Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների օրինականացման մեխանիզմների վերաբերյալ: Նա ասաց. «Ձկնաբուծությամբ զբաղվող որոշ տնտեսություններում առկա են ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինություններ, որոնք հողամասային նպատակային նշանակության կարգավիճակի տեսանկյունից պարունակում են անհամապատասխանություն»:
Վարչապետը նշեց, որ այդ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ ֆինանսական բեռը թեթեւացնելու կսահմանվեն արտոնություններ՝ նոր կառուցվող ձկնաբուծական շինությունների համար, սակայն չտարածելով դրանք նախկինում կառուցվածքների վրա: Ըստ վարչապետի՝ նման շինությունների օրինականացման խթանման դեպքում ակնկալվում է նաև տեղական բյուջեի և այլ վճարների ավելացում:
Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ուսումնասիրություններ՝ ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսություններում, բացառապես «Սևան» ազգային պարկի տարածքի, ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների օրինականացման գործընթացը պարզեցնելու և համապատասխան արտոնություններ տրամադրելու վերաբերյալ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ