Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննչական մարմինները 7 տարի է՝ որդուս սպանության հանցագործության գործիքը չեն գտնում» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 21,2017 16:30

Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էր անում բանակում խաղաղ պայմաններում մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը: Նա պնդում է՝ բանակում որդուն սպանել են Հայկազ Բաղմանյանի  թիկնապահները, եւ սա է պատճառը, որ երկար տարիներ որդու սպանության գործը չի բացահայտվում:

Գոհար Սարգսյանը մոտ 10 տարի է՝ պայքարում է, որպեսզի որդու մահվան իրական պատճառը բացահայտվի:

Սարգսյանի պատմելով՝ որդին՝ Տիգրան Օհանջանյանն, ըստ հարուցված գործի նյութերով, Վարդենիսի Կարճաղբյուր համայնքի զորամասում 2007 թվականի օգոստոսի 30-ին էլեկտրահարվել է:

Aravot.am-ի հետ զրույցում, Սարգսյանը պատմեց, որ երբ Աղվան Հովսեփյանը գլխավոր դատախազ էր, բազմաթիվ անգամ եղել է Հովսեփյանի մոտ, եւ ասել՝ «Դուք ապացուցեք, որ իմ երեխան էլեկտրահարվել է, ես էլ բողոք չունեմ: Այդ ցավը ավելի տանելի է, քան իմանաս, որ քո տղային սպանել են՝ ի՞նչի համար, չգիտես»:

Գոհար Սարգսյանը պատմեց, որ նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ Գոհարը գնացել է Կարճաղբյուրի զորամաս՝ փորձարարություն անելու. «Կոստանյանին ասել եմ՝ եթե ապացուցեք, որ որդիս էլեկտրահարվել է այդ դեպքի վայրում, ոչ մի բողոք չեմ ներկայացնի: Նա ասաց՝ կասկած չկա, որ դեպքի վայրը փոխված է»:

Սարգսյանի պատմելով՝ դրանից հետո հայտարարեցին, որ կորել է հանցագործության գործիքը. «Այսինքն՝ ի՞նչ է նշանակում, այն ռադիոռելային կայանը, որ իբր այդտեղից հոսանք է գնացել ու իմ էրեխու մահվան պատճառ է դարձել, այդ կայանը կորել է, չեն գտնում: Ո՞նց է հնարավոր: 2010 թվականին դատարանի կողմից արվել է էլեկտրատեխնիկական, դատաբժշկական փորձաքննություն, եւ դատարանը հիմնվելով այդ փորձաքննության վրա՝ արդարացրեց մեղադրյալներին, հայտնաբերեց, որ այդտեղ հոսանք չի կարող լինի, որ մարդու կյանքին վտանգ սպառնա եւ վճիռը տվեց: Ու դրանից հետո այդ հանցագործության գործիքը կորավ»:

Ապա ստեղծվել է հանձնաժողով, որի փորձագետներն, ինչպես Սարգսյանը պատմեց, ասել էին՝ բերեք այդ իրեղեն ապացույցը, որը հանդիսանում է Սարգսյանի որդու սպանության հանցագործության գործիքը. « Փաստորեն, ամբողջ զինվորական ոստիկանությունը, քննչական մարմինները 2010 թվականից ման են գալիս եւ առ այսօր չեն գտնում»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031