«Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, պետք է տեղի չունենար, սա տխուր պրակտիկա է»,- այսօր ԱԺ-ում վերջապես երեկվա քվեարկություններին անդրադարձավ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա իրենց խմբակցության անդամ Նապոլեոն Ազիզյանի՝ «միամիտ «կողմ»-ի կոճակը» սեղմելը թողած՝ քննադատության ողջ սլաքներն ուղղեց կառավարությանը՝ ասելով, որ կառավարությունն է մեղավոր այս ամբողջ շիլաշփոթի համար: Միքայել Մելքումյանն ասաց, որ ԱԺ-ն սեպտեմբերից մինչեւ հիմա 25 տոկոսով պակաս է աշխատել, քառօրյաների փոխարեն եռօրյա են աշխատում, որովհետեւ 99 տոկոսով ԱԺ-ի օրակարգը ձեւավորում է կառավարությունը ու լավ չի կարողանում ծրագրել, ամբողջ թողնում է դեկտեմբերին: Արդյունքում՝ պատգամավորները չեն կարողանում ծանոթանալ սահմանադրական օրենքներին: Նա համոզված է, որ պատգամավորների 98 տոկոսը չի էլ կարդացել այդ օրենքները, չի հասցրել ծանոթանալ:
Միքայել Մելքումյանը հորդորեց ԱԺ ղեկավարությանը, որ պահանջեն կառավարությունից ժամանակին բերել օրենքները. «Հունվարի 1-ին մնացել է 10 օր, կլինի գնաճ, սալյարկան թանկանալու է, բենզինը թանկանալու է, սեղմված գազը թանկանալու է, հիմա էլ բերեցին հանրային սննդի օբյեկտների վրա հարկային բեռը մեծացնում են: Խնդրեմ, վայելեք գնաճի բեռն ու բերկրանքը, Ծառուկյան դաշինքը չի մասնակցելու այս քվեարկություններին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ