Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելքը» ԱԺ-ում քաղաքական պատանդ է վերցրել ՀՀԿ-ականներին

Դեկտեմբեր 21,2017 13:45

Այսօր խորհրդարանում քվեարկության դրվեցին երեկ քննարկված մի շարք օրենքներ: Մինչ քվեարկությունը «Ելք» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց: Ընդմիջումից առաջ էլ Փաշինյանը Սեյրան Սարոյանի հետ կատակեց: Սարոյանը ողջունեց՝ «տո ճիշտ էլ արեցիր, Նիկոլ ջան, որ ընդմիջում արեցիր»: Փաշինյանն էլ արձագանքեց, որ «Սարոյան ջան, դու ընդմիջումից հետո մի էլ արի, հազար գործ ունես»:

Իսկ երբ հայտարարվեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծի քվեարկության մասին, Փաշինյանը, տեսնելով էլեկտրոնային համակարգի վրա 56 կողմ ձայնը՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանից առաջ ընկավ՝ ասելով, թե օրենքն ընդունվել է, 67 կողմով: Հիշեցնենք, որ ԱԺ-ում երեկվանից բանավիճում են քվեարկությունների արդյունքների հետ կապված: Իսկ երբ Բաբլոյանը տեղեկացրեց, որ այս անգամ էլ է Արփինե Հովհաննիսյանը թողել գրություն, որ ինքը կողմ է, ուստի ձայները պետք է ավելացնեն, դահլիճում սկսեցին ծիծաղել:

Հետո «Ելքը» նորից 20 րոպե ընդմիջում վերցրեց: Քվեարկություններից մեկի ժամանակ ՀՀԿ-ական մի քանի պատգամավորների կոճակը չաշխատեց, ուստի ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը պահանջեց վերաքվեարկություն: «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ Արա Բաբլոյանին մեղադրեց, որ խտրական վերաբերմունք է ցուցաբերում եւ անաչառ չէ, երբ որ երեկ իրենք էին պահանջում վերաքվեարկություն, չարեցին, հիմա ինչ է թե ՀՀԿ-ական պատգամավորներն են պահանջում, արեց վերաքվեարկությունը:

Իսկ երբ հայտարարվեց Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի քվեարկությունը, «Ելքը» նորից 20 րոպե ընդմիջում հայտարարեց: Ըստ երեւույթին, Փաշինյանը հույս ուներ, որ այսքան ընդմիջումների «չդիմանալով»՝ ՀՀԿ-ականները սովորության համաձայն կլքեն ԱԺ-ն ու չեն մասնակցի քվեարկությանը, իսկ քանի որ սահմանադրական օրենքներ են քվեարկվում, մեկ ձայնն էլ կարեւոր է, ծայրը ծայրին ՀՀԿ-ն հասցնում է 63-64 ձայն ապահովել: Սակայն առայժմ «Ելքին» չի հաջողվում տապալել օրենքները, ՀՀԿ պատգամավորները 20 րոպեն մեկ գալիս են քվեարկությանը:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը դիմեց «Ելքին»՝ ասելով. «Մենք հարգում ենք ձեր իրավունքը՝ կանոնակարգից օգտվելու, բայց ես ենթադրում եմ, կարծում եմ, որ այս իրավունքը տրված է, որ օգտվես,, եթե դու ունես տվյալ հարցի վերաբերյալ քո կարծիքը ճշտելու, հստակեցնելու խնդիր: Ես հասկանում եմ, այս կերպ դուք քաղաքական դիրքորոշում եք արտահայտում, ինչ-որ խնդիր լուծում եք, բայց այդ դիրքորոշումը չարժի մարդկային այն գործընկերային հարաբերություններին, որ կա ԱԺ-ում: Սա արդեն քաղաքական պատանդառության է նմանվում: Ես խնդրում եմ, որ փոքր բանի համար մեծ բաներ չզոհել եւ աշխատել բնականոն»: Սակայն Փաշինյանը դարձյալ հերթական օրենքի քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում հայտարարեց:

ՀՀԿ-ականների նյարդերն արդեն տեղի են տալիս: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Չափի զգացողություն պետք է ունենալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031