Լրահոս
Օրվա լրահոսը

Մի «վրիպակի» հետքով

Դեկտեմբեր 21,2017 10:28

Արսեն Հարությունյանի սխալը դեռ ուղղված չէ

Մեկ շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 14-ին, «Առավոտը» գրեց, որ ՀՀ կառավարությունը 12 միլիոն դրամ է առանձնացրել Սյունիքի մարզում Մ-2 Երեւան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու 379+200 կմ երկարությամբ հատվածում Արաքս գետի ափի 40 մ երկարությամբ հատվածի վթարը վերացնելու համար, սակայն ափամերձ տարածքները հսկում է ռուսական 2393 սահմանապահ զորամասը եւ համաձայնություն չի տալիս, ու աշխատանքները չեն արվելու: Աշխատանքները դադարեցնելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը մշակել էր էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն ու հենց այս հիմնավորումը բերել:

Աղմուկ բարձրացավ: Այս մասին խոսեցին Ազգային ժողովում, լրագրողներին բացատրություն տվեց Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Ասաց՝ վրիպակ է եղել, ռուսները կապ չունեն, իրանական կողմի հետ խնդիրներ կան: Իրականում խնդիրներ կան Հայաստանի պետական կառավարման համակարգում: Մասնավորաբար.

1. Այդ ո՞վ է գրել նախագիծը, որ նման վրիպում է թույլ տվել: Այդ ինչպե՞ս է հնարավոր «իրանական կողմ» կամ «Իրանի Իսլամական Հանրապետություն» գրելու փոխարեն գրել՝ «ՌԴ 2393 սահմանապահ զորամաս»: Կամ «խնդիրներ կան» գրելու փոխարեն գրել՝ «համաձայնություն չի տալիս»: Եթե սա վրիպակ է, ապա մեծ, շատ մեծ է հավանականությունը, որ մի օր էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը ՀՀ կառավարություն կներկայացնի մի նախագիծ, որտեղ Ջրային տնտեսության պետական կոմիտեի փոխարեն գրված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորում, իսկ Արսեն Հարությունյանի փոխարեն՝ Մերիլին Մոնրո:

2. Այդ ինչպե՞ս են աշխատում Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեում, որ նման վրիպակ է սպրդում կառավարություն ներկայացրած նախագծում: Արսեն Հարությունյանը նախագծերը ստորագրելիս դրանք չի՞ կարդում: Նախագիծն էլ պաշտոնական փաստաթուղթ է: Այս «վրիպակը» պաշտոնական կեղծիք է: Իսկ սա արդեն քրեական հանցագործություն է:

3. Այս պատմությունից մեկ շաբաթ է անցել: Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում կայքում՝ www.e-gov.am, դեռ «վրիպակով» նախագիծն է: Եթե վրիպակ է, ինչո՞ւ չի ուղղվում:

4. Վերջին տարիներին ռուսները մեզ խրատ են տալիս ու փնովում բոլոր առիթներով՝ ինչո՞ւ տեղադրեցիք Գարեգին Նժդեհի արձանը, անցեք կիրիլիցայի եւ ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տվեք, ինչո՞ւ եք համագործակցում Եվրամիության հետ, օտարերկրյա կազմակերպությունների հետ համագործակցող հասարակական կազմակերպություններին օտար պետության գործակալ որակեք եւ այլն: Իրան-Հայաստան սահմանի վթարը վերացնելուն խոչընդոտելու հարցում՝ քար լռություն: Այս լռությունը շատ խոսուն է: Ինչո՞ւ սա չի մտահոգում Հայաստանի կառավարությանը:

5. «Վրիպակը» իրար խառնեց լրատվամիջոցները, ՀՀ քաղաքացիներին: Ինչո՞ւ Արսեն Հարությունյանը այնքան ուժ չունի, որ ինքնակամ լքի պաշտոնը: Ինչո՞ւ կառավարությունն այնքան ուժ չունի, որ հեռացնի նման սխալ թույլ տվող պաշտոնյային:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

21.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել