Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Մաթեւոսյանը` կինոկենտրոնին. «Չի կարելի փնթի եւ հնաոճ մեթոդներով ասպարեզ մտնել»

Դեկտեմբեր 21,2017 16:06

Ռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իրեն մտահոգում է Հայաստանի ազգային կինոկենտրոնում ձեւավորված մթնոլորտի անշարժությունը, նրա ձեւակերպմամբ, տարիներ ի վեր «ավանդական» ձեւավորված գորշ մթնոլորտը նույնիսկ ահաբեկում է: «Մենք թեւակոխում ենք կինոյի ոլորտում փոփոխությունների փուլ, եթե կինոկենտրոնի գործառնական, գործադիր կողմը եւ աշխատանքի ոճը վերանայում ենք, Կինոյի մասին օրենքի նախագիծ ենք մշակում եւ ներկայացնում ենք ԱԺ-ի եւ կառավարության հաստատմանը, իսկ կինոյով շահագրգիռ մարդիկ ի վերջո հնարավորություն ունեն այդ ամենին մասնակցություն ունենալու, առավել ակտիվներն ու գիտակներն էլ այս կամ այն չափով ընդգրկված են, ինչը ողջունում եմ: Բայց եթե այդ ամենն անում ենք, ուրեմն պետք է տեսնենք նաեւ, որ գորշը նահանջում է, մանավանդ գորշերը նստել էին կերակրատաշտի մոտ, ստեղծվել էր համակարգ, որը տարիներ շարունակ հնարավորություն չէր տալիս երիտասարդ կինեմատոգրաֆիստներին` սկսած իմ սերնդից, նորմալ ռեալիզացվել: Հիմա ինքս 50-ն անց տարիքի մարդկանց սերնդում եմ, եւ համարում եմ, որ բավականին ասելիք ունեմ եւ ի վիճակի եմ լիամետրաժ գեղարվեստական ֆիլմեր անելու: Նախագծերս ստվերային ձեւով առաջ մղելու եւ սրան-նրան, այդ թվում նաեւ հարազատ մարդկանց շրջանցելու բոլոր հնարավորություններն ունեցել եմ եւ չեմ օգտագործել, ունեցել եմ դիվիդենդներ ու կրկին չեմ օգտագործել, ինչը երեւի թե հիմարություն կդիտարկվի, որովհետեւ մեր կինոյի դաշտում կարծիք կա, որ եթե դու ուզում ես ֆիլմ նկարել, պետք է քո էգոն դարձնես սուպերէգո եւ ատամներով ագրեսիվ առաջ տանես նախագիծդ: Սա ճշմարտություն է, բայց ես ուրիշ ժառանգականություն ունեմ»,-ասում է ռեժիսորը:

Նա հավելում է, որ տարիներով նաեւ պետական համակարգում աշխատելու շրջանում փորձել է կինոհամակարգը թափանցիկ եւ ժողովրդավարական տեսքի բերել իր որոշ գործընկերների հետ:

«Չէի ասի, որ հաջողել ենք, բայց կարծում եմ, որ եթե այսօր վերջապես սկսել են իրականացվել ինչ-ինչ հրամայականներ, դա նաեւ մեր ջանքերի շնորհիվ է: Մշակույթի այսօրվա նախարար Արմեն Ամիրյանը կինոկենտրոնի առաջ, կինոհանրության առաջ խնդիր է դրել, որ պահանջում է նախագծերի քննարկման առավելագույն թափանցիկություն, ինչին երկու ձեռքով կողմ եմ, ես եւս թափանցիկություն եմ պահանջում: Բայց ձեր կայքում հրապարակված գեղարվեստական խորհրդի անդամների հարցազրույցներից մի բան հասկացա, որ ծխածածկույթ է ձեւավորվում: Տպավորություն եմ ստանում, որ այդ մարդկանց հեղինակությամբ, հասարակական իմիջով, կինոոլորտում հսկայական ներդրումով, նրանց անուններով տեղի է ունենում պրոցեսների քողարկում, որովհետեւ որեւէ թափանցիկություն կինոկենտրոնի այսօրվա աշխատանքներում չեմ տեսնում, ուղղակի վերաձեւակերպումներ են արվել»,- նշում է Դավիթ Մաթեւոսյանը:

Նրա ձեւակերպմամբ, «Կինոկենտրոնի գեղարվեստական խորհրդում ընտրվել են հրաշալի մարդիկ, որոնք անհատապես փորձագետի որակավորում, կինոյի վերաբերյալ իրենց դիրքորոշում եւ հստակ կոնցեպտ ունեն, սակայն քանի որ նրանց աշխատանքը տեղի է ունենում փորձագիտական մակարդակով, եւ կինոկենտրոնի լծակներին ու գործառնական մեխանիզմներին իրենք մասնակցություն չունեն, կինոկենտրոնն անում է իր անելիքը, սակայն այդ մարդկանցով ասում է` տեսեք ի՚նչ հեղինակություններ են նախագծերը քննարկում»:

Դավիթ Մաթեւոսյանը հարց է ուղղում կինոկենտրոնին. « 2008 թ. «Ոսկե ծիրանի» շրջանակում տեղի ունեցած միջազգային պրոդյուսերական եւ ռեժիսորական «Ռեժիսորներ առանց սահմանների» կազմակերպության մրցույթում հաղթած նախագիծ եմ ունեցել` «Ալպիական մանուշակը», որը ստացել էր սցենարի զարգացման խրախուսական դրամական պարգեւ: Հարգելի կինոկենտրոն, հիմա ո՞ւր է այդ նախագիծը, ո՞ւր է դրա քննարկումը, փիչինգը, ո՞ւր է թափանցիկությունը 2008-ից ի վեր: Ես, իհարկե, գիտեմ, թե ինչ է եղել, ուղղակի ուզում եմ, որ բացեք փաստաթղթերն ու ասեք, թե ինչ է տեղի ունեցել «Ալպիական մանուշակի» հետ»:

Մեր զրուցակցի հավաստմամբ, նույն ճակատագրին է արժանացել 2016 թ. առաջնահերթության կարգով կինոկենտրոնի քննարկմանը դրված իր «Պատիժ» նախագիծը` ըստ Հրանտ Մաթեւոսյանի համանուն վիպակի: «2016թ.-ից ի վեր նախագիծը դրված է կինոկենտրոնի ուշադրությանը, չենք քննարկում մինչեւ փոփոխությունները դրա հետ տեղի ունեցած ընթացակարգը, չենք քննարկում, թե կինոկենտրոնը ինչ չի արել այդ նախագիծը կյանքի կոչելու եւ առավելագույն թափանցիկ աշխատելու համար…Այս ամենի կողքին 2017-ին տեսնում եմ ինչ-ինչ պրոցեսներ, նոր նախագծերի ավելացում, անցած կինոնախագծերի քննարկումներ, որոնք համարում եմ որակապես ճիշտ քայլ, քանի որ կարծում եմ` պետք է մնացորդային նախագծերը քննարկվեն: Սակայն ո՞ւր են մնացած նախագծերը, պրոֆեսիոնալ մակարդակով կինոարտադրողի, կինոռեժիսորի, սցենարի հեղինակի, նախագծի հեղինակների հետ, աշխատելու թափանցիկությունը, մեթոդաբանությունը…Ցավոք, ամեն ինչ շարունակվում է սովետական չափորոշիչներով, միջնորդությամբ, ինչը ես մերժում եմ, որովհետեւ դա մեզ վարկաբեկում է: Ես հարգում եմ բոլոր կինոնախագիծ ներկայացնողներին եւ համարում եմ, որ կարելի է արտահերթ քննարկել այս կամ այն նախագիծը, բայց դա պետք է թափանցիկ կատարվի: Ես 2008-ից, ուրիշները ավելի վաղուց նախագծեր ունեն ներկայացված, ու ոչ մեկս պատասխան չունենք, տեսնում ենք, որ զարտուղի բաներ են տեղի ունենում, իսկ միջազգային համագործակցության ակնկալիքներ ունեցող «կինոարտադրությունը» («Հայֆիլմի» կործանումից հետո կինոարտադրությունը պետք է չակերտներում արտասանել) իրավունք չունի նման փնթի, հնաոճ եւ տնայնագործական մեթոդներով ասպարեզ մտնելու: «Եվրիմաժն» էլ չի կարող լուրջ վերաբերվել նմանօրինակ պետական մոտեցման, մենք ցավոտ տապալում կունենանք, մեզ ուղղակի կարհամարհեն, քանի որ մեծ մրցակցություն կա «Եվրիմաժի» փողերը ստանալու»,-համոզված է ռեժիսորը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Դավիթ Մաթեւոսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031