Այսօր` դեկտեմբերի 21-ին, Արցախի Հանրապետության վեցերորդ գումարման Ազգային ժողովի եզրափակիչ լիագումար նիստում, 28 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց «ԱՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը:
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նիստի բացման ելույթում ասաց, որ խորհրդարանում արդեն մեկ ամսից ավելի է, ինչ համակողմանի քննարկման է ներկայացված երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը:
Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Գրիգորի Մուսայելյանը իր ելույթում նշեց, որ պատգամավորական խմբակցությունների և առանձին պատգամավորների կողմից նախագծի վերաբերյալ հանրապետության նախագահին գրավոր ներկայացվել է 32 առաջարկ: Նախարարը նշել է այն փոփոխությունները, որոնք նախատեսվել են կատարել՝ ներկայացված առաջարկների համաձայն:
Մինչ քվեարկությունը` խմբակցության ղեկավարները հանդես գալով ելույթներով` նշեցին այն տեսակետները, որոնք հաշվի առնելով, խմբակցությունները իրենց դիրքորոշումն են ցուցաբերելու քվեարկության ժամանակ:
Այսպիսով` մեծամասնություն կազմող երեք խմբակցությունները` «Հայրենիք», «Դաշնակցություն» և «Ժողովրդավարություն» օրինագծին քվեարկել են կողմ, իսկ ընդդիմադիր «Շարժում 88» և «Վերածնունդ» խմբակցությունները դեմ են արտահայտվել նախագծին:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ