Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ «Սասնա ծուռ» Աշոտ Պետրոսյանի՝ Ավետիսյանների ընտանիքի սպանությունն ու ապրիլյան դեպքերը կազմակերպված են եղել

Դեկտեմբեր 21,2017 16:16

2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով (դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթ) այսօրվա դատական նիստում հրապարակվեց նաեւ ամբաստանյալներից Աշոտ Պետրոսյանի (լուսանկարում) մեղադրական եզրակացությունը, համաձայն որի՝ նա, ինչպես եւ այս գործով ամբաստանյալների մեծամասնությունը, մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու, շենք-շինություն զավթելու, պատանդառություն կատարելու մեջ:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի՝ «նշվածում ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք» հարցին Աշոտ Պետրոսյանը հարցով պատասխանեց՝ «ինչո՞ւ», ապա հստակեցրեց, որ՝ «ոչ»:

Նա, օգտվելով մեղադրանքի առնչությամբ դիրքորոշում հայտնելու իրավունքից, հայտարարեց. «Որպես ՀՀ քաղաքացի՝ ես իմ պարտքն եմ կատարել՝ ապստամբելով այն տգետների դեմ, որոնք զավթել են մեր քաղաքը: Ապստամբել եմ ապրիլյան դեպքերը դավադրաբար՝ կանխամտածված կազմակերպողների դեմ»:

Ամբաստանյալն այնուհետեւ համոզմունք հայտնեց, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի  սպանությունը եւս կազմակերպված դավադրություն էր. «Անտարբերություն եմ տեսնում՝ շուտ մոռացանք նրանց…Մարտի մեկի դեպքերի համար էլ ոչ մեկը պատասխան չտվեց: Անգամ «մշակույթ» բառն են պղծել: Առհասարակ՝ ամեն ինչն են պղծել՝ սկսած «Բարգավաճ Հայաստանից»-ից…»:

Աշոտ Պետրոսյանն իր ելույթում պիտակավորող արտահայտություններ արեց այս գործով մեղադրող-դատախազների եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին, ինչի համար դատավորի կողմից արժանացավ սանկցիայի՝ նախազգուշացման տեսքով: Դատավորը նրան նախազգուշացրեց, որ վիրավորանքներ ոչ մեկի հասցեին չհնչեցնի:

Աշոտ Պետրոսյանն իր խոսքում նաեւ հիշատակեց Ժիրայր Սեֆիլյանին. «Հրաշալի, ազնվագույն, բարձրաճաշակ անձնավորություն է»:

Ապա դատարանը սահմանեց դատաքննության հետեւյալ կարգը. Սկզբում (առաջիկա նիստում) կհետազոտվեն գործում առկա գրավոր ապացույց-փաստաթղթերը, ապա ցուցմունք կտան տուժողներն ու վկաները, հետո՝ գործից անջատված մյուս երկու մասերով մեղադրյալները («Սասնա ծռերի» գործը քննվում է երեք անջատ մասերով), այնուհետեւ կհետազոտվեն իրեղեն ապացույցները, իսկ վերջում ցուցմունք կտան այս գործով ամբաստանյալները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031