Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական ցուցանիշները շարունակում են բարելավվել. «Հայոց Աշխարհ»

Դեկտեմբեր 21,2017 10:59

Տարեվերջից մեկ ամիս առաջ շինարարության աճը եղել է 0,3 տոկոս, ինչին հաջողվել է հասնել նոյեմբերի ցուցանիշների բարելավման շնորհիվ։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ ամսին շինարարության ծավալներն ավելացել են գրեթե 7 տոկոսով։ Տարբերությունը շատ ավելի մեծ է հոկտեմբերի համեմատ (ավելի քան 13 տոկոս)։

Տնտեսության այս ճյուղի դրսեւորումների վրա թե ինչպիսին է եղել, այսպես ասած, հաշվետվողականության բարձրացման ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերի դերը, դժվար է միանշանակ գնահատել։ Ամեն դեպքում, ոչ վաղ անցյալում կառավարության ղեկավարը հայտարարեց այս հատվածում գոյություն ունեցող որոշ խնդիրների մասին։ Դրան հաջորդող շրջանում շինարարության ոլորտում նկատվեց արտադրական ցուցանիշների բարելավում, ինչն էլ հանգեցրեց դրական հաշվեկշռի վերականգնմանը։

Տարեսկզբի 11 ամիսների տնտեսական ակտիվությանը մեծապես նպաստել են արդյունաբերությունը, ծառայություններն ու առեւտուրը։ Հիշյալ երեք ոլորտներում, օպերատիվ տվյալներով, վիճծառայությունն արձանագրել է երկնիշ աճ։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը տարեսկզբի 11 ամիսներին համալրվել է 12,3 տոկոսով։ Տնտեսության այս ճյուղում բարձր աճը պահպանվել է ինչպես նախորդ գրեթե բոլոր ամիսներին, այնպես էլ նոյեմբերին։ Արդյունաբերության ոլորտում դիտարկված այդ միտումները մեծապես պայմանավորված են արտաքին շուկաների բարենպաստ վիճակով՝ կապված ինչպես հիմնական արտահանող երկրների, այնպես էլ միջազգային շուկաների գնային իրադրության հետ։ Չնայած տատանողականությանը, այնուհանդերձ հումքային ապրանքների գները գտնվում են բարձր մակարդակում։
Ծառայությունների ոլորտի տարեկան աճը գերազանցում է 14 տոկոսը։ Նույն ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 4,9 տոկոսով։

Հայաստանի տնտեսությունն այս տարի շարունակում է առանձնանալ հատկապես արտաքին ու ներքին առեւտրաշրջանառության ակտիվությամբ։ Տարեսկզբի 11 ամիսներին վիճծառայությունը գրանցել է արտաքին առեւտրի 26,4 տոկոս աճ, ինչը նախորդ ամսվա դրսեւորումների հետեւանքով ավելացել է եւս 4 կետով։ Դա տեղի է ունեցել ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման դրական դինամիկայի հաշվին։

Արտաքին շուկաներում հայկական ապրանքների մատակարարումները համալրվել են 23,5 տոկոսով՝ անցնելով 2 մլրդ դոլարի սահմանագիծը։ Սա զգալիորեն գերազանցում է նախորդ ամբողջ տարվա արտահանումը։

Հիշեցնենք, որ 2017թ. ընթացքում Հայաստանից դուրս է տարվել ընդհանուր առմամբ շուրջ 1,8 մլրդ դոլարի ապրանք, ինչը 20 տոկոսով շատ է, քան 2015թ.։
Բարձր աճը պահպանվում է նաեւ ներմուծման ոլորտում։ Անցած ամիս գրեթե 35 տոկոսով ավելի շատ ապրանք է ներկրվել Հայաստան, քան 2016թ. նոյեմբերին։

Ս.Բեգլարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031