Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Թորոսյան. «Ճիշտ ճանապարհով ենք ընթանում»

Դեկտեմբեր 21,2017 12:15

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գնահատմամբ՝ 2017 թվականը հայկական բռնցքամարտի համար հաջողված է:
«Շատերը կհամաձայնեն, որ տարին շատ լավն էր հայկական բռնցքամարտի համար: Արդյունքները ցույց են տալիս, որ ճիշտ ուղղությամբ ենք ընթանում: Ասածս միայն Հովհաննես Բաչկովի աշխարհի առաջնության բրոնզե մեդալը ու Եվրոպայի չեմպիոնական ոսկուն չի վերաբերում: Մայրցամաքի 22 տարեկանների առաջնությունում Արթուր Հովհաննիսյանը եւ Նարեկ Մանասյանը դարձան բրոնզե մեդալակիր: Մեր բռնցքամարտիկները մրցանակային տեղեր զբաղեցրին տարբեր միջազգային ռինգերում, այդ թվում նոյեմբերին Լեհաստանում կայացած ներկայացուցչական մրցաշարում՝ նվաճելով երեք ոսկե, մեկ արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ: Այս հաջողությունների հետեւում մեր ամբողջ թիմի մեծ աշխատանքն է:

Մարզչական ծրագրերս արդյունքներ են տալիս: Տղաները հաճույքով են մարզվում, որովհետեւ զգում են անհատական առաջընթացը: Անգամ հավաքական չընդգրկված մարզիկներին եմ թույլատրում հաճախել մարզումների: Դռները բաց են բոլորի առջեւ: Կարեւորը ցանկությունն է եւ աճելու ձգտումը», -ասում է մարզիչը:
Անդրադառնալով ՄԴ-ների մարզիչներին, որոնց աշխատանքի որակին հաճախ են անդրադառնում ինքը եւ ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը, Դավիթ Թորոսյանն ասաց. «Մենք քննարկել ենք այդ հարցը: Մեր մարզիչների մեջ արմատապես խորացել են հին կարծրատիպերը, որոնք խանգարում են ճիշտ աշխատել եւ արդյունքներ տալ: Նրանք կարծում են, թե ամեն ինչ գիտեն, մինչդեռ, իրականում դա այդպես չէ: Այդ ճանապարհը հայկական բռնցքամարտը տանում է փակուղի: Մոդելը, որն ընդունել եմ որպես հիմք, աշխատում է եւ արդյունքներ տալիս: Նոր հեծանիվ չեմ հայտնաբերել: Պարզապես կիրառում եմ ժամանակակից մեթոդներ: Ափսոս, որ շատ մարզիչներ շարունակում են անցյալով ապրել, չհասկանալով, որ միջազգային բռնցքամարտը վաղուց առաջ է շարժվել: Լավ է, որ երիտասարդ մարզիչներն, ի տարբերություն ավագ գործընկերների, ցանկանում են սովորել եւ բացահայտել նորը: Կարծում եմ՝ ապագայում մենք որակյալ մասնագետներ կունենանք, որոնք ժամանակին համընթաց կքայլեն»:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում մեր սիրողական առաջատար բռնցքամարտիկների՝ պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելուն, պարոն Թորոսյանը պատասխանեց. «Միանշանակ՝ դրական: Պրոֆեսիոնալ բռնցքամարտը մեծ դեր է խաղում հայկական բռնցքամարտի զարգացման գործում: Տղաները, որոնք մտել են պրոֆեսիոնալ ռինգ, զգալիորեն առաջադիմել են: Նրանցից երկուսը Լեհաստանում ոսկե մեդալ նվաճեցին: Զուգահեռ կշարունակեն ներկայացնել մեր երկիրը սիրողական ռինգում: Գլխավոր նպատակը 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերն են: Պրոֆեսիոնալ բռնցքամարտն այդ նպատակին հասնելու լրացուցիչ հնարավորություն է տալիս: Հավաքականում բոլորը հավասար հնարավորություններ կստանան»:

Հավաքականի մարզումային պայմանների մասին Դավիթ Թորոսյանն ասաց. «Հիմնական հավաքները կանցկացնենք Օլիմպավանում, որտեղ կան հեքիաթային պայմաններ: Աշխարհում մատների վրա կարելի է հաշվել վայրեր, որտեղ կան նման հրաշալի ենթակառուցվածքներ: Շնորհակալություն եմ հայտնում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ նման պայմաններ ստեղծելու համար»:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

21.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031