Առաջնորդության դպրոցի ուսանողները ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերի մասին իմացել են լրատվամիջոցներից։ Ուսանողներին առավելապես հետաքրքրել են նախարարի աշխատասենյակում փակցված ժամանակացույցները, որոնք արտացոլում են ոլորտում իրականացվող գերակա ծրագրերի ընթացքը։ Նրանք ցանկություն էին հայտնել ծանոթանալու կառավարման ժամանակակից մոտեցումներին։
Լևոն Ալթունյանի հետ հանդիպման ժամանակ երիտասարդները հետաքրքրվում էին, թե ինչպես է անցնում նախարարի աշխատանքային օրը, ո՞րն է հաջողության գրավականը։
«Ձեր նպատակները պետք է հստակ լինեն, ցանկությունները՝ ձևավորված, որպեսզի դրանք նախագծեր դառնան»,ասել է նախարարը՝ հավելելով, որ առանց լավ թիմի ցանկացած մենեջեր արդյունքների չի կարող հասնել։
«Ինչ էլ նախագծվի, որքան էլ գեղեցիկ գրաֆիկներ կախված լինեն այս պատերին, եթե չլինեն կարգապահ և ղեկավարին հասկացող կատարողներ՝ ոչինչ չի ստացվի»,նշել է նախարարը՝ ում կարծիքով խիստ կարևոր է նաև աշխատակիցներին մոտիվացնելը։ Իսկ դրա համար անհրաժեշտ չեն մեծ միջոցներ։ Ըստ Լևոն Ալթունյանի` երիտասարդները երբեմն նախընտրում են ցածր աշխատավարձով, սակայն լուրջ հեռանկարներ ունեցող աշխատանքը։
Նախարարն աշխատաժամանակի մի մասը հատկացնում է աշխատակիցների հետ հանդիպումներին, նրանց հետ զրուցելուն, բանակցելուն և մոտիվացնելուն։ «Շատ կարևորում եմ նրանց իմ տեսլականը հասցնելը։ Դրանք ինձ համար օրվա ամենաարդյունավետ ժամերն են»,ասել է նա` նշելով, որ աշխատաժամանակի մի զգալի մասը հատկացվում է պաշտոնական հանդիպումներին և քննարկումներին։
Ինչպե՞ս է սկսվում աշխատանքային օրը։ Օրերն այս աշխատասենյակում սկսվում են ծրագրերի կատարման վերահսկումով։
«Բոլոր նախագծերի կատարման ընթացքը վերլուծվում է յուրաքանչյուր շաբաթ»,ներկայացնելով աշխատասենյակի երկար պատը ծածկող ժամանակացույցները` ասել է Լևոն Ալթունյանը։
Բազմաթիվ գրաֆիկներն արտացոլում են նպատակները, դրանք իրականություն դարձնող քայլերը և, վերջապես, ակնկալվող արդյոինքները։
Նախարարության գործառույթներին ավելացել են մի շարք նախագծեր, որոնց մի մասը տարիներ առաջ մեկնարկել էին, սակայն չէին ավարտվել։ Դրանց թվում են էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը, կլինիկական ուղեցույցների ու պացիենտի վարման գործելակարգերը, ապահովագրական համակարգի ներդրումը և այն։
«Մենք մեր նախագծերը վերածեցինք թափանցիկ գործողությունների և հետևողականորեն առաջ ենք տանում»,ասել է նախարարը՝ վկայակոչելով արդյունքները։ Դրանք են էլեկտրոնային առողջապահական համակարգի քայլ առ քայլ ավելացող նոր հնարավորությունները, արդեն մշակված 300 կլինիկական ուղեցույցներն ու գործելակարգերը, ֆինանսական միջոցների արդյունավետ ծախսմանն ու բժշկական ծառայությունների որակի բարելավմանը միտված ծրագրերը։
Հանդիպման ժամանակ Լևոն Ալթունյանը չի թաքցրել, որ բարեփոխումները կյանքի կոչելուն, ցանկալի արդյունքներն ապահովելուն մեծապես նպաստում է բիզնեսում ունեցած իր փորձը։ Նա երիտասարդներին հորդորել է նախ փորձառություն ձեռք բերել մասնավոր բիզնեսում, թեկուզ՝ ոչ սեփական։
Առաջնորդության դպրոցի հիմնադիր ղեկավար Սամվել Մովսիսյանը բոլորի անունից շնորհակալություն է հայտնել նախարարին իրենց բազմաթիվ հարցերին ուսանելի պատասխաններ տալու համար։
ՀՀ առողջապահության նախարարություն