ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ֆինանսական օգնությունից զրկել այն երկրներին, որոնք կպաշտպանեն Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչող որոշումը դատապարտող ՄԱԿ-ի բանաձևը:
«Նրանք մեզնից վերցնում են հարյուր միլիոնավոր, անգամ միլիարդավոր դոլարներ և քվեարկում են մեր դեմ»,- հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով լրագրողների առաջ Սպիտակ տանը:
«Թող քվեարկեն: Մենք դրանով լավ կտնտեսենք: Մեզ համար միևնույն է»,- հավելել է Թրամփը:
Թրամփի այս հայտարարությունը հնչել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչող որոշումը դատապարտող բանաձևի քվեարկության նախօրեին:
Բանաձևի նախագծում ԱՄՆ-ը չի հիշատակվում, բայց նշվում է, որ Երուսաղեմի հարցով բոլոր որոշումները պետք է չեղարկվեն:
Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել էր, որ նախագահ Թրամփը խնդրել է իրեն զեկուցել՝ ով ԱՄՆ-ին դեմ կքվեարկի հինգշաբթի:
«Նախագահը հատուկ ուշադրությամբ կհետևի այդ քվեարկությանը և խնդրել է ինձ հայտնել իրեն այն երկրների մասին, որոնք մեզ դեմ կքվեարկեն: Մենք կնշենք յուրաքանչյուր այդպիսի դեպք»,- ասվում է Հեյլիի հայտարարության մեջ:
Պաղեստինի արտգործնախարար Ռիյադ Մալիքին և նրա թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ-ին մեղադրել են ահաբեկելու մեջ:
«Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ը, որը մնացել են միայնակ, այժմ ահաբեկում է սպառնալիքներով: Սեփական արժանապատվության զգացում ունեցող ոչ մի երկիր չի կարող տեղի տալ այդպիսի ճնշման»,- հայտարարել են արտգործնախարարները Անկարայում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ