Ի հեճուկս իշխող կուսակցության, կարտոֆիլը նախորդ տարվա համեմատ թանկացել է 21,5 տոկոսով, իսկ ծաղկակաղամբը՝ 55,6 տոկոսով։ Հանրապետական պատգամավորները՝ խախտելով տրամաբանության բոլոր կանոնները, հարկավ, աղքատների սննդակարգի նոր առաջարկներ կմշակեն։ (Տափակ ու անպատասխանատու բստրելու համար մեզանում ոչ մի պատգամավոր ու պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել)։
Փոխարենը՝ չափազանց բարդացել էր պաշտոնական վիճակագիրների աշխատանքը։ Նրանք համարյա օրենսդրական «պարտականություն» ունեն գնաճը որոշակի սահմաններում հաշվարկելու համար։ Իսկ դա հեշտ չէ, եթե, օրինակ, հաշվի առնենք, որ ձուկն ու ծովամթերքը Հայաստանում թանկացել են 27 տոկոսով։ Փորձեք ինքներդ այս պարագային ընդհանուր գնաճի 2,2 տոկոս ցուցանիշը հիմնավորել։
Բայց հաշվի առեք, որ կարագի համարյա 15 տոկոսանոց գնաճի կողքին պաշտոնապես ընդունվում է, որ կաթնամթերքը և պանիրը թանկացել է 3,1 տոկոսով։ Այսինքն՝ կարագն ինքնուրույն է թանկացել՝ առաջանցիկ տեմպով ետ թողնելով իր բաղադրիչ կաթի թանկացումը։ Նույնիսկ ամենաշատ սպառվող ու աղքատի սնունդ համարվող հավկիթն է միջին ցուցանիշից ավելի թանկացել։ Մոտ 5-6 տոկոսի չափով։
Նրանց համար, ում անհասկանալի է, թե ինչի հաշվին է ի վերջո սպառողական գների միջին 2,2 տոկոսանոց ցուցանիշ արձանագրվել, ասենք՝ որոշ սննդամթերքների գնանկման։ Օրինակ՝ անցած տարի Հայաստանում խաղողի անասելի քանակ էր հասունացել։ Մթերումների հարցում լուրջ բարդություններ կային։ Իսկ այս տարի բերքը քիչ էր։ Հետևաբար՝ գյուղացիները մայրուղիներ չփակեցին։ Բայց ըստ Վիճվարչության՝ քիչ բերքի պարագային խաղողի գնանկում է եղել։
Արա ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում