«Հնարավոր է 7% տնտեսական աճով այս տարին փակվի»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը: Գյուղատնտեսության 3.9% անկում է գրանցվել, իսկ շինարարությունն ընդամենը 0.3 աճ, տարին ի՞նչ կանխատեսումներով կամփոփվի, այս հարցին ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ այս տարվա 11 ամիսներին տնտեսական ակտիվությունը 7.3% է եղել, առաջատար ոլորտները ծառայություններն են, առեւտուրն ու արդյունաբերությունը. «Արդյունաբերությունը 12%-ից ավելի աճ, ծառայությունների եւ առեւտրի դեպքում ավելի քանի 14%, շատ ուրախալի է, որ սա տեղի է ունենում արտահանման բարձր աճի ազդեցությամբ, ունենք ապրանքների արտահանման ավելի քան 23%: Հաջորդ ուրախալի ցուցանիշն այն է, որ շինարարությունը նախորդ ժամանակաշրջանի բացասական ցուցանիշի համեմատ արձանագրեց, թեկուզ փոքր, բայց աճ»:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ցուցանիշների անկմանը, ապա փոխնախարարն ասաց, որ դա պայմանավորված է նաեւ եղանակային պայմաններով:
Խաչատրյանը հույս հայտնեց, որ տնտեսական ակտիվությունը տարվա վերջին կմնա արդեն արձանագրված 7.3%-ի շրջանում:
Հարցին, որ գյուղատնտեսության աճը կտրուկ փոփոխությունների է ենթարկվում, մեկ՝ դրական, մեկ էլ՝ բացասական, սա ինչո՞վ է պայմանավորված, փոխնախարարը պատասխանեց՝ «Սեզոնայնությամբ»: Միայն դա՞, թե հաշվարկների խնդիր կա, քանի որ տնտեսագետների պնդմամբ, գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որի ցուցանիշներն, այսպես ասած՝ հնարավոր է «նկարում են», այս հարցին ի պատասխան էլ՝ փոխնախարարն ասաց, որ չի կարող պատասխանել, բայց. «Հիմնականում սեզոնայնությունն է եւ եղանակային պայմանները»:
Մանրամասն՝ տեսանյութում
Արդյոք 7% տնտեսական աճը հնարավոր է ապահովել առաջիկա տարիներին նույնպես, այս հարցին ի պատասխան՝ Խաչատրյանն ասաց, որ կառավարության ծրագրով նախատեսված 5% երկարաժամկետ աճի ցուցանիշն այն նպատակադրում է, որ կառավարությունը ձգտելու է:
7%-ից ավելի հնարավոր աճը տարվա վերջում, ըստ փոխնախարարի, ապահովում են արդյունաբերության, առեւտրի, ծառայությունների եւ արտահանման աճի ցուցանիշները:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ