Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառումն այլեւս ինքնանպատակ չէ

Դեկտեմբեր 21,2017 10:12

«Սպառողական հասարակություն»՝ այդպես է կոչվում ֆրանսիացի փիլիսոփա Ժան Բոդրիարի գիրքը, որը լույս է տեսել 1970 թվականին: Հենց այդ ժամանակ է, որ Արեւմուտքում տարբեր ապրանքների եւ ծառայությունների սպառումն ամբողջությամբ կորցրել էր բանական իմաստն ու ձեռք էր բերել ապրելակերպը նշանավորող բնույթ: Այսինքն՝ մեքենայի, տան, ուտելիքի, զարդերի, սիրուհիների առկայությունը արտացոլում էր ոչ բնական, ֆիզիկական կամ հոգեւոր պահանջ, այլ դառնում էր պահանջմունքի հետ կապ չունեցող որոշակի «նշան», որն ամրագրում էր հասարակական որոշակի կարգավիճակ:
Խորհրդային Միությունում այն ժամանակ պաշտոնապես քարոզվում էր ինչ-որ «կիսապրոլետարական» ժուժկալություն, որն իբր մերժում էր վերոհիշյալ «բուրժուական վայելքները»՝ չնայած խորհրդային վերնախավի զգալի մասը, ներառյալ «ցեխավիկները», ամբողջությամբ այդ վայելքների մեջ էր:

Այնուհետեւ շուկայական հարաբերություններն օրինականացվեցին, ու հետխորհրդային տարածքում նույնպես «պաշտոնապես» սկսվեց «սպառողական շրջանը»: Առանձնահատկությունն այն է, որ այդ շրջանը զուգակցվում էր բնակչության հիմնական զանգվածի շեշտակի աղքատացմամբ, բայց դա ամենեւին չի նշանակում, որ հասարակության մեծ մասը չէր ապրում «սպառողական իդեալներով»:
Սակայն այստեղ էլ, ինչպես եւ ամենուր, տեղի է ունենում սերնդափոխություն: Ես եւ իմ հասակակիցներն ապրում էինք կեղծ «ժուժկալության» պայմաններում, այնուհետեւ մեզանից 1 տոկոսը հարստացավ, 99-ը՝ ունեզրկվեց, եւ մեծամասնության համար դա սթրես էր: Բայց այսօր արդեն ունենք, լավ թե վատ, ձեւավորված սոցիալական կառուցվածք, եւ 30-40 տարեկանները, որպես կանոն, այլեւս իրենց առջեւ խնդիր չեն դնում՝ որեւէ մեկին զարմացնել իրենց տներով, մեքենաներով եւ զանգուլակներով: Մյուս կողմից՝ նրանց ընկալմամբ «բիզնեսմեն», «գործարար» բառերն այլեւս հայհոյանք չեն, դա մասնագիտության անվանում է, ինչպես բժիշկը կամ ջութակահարը:

Համաշխարհային թրենդն էլ այլեւս սպառումը չէ, այլ մարդկանց, առաջին հերթին հարազատների հետ նորմալ հարաբերությունների հաստատումը, ընտանիքը, հավատը: Գուցե իմ գնահատականը չափից դուրս լավատեսական թվա, բայց եկեք համեմատենք «արդյունաբերական» մեծահարուստներին՝ Ֆորդին, Դյուպոնին IT միլիարդատերերի»՝ Գեյթսի, Ջոբսի, Ցուկերբերգի հետ, եւ մենք կհամոզվենք, որ աչքածակությունն այլեւս «մոդայիկ» չէ, եւ, հակառակը՝ արդիական է ընդգծված համեստությունը: Գուցե դա պայմանավորված է հենց IT դարաշրջանով, երբ մարդն ավելի շատ, քան երբեւէ, մարդկային ջերմության կարիք ունի:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Եթե փողերը հոտ չունենային ու գարշահոտ չարձակեին, էլ ինչո՞ւ պետք է գոյություն ունենար կեղտոտ փողի ու դրա լվանալու գաղափարը: Կարծում եմ, որ աղքատության ու հետեւաբար եւ մնացած բոլոր բանագավառներում հետադիմության միակ պատճառն այն է, որ այն փողը, որն ՝՝ազգային՝՝ է իբր կոչվում, իրականում դրանք կեղտոտ փողեր են՝ վարկերից ու օգտակար հանածոների արտահանումից եւ ոչ թե վերականգնվող արժեքների՝ այդ թվում մարդու խելքի շնորհքի ուժի եւ ոգու արդյունք: Քաղաքացին պարզապես իր արդար քրտինքով ՝՝ազգային՝՝ կեղտոտ փողերն է լվանում ու դեռ այդ դրամական լուծը փոխանցում իր հաջորդ սերունդներին, այսինքն՝ մենք մեղսակից միջոց ենք դառնում համաշխարհային հանցագործ քոչվորական դրամական համակարգին ու ոչ վերականգնվող արժեքների հանցավոր առեւտրին: Կարճ ասած՝ արդար քրտինքով վաստակած ազգային փողը պետք է լինի մի գույնի, իսկ հանցավոր ճանապարհով ստացված փողը պետք է լինի այլ գույնի ու դրանց լվանալն էլ պետք է լինի երկրից դուրս ու թշնամի ազգերի հաշվին՝ նրանց աղքատացնելու ու ճիշտ ուղու վրա դնելու համար: Դրսի ազգերի արդար աշխատանքից ստացված փողերը կարելի է փոխանակել մեր արդար աշխատանքի փողերով: Մեզ դիտմամբ աղքատ են պահում, որ արդարացնենք մեր մեղսակցությունը, ինչպես մեր տասը հազարականներն են արդարացնում իրենց քաղաքացիական հանցագործությունը իրենց աղքատ ու երեխեքի սոված վիճակով:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031