Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն այսօր հայտարարել է, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ պատրաստ է բանակցել թեկուզ 2 օր, «միայն թե արդյունք լինի»: Արդյունք ասվածը Բաքվում հասկանում են բացառապես Հայաստանի միակողմանի զիջումների համատեքստում, երբ Ադրբեջանին պետք է վերադարձվեն ԼՂՀ-ին հարակից տարածքները` առանց անգամ իսկ անվտանգության միջազգային երաշխիքների: Բաքվի նման հռետորաբանությունն Ապրիլյան պատերազմից հետո կորցրել է իր ակտուալությունն անգամ միջնորդների համար, որովհետև համահունչ չէ ո՛չ տարածաշրջանային նոր իրողությունների և ո՛չ էլ` միջազգային զարգացումների համատեքստին:
Երևանում Բաքվի սպասումները թերևս չեն կիսում, և ընդամենն ընդգծված անտարբերությամբ հաստատում են, որ հունվարին Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում կայանալու է: Հայաստանի արտաքին գործերի նախարարի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր նշել է, որ ժամկետների ու հանդիպման մասին հավելյալ տեղեկություններ կտրամադրվեն առաջիկայում, ապա խոսել է Բաքվի ապակառուցողական դիրքորոշման մասին` թերևս ակնարկելով, որ նախարարների հանդիպումից պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ:
Օբյեկտիվորեն չկա որևէ նախադրյալ, որը թույլ է տալիս բեկում ակնկալել կարգավորման գործընթացում: Ապրիլյան պատերազմը միանգամայն նոր իրավիճակ է ստեղծել. եթե մինչ այդ տրամագծորեն տարբեր էին կողմերի դիրքորոշումները կարգավորման սկզբունքային հարցերի շուրջ, հիմա նույնիսկ փակ է բովանդակային քննարկումների դաշտը, որովհետև Քառօրյա պատերազմից հետո հրադադարը միջազգային նոր երաշխիքներով ամրապնդվելու անհրաժեշտություն ունի: Նման պայմանավորվածություններ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացվել են, սակայն մնացել են թղթի վրա, որովհետև Բաքվում հակադրվում են դրանց` մտավախություններ ունենալով, թե հրադադարի ամրապնդման միջազգային երաշխիքները կհաստատեն նոր ստատուս-քվո, որը ճանապարհ կբացի Արցախի միջազգային ճանաչման համար:
Սարգիս Արծրունի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում