Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» անդամը լքել է մարտական հենակետը՝ սահմանի այդ հատվածը թողնելով առանց բավարար հսկողության». մեղադրական եզրակացություն

Դեկտեմբեր 21,2017 14:08

2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ Մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով հերթական դատական նիստում այսօր հրապարակվեց նաեւ ամբաստանյալներից Վարդգես Գեւորգյանի մեղադրական եզրակացությունը: Ըստ դրա՝ Վարդգես Գեւորգյանը, հանդիսանալով ՀՀ ՊՆ X զորամասի հակատանկային դասակի հրամանատար, չարաշահել է իր լիազորությունները եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ հուլիսի 20-ին լինելով դիրքի ավագ՝ հենակետից հափշտակել է ռազմամթերք հանդիսացող նռնակ՝ իր պայթուցիչով, խախտել է մարտական հերթապահություն կատարելու կանոնները, լքել է հենակետը (այդ կերպ ՀՀ սահմանի տվյալ հատվածը թողնվել է առանց բավարար հսկողության) եւ փորձել միանալ զենք-շինություններ զավթած եւ պատանդառություն կատարած «Սասնա ծռեր» խմբին:

Նա զանգել է խմբի անդամներից Պավել Մանուկյանին եւ ստանալով նրանից Երեւան գալու համաձայնություն, հուլիսի 20-ին ուղեւորվել է մայրաքաղաք, որպեսզի միանա խմբին, սակայն ճանապարհին բռնվել է իրավապահների կողմից: Այդ ժամանակ նրա մոտից հայտնաբերվել է նաեւ որսորդական մեկ դանակ:

Բացի այդ, ըստ մեղադրական եզրակացության, նա մինչեւ հուլիսի 20-ն ապօրինի ձեռք է բերել ու պահել 1,3 գրամ «մարիխուանա» թմրամիջոց եւ գործարանային արտադրության մարտական փամփուշտներ, պայթուցիչ:

Վարդգես Գեւորգյանը, լսելով մեղադրանքը, ասաց, որ այն չի ընդունում եւ այլ ասելիք չունի:

Ամբաստանյալներից Արմեն Լամբարյանն էլ, որին առաջադրվել է ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու, շենք-շինություն զավթելու եւ պատանդառություն կատարելու մեղադրանքներ, հայտարարեց, որ ինքն ընդամենն իրացրել է իր՝ ապստամբության դիմելու իրավունքը. «Մեզ սահմանադրական դատարանը կարող է դատել, թե չէ այս դատը ձեւականություն է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031