Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր երկրում սա հերթական դեպքն է, երբ օրենքի պահանջին հետևող քաղաքացին չի խրախուսվում. «168 ժամ»

Դեկտեմբեր 21,2017 12:40

Կրթության և գիտության նախարարությունը ներկայացրել է Հանրակրթության մասին օրենքում փոփոխություն կատարելու առաջարկ։ 2009 թվականին, երբ ընդունվեց այդ օրենքը, նախատեսված էր, որ 2018 թվականի օգոստոսի 20-ից հետո դպրոցում որպես ուսուցիչ չեն կարող աշխատել միջնակարգ, միջին մասնագիտական և թերի բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչները։ Նախարարությունն առաջարկում է 2018-ը փոխարինել 2028-ով։

Այսպիսով, նախարարությունը ուսուցիչներին ևս 10 տարի ժամանակ է տալիս իրենց կրթական ցենզն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար։ Վիճակագրական վերջին տվյալներով՝ Հայաստանում 3542 ուսուցիչներ դեռևս չեն համապատասխանում օրենքի պահանջին, քանի որ ունեն միջնակարգ, միջին մասնագիտական և թերի բարձրագույն կրթություն։ Իհարկե, մինչև 2018 թվականի օգոստոս այս թիվն ավելի կնվազի, քանի որ այս պահին բազմաթիվ աշխատող ուսուցիչներ սովորում են մանկավարժական բուհերի ավարտական կուրսում։

2009 թվականից հետո Հայաստանի ուսուցիչների կրթական ցենզն էապես բարձրացել է։ Օրինակ՝ եթե 2012 թվականին Հայաստանի դպրոցներում աշխատում էր միջնակարգ կրթություն ունեցող 166 ուսուցիչ, ապա այսօր այդ ուսուցիչների թիվը 98 է։ Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների թիվը նույն ժամանակահատվածում 4545-ից նվազել է 3166-ի։ Այդուհանդերձ, 2018 թվականին մի քանի հազար ուսուցիչ կրճատելը նախարարության համար մեծ խնդիր կլիներ։ Դրա համար նախարարությունն առաջարկում է օրենքում փոփոխություն անել։

Նախարարության այս որոշումը տարբեր ձևերով կընդունվի տարբեր խմբերի կողմից։ Օրինակ՝ մանկավարժական բուհերի համար սա լավ լուծում է, քանի որ 3542 ուսուցիչների մի մասն առաջիկա 10 տարիներին կփորձի ստանալ բարձրագույն մանկավարժական կրթություն։ Այս որոշումը կողջունեն նաև այն ուսուցիչները, ովքեր այս տարիների ընթացքում չեն ստացել բարձրագույն մանկավարժական կրթություն և մինչև 2028 թվականը կարող են շարունակել աշխատել դպրոցում։ Որոշումն ընդունելի չի լինի այն մանկավարժների համար, ովքեր դրսևորելով օրինապահություն՝ վերջին տարիների ընթացքում զգալի գումար և ժամանակ ծախսեցին բարձրագույն մանկավարժական կրթություն ստանալու համար։

Մեր երկրում սա հերթական դեպքն է, երբ օրենքի պահանջին հետևող քաղաքացին չի խրախուսվում։ Այս ուսուցիչները կարող են մխիթարվել բարձրագույն կրթության դիպլոմ ունենալու հանգամանքով։ Առիթ եմ ունեցել դասավանդելու նման ուսուցիչներին, ովքեր հիմնականում սովորում են հեռակա ուսուցման համակարգում։ Այդ մարդիկ հսկայական զրկանքներ էին կրում ուսումը, աշխատանքը և ընտանեկան հոգսերը համատեղելու համար՝ գումարած ֆինանսական ծախսերը։

Սերոբ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031