Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հետախուզվողին սպասելիս

Դեկտեմբեր 21,2017 14:30

Մի կասեցված քրեական գործի հետքերով

Սոցիալական ցանցի միջոցով «Առավոտին» էր ահազանգով դիմել Աբրահամ Ղուկասյանի հարազատը: Նա ներկայացրել էր մի լուսանկար, որում պատկերված էր երկար ժամանակ կոմայի մեջ գտնված՝ Երեւանի բնակիչ Սուրեն Հովհաննիսյանը:
Ըստ նրա, վերջինս դեռեւս կոմայի մեջ է:

Ըստ էության, ահազանգվում էր այն մասին, որ մայրաքաղաքում սպանության փորձ է տեղի ունեցել: Խոսքն այս տարվա հունվարին տեղի ունեցածի մասին է:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, 2017թ. հունվարի 23-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 02:30-ի սահմաններում, շտապօգնության 21-րդ խումբը Հովնաթանի փողոցի 32 տան դիմացից «Աստղիկ» Բ/Կ է տեղափոխել Սուրեն Հովհաննիսյանին՝ պոլիտրավմա ախտորոշումով՝ անգիտակից վիճակում: Դեպքի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում: Քրեական գործի նախաքննությունը իրականացրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Ս. Նավոյանը: Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու» հոդվածի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքը չի բավարարել կողմին, տվյալ դեպքում՝ Ղուկասյանի հարազատներին, ովքեր այդ կապակցությամբ դիմել են ԱԺ պատգամավորներից նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, նրանք նաեւ փաստաբանի միջոցով պահանջում են գործի վարույթը տեղափոխել Հատուկ քննչական ծառայություն, քանի որ շոշափվում են նաեւ գործի ելքով շահագրգիռ անձանց անուններ:

«Ինչու ենք ցանկանում, որ այս դեպքի մասին ամենաբարձր ատյաններում տեղյակ լինեն, որովհետեւ չնայած քննիչի վարքն ու գործողությունները (կամ՝ անգործությունը, զարմանք առաջացնող թերացումները) հիմք են տալիս ենթադրելու, որ իրական հանցագործների (կամ նրանցից մեկի) թիկունքում ծանրակշիռ ու ազդեցիկ մարդ կա, բայց մյուս կողմից էլ՝ դեպքի հանգամանքները ու քրեական գործով շոշափվող անձանց ովքեր լինելն ու միմյանց միջեւ եղած կապը հուշում է, որ այս դաժան հանցագործության մտահղացման հեղինակները հենց իրենք են, եւ ոչ թե նրանց հովանավորները»,-ՖԲ տիրույթում բարձրաձայնել էր Ղուկասյանի հարազատը:

«Քրեական գործում հիշատակվող անձանց ովքեր լինելը, նրանց միմյանց հետ կապվածությունը, նրանց փոխհարաբերությունները, միմյանց ունեցած տալիք-ստանալիքները, դեպքին նախորդող ու հաջորդող ժամանակահատվածում նրանց գտնված վայրերն ու գործողությունները, շտապօգնության մեքենայի կողմից տուժողին հայտնաբերելու, դրան նախորդող ու հաջորդող րոպեներին այդ հատվածով անցնող ավտոմեքենաների ընթացքը, գործողություններին ու դրանց ժամանակագրությանը համադրելու դեպքում վստահ ենք, որ ոչ միայն ակնհայտ կդառնա Աբրահամ Ղուկասյանի անմեղությունը, այլ նաեւ նախաքննության ձեռքում կհայտնվի այն կծիկի թելը, որը տանելու է՝ խարխուլ ու ակնհայտ արհեստական ալիբիներով»,- կարծում է Ա. Ղուկասյանի հարազատը:

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ «Առավոտի» բանավոր հարցմանը, թե ինչ է ձեռնարկվել մինչ օրս, պատասխանը հետեւյալն է. «Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ս. Հովհաննիսյանին ծանր մարմնական վնասներ պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. ով տուժողի նախկին գործատուն է։
Նախնական քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2017թ. հունվարի 23-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Հովնաթան 32 տան դիմաց, տուժողի նախկին գործատուն, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Ս. Հովհաննիսյանի հետ նախկինում ունեցած ֆինանսական տարաձայնությունների շուրջ վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում դիտավորությամբ բռնություն է գործադրել նրա նկատմամբ՝ առողջությանը պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ՝ ճակատաքունքային, ձախ դաստակի, ակնակապճային շրջանների փափուկ հյուսվածքների սալջարդի, քերծվածքների, արյունազեղումների, արյունահավաքների, գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդի, աջից սուր ենթակարծրենային արյունահավաքի, գանգի դիմային հատվածի, թաղի եւ հիմի ոսկրերի կոտրվածքների ձեւով։

Նշված մարմնական վնասվածքները, ըստ դատաբժիշկների, տուժողի առողջությանը պատճառել են ծանր վնաս»։

Ի դեպ, քրեական գործով Ս. Հովհաննիսյանը ճանաչվել է տուժող, եւ ըստ ՀՀ քննչական կոմիտեի. «Դեպքի վայրից վերցվել են արնանման հետքեր, առգրավվել դեպքի հարակից բնակավայրերում առկա տեսախցիկների հիշողության էլեկտրական կրիչները, «Աստղիկ» Բ/Կ-ից առգրավվել դեպքի ժամանակ տուժողի հագին եղած հագուստները, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել առերեսումներ:

Նշանակվել են դատակենսաբանական, դատաբժշկական, դատատեսաձայնագրային եւ դատանյութագիտական, դատամիկրոմասնիկային եւ դատահետքաբանական համալիր փորձաքննություններ:

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ դեպքի օրը՝ ժամեր անց, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ՀՀ Բագրատաշենի սահմանային անցակետով մեկնել է ՀՀ-ից: Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել նրան հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»։

Նշենք, որ սոցիալական ցանցում Ղուկասյանի հարազատն ուշադրություն էր հրավիրել գործում առկա իրեղեն ապացույցներից՝ երկու տարբեր փողոցների տեսագրող սարքերից վերցված 2 տեսաերիզներին:

Ըստ նրա. «Ճիշտ է, դրանց գտնված հեռավորությունն ու տեսանելիության ցածր որակը թույլ չի տալիս մարդկային գործողություններ ու մասնավորապես դեմքեր նկատել, բայց տեսադաշտում երեւացող ավտոմեքենաների (դրանց թվում նաեւ Աբրահամի վարած) ընթացքը, կատարած արգելակումները, ու դրանց ժամանակագրությունը համադրելով այլ փաստերի ու հանգամանքների հետ, ակնհայտ է դարձնում, որ այնտեղով անցնող Աբրահամը 1 րոպե 15 վայրկյանի ընթացքում ֆիզիկապես չէր կարող տուժողին իջեցնել իր վարած ավտոմեքենայից, մահվան դուռը հասցնելու աստիճան ծեծեր՝ դիմածնոտային ու գանգոսկրային բազմաթիվ կոտրվածքներ պատճառելով, ու դեռ այդ նույն 1 րոպե 15 վայրկյանի ընթացքում շուրջ 8 անգամ զանգահարեր Նաիրա Սիրադեղյանի 2 տարբեր հեռախոսահամարներին (բնականաբար, սպասելով նաեւ, որ գուդոկները գնան) ու դեռ ավելին՝ տեսանյութում երեւում է, որ այդ 1 րոպե 15 վայրկյանի ընթացքում Աբրահամը իր մեքենան 1-2 մետր տեղաշարժում է, երբ նրա մեքենայի ետեւի կողմից ավտոմեքենա է մոտենում ու շրջանցելով՝ առաջ անցնում»:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Քրեական գործն այս պահին կասեցված է: Որեւէ գործողություն չի կատարվում: Հետեւաբար՝ այլ մանրամասներ հաղորդելը, մասնավորապես՝ կասեցված քրեական գործով վկաների նախաքննության փուլում տված ցուցմունքներից հատվածներ հիշատակելը, այս փուլում հնարավոր ճնշումները բացառելու միտում ունեն:

«Առավոտ»

20.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031