Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը վերջին տարիներին պետք է ավելի վատացրած լինի իր դիրքերն առողջ կյանքի տեւողության ցուցանիշով. «Հրապարակ»

Դեկտեմբեր 21,2017 10:54

ՄԱԿ-ի Երջանկության համաշխարհային զեկույցում Հայաստանը 122-րդ հորիզոնականում է` տարածաշրջանում ամենատխուր երկրներից մեկը։ 156 երկրում անցկացված ուսումնասիրության շրջանակներում երջանիկ երկիր համարվելու համար հաշվի առնված 6 չափորոշիչներով՝ համախառն ազգային արդյունք, առողջ կյանքի տեւողություն, սոցիալական աջակցություն, վստահություն, սեփական կյանքի վերաբերյալ որոշումներ կայացնելու ազատություն եւ այլն, Հայաստանն ստորին հորիզոնականներ է զբաղեցնում: Այնքան վատ, որ մեր երկիրն իր դիրքով զիջում է անգամ 94-րդ եւ 114-րդ հորիզոնականներում հայտնված Սոմալիին եւ Մոզամբիկին: Այս բոլոր ցուցանիշների հանրագումարը տնտեսագիտության մեջ կոչվում է կյանքի որակ:

Տնտեսագետ Գագիկ Մակարյանի գնահատմամբ՝ առանց այն էլ այս ցուցանիշով փայլուն տվյալներ չունեցող Հայաստանը վերջին տարիներին պետք է ավելի վատացրած լինի իր դիրքերն առողջ կյանքի տեւողության ցուցանիշով:

«Մեր վատ սնվելը, էկոլոգիական խնդիրները, ներվային իրավիճակը, աղքատության, գործազրկության մտահոգությունները, որովհետեւ այսօր չորս-հինգ հոգանոց ընտանիքին, միջինին մոտ ապրելու համար, 600-700 հազար դրամ գումար է պետք: Իսկ դրանից պակաս վաստակի դեպքում ընտանիքն արդեն վատ է ապրում: Բոլոր այս գործոնները մեր առողջության գործակցի վրա շատ վատ են անդրադարձել, որովհետեւ դրա արդյունքն է, որ մենք երկու հարյուր քսան հազարից ավելի հաշմանդամներ ունենք, տարիքավոր մարդիկ եւ մի քանի հիվանդություններ՝ քաղցկեղ, սրտանոթային եւ այլն, որոնք բավականին մեծ տոկոսայնություն են կազմում Հայաստանում: Բնակչության շատ մեծ թվով մարդիկ, լավագույն դեպքում՝ իհարկե, անընդհատ ախտորոշիչ կենտրոններում են՝ իրենց առողջական վիճակը հետազոտելու համար»,- թվարկում է տնտեսագետը: Գագիկ Մակարյանի ամփոփմամբ՝ սննդի, փողի եւ սթրեսային վիճակների պատճառով բնակչության առողջության ինդեքսը վատացել է՝ անկախ նրանից, թե ինչ ցուցանիշներ են ներկայացվում: Այս համատեքստում նշենք, որ Եվրոպական միության երկրներին հանձնվողների մի ստվար հատված էլ եվրոպացիներին ասում է, որ Հայաստանում իմանալով հիվանդության մասին, որը ֆինանսական ահռելի ռեսուրսներ է պահանջելու, գերադասում են գնալ, այնտեղ անձնագրերը պատռել ու ստանալ նորմալ բժշկական բուժում եւ խնամք:

Անի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031