Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ Մեղրիի ազատ տնտեսական գոտու աշխատանքների երկրորդ փուլին. «Դեկտեմբերի 15-ին ավարտվեց կառավարության նախաձեռնությամբ ստեղծված Մեղրիի ազատ տնտեսական գոտու աշխատանքների առաջին փուլը և տրվեց ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը: Անհրաժեշտ է համակարգված միջոցներ ձեռնարկել համապատասխան աշխատանքների երկրորդ փուլը հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցնելու համար»:
Վարչապետը տարածքային կառավարման ու զարգացման, էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարներին, ՊԵԿ նախագահին, Կադաստրի պետական կոմիտեի նախագահին ու ջրպետկոմի նախագահին հանձնարարեց երկամսյա ժամկետում տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի հետ համատեղ միջոցներ ձեռնարկել Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործունեության 2-րդ փուլի անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման ուղղությամբ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ