաև խնդիրներից։ Մի քանի անգամ խոսք եղավ տուրիզմի զարգացումից, Սամվել Բալասանյանը հայտնեց, թե դեպի կայարան տանող Տիգրան Մեծ փողոցը ուզում են դարձնել մի «հրաշք փողոց», լուսավորելու են,շենքերը ներկելու են, տրամադրություն են ստեղծելու, քանի որ մտադրված են գործարկել Երևան-Գյումրի արագընթաց գնացքը։
«Այսինքն` առանց կանգնելու գնացքը գա, հասնի, դա ընդամենը տևելու է 2 ժամ, իսկ եթե ներքին տուրիզմ ենք ուզում զարգացնել, բնականաբար, արագընթաց գնացք ունենալը կլինի շատ կարևոր»,- ասաց քաղաքապետը։
Aravot.am-ը Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են ստույգ այն տեղեկությունները, թե «Սիբիր Ավիա» ընկերությունը ևս մտադրված է չվերթներ սկսել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից։
Սամվել Բալասանյանն ասաց․ «Շատ կարևոր իրադարձություն է, որ մենք մոտ 100 հազար ուղևորներ կարողացանք «Շիրակ» օդանավակայանով տեղափոխել։ Ասեմ, որ 2018 թվականին անպայման և՛ թռիչքուղիները կշատանան, և՛ դրանց աշխարհագրությունը կմեծանա։ Չեմ ուզում այլ ինֆորմացիաներ բացել, եթե չլինի, պիտի ասեն՝ քաղաքապետն էսպիսի բան ասեց, բայց որ ինձ հավաստիացնում են՝ տարբեր տեղերից լինելու են թռիչքուղիներ և նաև ավելանալու է մեր ուղևորների թվաքանակը, սա միանշանակ։ Հիմա մեր խնդիրն ինչ է, որպեսզի այդ օդանավակայանում այնպիսի մթնոլորտ ստեղծենք, մարդը երբ որ գալիս է տուրիստ, կարողանա մի երկու օր մեր քաղաքում մնա, ունենաք համապատասխան ծառայություններ»։
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե «Տարոն Ավիա» ընկերությունը շարժ ստեղծե՞ց «Շիրակ» օդանավակայանում, որին Սամվել Բալասանյանը պատասխանեց․«Տարոն Ավիա» ընկերության գլխավոր տնօրենի՝ Գառնիկի հետ առավոտ եմ խոսել, ինքն այստեղ չէ, ասաց՝ մինչև հունվարի 1-ն առայժմ գործելու է «Տարոն Ավիան», դրանից հետո ինքը իր ճակատագիրը չգիտեր, որ ինձ ասեր»։
Լրագրողները Սամվել Բալասանյանից փորձեցին հստակեցնել՝ ի՞նչ է նշանակում ճակատագիրն անհայտ է, «Տարոն Ավիան» հո չի՞ փոշմանել, մտադրված է դադարեցնե՞լ իր գործունեությունը «Շիրակ» օդանավակայանում։ Սամվել Բալասանյանը մեկ անգամ ևս փոխանցեց «Տարոն Ավիա» ընկերության գլխավոր տնօրենի հետ ունեցած հեռախոսազրույցը․«Գառնիկն ասեց, որ մինչև հունվարի 1-ը պայմանագրով դեռ շարունակելու է, դրանից հետո, ասեց նոր պայմանագիր է կնքելու»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ