Մեկ տարուց ավելի տեւած բոյկոտից հետո երեկ հրավիրված Վանաձորի համայնքի ավագանու տարեվերջյան նիստին մասնակցեցին նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության անդամները:
Նիստին ներկա էին ՀՀԿ, ՀՅԴ, ԼՀԿ եւ ՀՎԿ կուսակցությունների խմբակցությունների թվով 28 անդամներ: Օրակարգում ընդգրկված էր 5 հարց:
Մինչ նիստի մեկնարկը քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը շնորհակալություն հայտնեց ԼՀԿ-ին նիստին մասնակցելու համար. «Շնորհակալություն ներկայության համար: Հուսով եմ, որ մեր համագործակցությունը ի շահ Վանաձորի, արդյունավետ կլինի»:
Մյուս հարցերի թվում, ավագանու հաստատմանը ներկայացվեց նաեւ Վանաձոր համայնքի 2018 թ.-ի բյուջեի նախագիծը, որի շուրջ ծավալվեց քննարկում, եղան նաեւ առաջարկություններ: Ավագանու անդամները նախագծի հետ կապված բարձրացրեցին մի շարք հարցեր:
Երկար քննարկումներից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ավագանու անդամները միաձայն դեմ քվեարկեցին բյուջեի նախագծին: Սակայն բյուջեն հաստատվեց:
Խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը բյուջեի նախագծին դեմ քվեարկելը լրագրողների հետ զրույցում այսպես պարզաբանեց. «Ծախսային բյուջեից չենք կարողանում անցնել ծրագրային բյուջեի: Այսինքն, ծախսային բյուջեն ինքն իր մեջ չի ենթադրում այն զարգացման հեռանկարներն ու ծրագրերը, որոնք նախանշված են 5-ամյա զարգացման ծրագրի մեջ: Զարգացման ծրագիրը պարունակում է կոնկրետ կետեր, առաջարկություններ, գաղափարներ, որից պետք է բխի բյուջեն: Բայց ինչքան էլ, որ ներկայացվում է, թե բյուջեն բխում է զարգացման ծրագրից, դուք որեւէ կետ չեք տեսնի»:
Մամիկոն Ասլանյանն էլ ասում է, թե բյուջեի քննարկմանը կարող էին բոլորը մասնակցել ու հանդես գալ առաջարկություններով, սակայն ոչ ոք ցանկություն չէր հայտնել ներկա գտնվել բյուջեի քննարկմանը:
«Բյուջեի քննարկումներին մասնակցելու համար բավականին ժամանակ էր տրված առաջարկություններ ներկայացնելու, եւ դրանց շուրջ նաեւ բյուջեն կազմելու: Հետեւաբար ավագանու նիստն ամենալավ ձեւաչափը կամ վայրը չէ բյուջեն քննարկելու կամ բյուջեի նկատմամբ առաջարկություն անելու»:
Այս անգամ եւս նիստին չէին ներկայացել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամները: Խմբակցության ղեկավար Հրանտ Մարգարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք եւս անիմաստ են համարում բոյկոտը, եւ այսուհետ կմասնակցեն նիստերին: Վստահեցնելով, որ աշխատելու են ի շահ Վանաձորի ու վանաձորցու. «Մենք նախապես հայտարարել էինք, որ երբ «Լուսավոր Հայաստանը» կգա, մենք էլ կգանք: Մենք ավելի շուտ կարող էին գնալ նիստերին, բայց չգնացինք: Մենք ԼՀԿ-ի հետ պայմանավորվածություն ունեինք, որը պահել էինք: Ես լավ եմ տրամադրված, եւ հավատում եմ, որ այս պայմաններում բոլորս պետք է համախմբվենք եւ համատեղենք մեր ջանքերն ի շահ մեր ժողովրդի, հանուն մեր քաղաքի, մեր երկրի բարգավաճման»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ