Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-ՆԱՏՕ վստահելի եւ տպավորիչ հարաբերություններ

Դեկտեմբեր 21,2017 12:00

Ակնկալվում է Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի
միջեւ համագործակցության հետագա զարգացում

Հայաստանում կանցկացվեն զորավարժություններ

Լրացավ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցության 25-ամյակը: Քառորդ դար առաջ՝ 1992-ին, նորանկախ Հայաստանն անդամակցեց Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին՝ հիմք դնելով ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունների ձեւավորմանը: Դեկտեմբերի 13-18-ը Հայաստանում անցկացվեց ՆԱՏՕ-ի շաբաթը, որի մեկնարկին ուշագրավ հայտարարություններ հնչեցին Հայաստանի ռազմական գերատեսչությունից:

Հայաստանն ու ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները բանակցություններ են վարում ռազմատեխնիկական համագործակցության շուրջ, եւ առաջիկայում տեսանելի արդյունքներ են լինելու՝ լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը: «Մեր եվրոպական գործընկերների հետ համագործակցության օրակարգային հարցերից մեկը, երկկողմ ձեւաչափը նկատի ունեմ, նաեւ ռազմատեխնիկական համագործակցությունն է: Դա չի սահմանափակվում միայն զենք-զինամթերք գնելով, այլ ունի իր շատ տարբեր բաղկացուցիչները՝ նույն տեխնոլոգիական համագործակցություն, տարբեր համատեղ մշակումներ, ձեռնարկություններ եւ այլն»,- նշել էր Լեւոն Այվազյանը:

Հիշեցնենք, որ ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի ու Լեհաստանի համագործակցությունն արդեն մի քանի տարվա փորձ ունի: 2014թ. բացվեց «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը: Չարենցավանի հաստոցաշինական գործարանի հենքի վրա ստեղծված այդ ընկերությունը զբաղվում է արտադրական օբյեկտների արդիականացմամբ, բազմաֆունկցիոնալ քողարկման արդի տեխնոլոգիաների արտադրությամբ, ինչպես նաեւ թողարկում է սաղավարտներ, զրահաբաճկոններ, քողարկող ցանցեր եւ այլն: Հայտնի է, որ Վարշավան Երեւանին առաջարկել է ռազմական նոր տեխնոլոգիաներ, որոնց հիման վրա լեհական կողմը պատրաստ է այստեղ արտադրություն հիմնել:

Հարցին՝ ԱՄՆ-ի ՊՆ-ի միջոցներով Զառ գյուղում կառուցվող խաղաղապահ բրիգադի ուսումնավարժական կենտրոնն ի՞նչ նոր հնարավորություններ կբացի, Լեւոն Այվազյանը նշել էր. «Կենտրոնի կառուցումն իրականացվում է հայ-ամերիկյան ծրագրերի շրջանակներում՝ երկու երկրների ներդրման արդյունքում, որի նպատակն է ստեղծել խաղաղապահ գործողությունների ուսումնական կենտրոն: Հեռահար նպատակ ունենք. ունենալ խաղաղապահ գործողությունների վարժանքի կարողություններ: Մինչ օրս մեր խաղաղապահներն իրենց վարժանքներն անցկացնում են արտերկրում: Այդ ուսումնական կենտրոնի վերջնական կառուցումից հետո միգուցե այն սերտիֆիկացնենք եւ դառնա միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն: Արդեն հաջորդ տարի կենտրոնում կանցկացնենք զորավարժություն: Մեր խաղաղապահ կարողությունները գնահատման գործընթաց են անցնում ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան, եւ հերթական փուլը կանցկացվի այդ կենտրոնում»:

Աֆղանստանում եւ Կոսովոյում ընթացող ՆԱՏՕ-ի առաքելություններին Հայաստանը ներկայումս մասնակցում է, համապատասխանաբար՝ 121 եւ 35 զինվորականներով. «Այս տարի նույնպես մեր մասնակցությունը նույն ծավալով շարունակվել է, մեր քաղաքական որոշումն այն է, որ դա շարունակվի նաեւ հաջորդ տարիների ընթացքում»,- նշել էր Լեւոն Այվազյանը: Նկատենք, որ արդեն իսկ ընդունվել է Հայաստան-ՆԱՏՕ բազմակողմ համագործակցության առաջիկա տարիների ծրագիրը: Ինչպես հայտնի է, 2006-ից Հայաստանը հաջողությամբ իրականացնում է «Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը», այս տարի ապրիլին Հյուսիսատլանտյան խորհուրդն ընդունեց 5-րդ փաստաթուղթը, որը կուրվագծի Հայաստան-ՆԱՏՕ բազմաոլորտ համագործակցությունը 2017-2019թթ.:

Հայաստանը՝ «ՆԱՏՕ-ի ակտիվ գործընկեր»

Առհասարակ, 2017-ը Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունների առումով բավական տպավորիչ էր: Փետրվարի վերջին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ: Հանդիպման ավարտին ՀՀ նախագահը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով, ամփոփեցին բանակցությունները: «Ուրախությամբ եմ այսօր փաստում, որ այդ քառորդ դարի ընթացքում մեր փոխգործակցությունն աճել ու շարունակաբար համալրվել է նոր բովանդակությամբ՝ դառնալով Հայաստանի Հանրապետության բազմաշերտ անվտանգության համակարգի բաղադրիչներից մեկը: Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները, որոնք հիմնված են հստակ գիտակցված ընդհանուր շահերի եւ անհրաժեշտության վրա, ունեն բավական հարուստ օրակարգ»,- նշեց Ս.Սարգսյանը:
Հայաստանը շարունակում է իր կարեւոր ներդրումն ունենալ միջազգային խաղաղության ու կայունության հաստատման հավաքական ջանքերում՝ անվտանգության սպառողից վերածվելով անվտանգության մատակարարողի՝ հավելել էր Ս. Սարգսյանը. «Հայաստանն ինքը, ունենալով անվտանգային լուրջ մարտահրավերներ, իր նպաստն է բերում աշխարհի այլ կետերում անվտանգության ու կայունության գործին, քաջ գիտակցելով, թե որքան է աշխարհն այսօր փոխկապակցված, եւ որ այլեւս չկան առանձին պետությունների անվտանգային մարտահրավերներ:

Դրանք պատկանում են առանձին երկրների եւ բոլորին: Գոհունակությամբ եմ նշում, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության արդյունքում զարգացնելով խաղաղապահության ոլորտում իր կարողությունները՝ Հայաստանը վերջին տարիներին ընդլայնել է իր գործունեության աշխարհագրությունը. Կոսովոյում եւ Աֆղանստանում ընդգրկվածությանը զուգահեռ՝ այսօր մեր զինվորականները մասնակցում են նաեւ ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում եւ Մալիում իրականացվող առաքելություններին: Ուրախությամբ եմ նշում, որ Հայաստանը Դաշինքի եւ անդամ պետությունների կողմից գնահատվում է որպես «ՆԱՏՕ-ի ակտիվ գործընկեր»:

Այս հանդիպմանը կարեւորվեց ՆԱՏՕ-ի եւ Սթոլթենբերգի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Ապրիլյան պատերազմն ու դրանից հետո շարունակվող կանոնավոր կրակահերթերը՝ ծանր հրետանու եւ զինտեխնիկայի կիրառմամբ, փաստում են, որ այլեւս այդ հակամարտությունն «ակտիվ» է, եւ այսօր առավել քան երբեւէ անհրաժեշտ է, որպեսզի ողջ միջազգային հանրությունը միավորվի քաղաքակիրթ լուծման շուրջ՝ աջակցելով հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»:
Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, մասնավորապես, նշել էր. «ՆԱՏՕ-ն հանձնառու է աշխատել ինչպես Հայաստանի, այնպես էլ մյուս գործընկերների հետ, որովհետեւ համագործակցությունը ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի միջեւ բխում է երկու կողմերի շահերից էլ: Այժմ մենք մշակում ենք նոր Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր, որ համապատասխանեցված է Ձեր կարիքներին եւ պահանջներին: Առավել սերտ համագործակցության ներուժ եմ տեսնում փոխգործակցելիության, պաշտպանական բարեփոխումների եւ այդ ոլորտում կրթության բնագավառներում: ՆԱՏՕ-ն եւ մեր դաշնակիցները ունեն զգալի փորձառություն պաշտպանության եւ անվտանգության ոլորտների բարեփոխումների համար: Հայաստանը կարող է ապավինել այդ ռեսուրսներին»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այնուհետեւ անդրադարձել էր ԼՂ խնդրին՝ նշելով, որ մտահոգված է շփման գծում շարունակական խախտումներով. «Շատ կարեւոր է խուսափել լարվածության աճից, որովհետեւ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Դրա շարունակականությունը ետ է մղում ողջ տարածաշրջանի զարգացումը: Ուստի մենք խրախուսում ենք ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին վերադառնալու բանակցային սեղանի շուրջ եւ աշխատելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: ՆԱՏՕ-ն լիովին սատարում է Մինսկի խմբի ջանքերին այդ ուղղությամբ»:

ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների անկյունաքարերից մեկը ռազմական համագործակցությունն է

ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը մարտի 3-ին մասնակցեցին ՀՀ ՊՆ «ԶԱՌ» ուսումնական կենտրոնում ամերիկյան կողմի համաֆինանսավորմամբ իրականացվող շինարարական աշխատանքների մեկնարկի արարողությանը: Իր ելույթում Վիգեն Սարգսյանն անդրադարձել էր հայ-ամերիկյան հարաբերություններին՝ շեշտելով, որ երկու երկրների միջեւ առկա բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների պայմաններում այս տարիների ընթացքում պաշտպանական բնագավառում համագործակցության շրջանակներում հաջողությամբ իրականացվել են եւ շարունակում են իրականացվել տարբեր ծրագրեր. «Հայկական խաղաղապահ ուժերի ուսումնական կենտրոնը մեր ամերիկյան գործընկերների օժանդակության շնորհիվ առաջիկա ամիսների ընթացքում ամբողջովին կվերակառուցվի եւ նոր տեսք կստանա: Սա պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան ակտիվ եւ արդյունավետ համագործակցության հերթական վկայություններից մեկն է: Մեր խաղաղապահները «ԶԱՌ» ուսումնական կենտրոնի հիմնավերանորոգումից եւ տեխնիկական վերազինումից հետո հնարավորություն կունենան իրենց վարժանքները եւ առաքելություններին նախապատրաստությունն իրականացնել բարելավված եւ ժամանակակից չափանիշներին համապատասխանող պայմաններում»:

Հոկտեմբերի 31-ին Վիգեն Սարգսյանը, ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրն ու ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության պլանավորման եւ քաղաքականության դիրեկտորիատի տնօրենի տեղակալ, բրիգադի գեներալ Դաունե Դեսկինսը մասնակցել են ՀՀ ՊՆ «ԶԱՌ» ուսումնական կենտրոնի բացման արարողությանը: ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը շեշտել էր, որ ծրագիրը հայ-ամերիկյան երկարամյա սերտ բարեկամության դրսեւորումներից մեկն է` հավելելով, որ երկկողմ հարաբերությունների անկյունաքարերից մեկը ռազմական համագործակցությունն է եւ պաշտպանական երկու կառույցների միջեւ վստահության հիմքի վրա ձեւավորված կապերը: «Հայաստանը պետք է հպարտ լինի միջազգային խաղաղապահ գործողություններում իր ունեցած ներդրմամբ: Հայկական զորամիավորումների ներկայությունն այնպիսի վայրերում, ինչպիսիք են Աֆղանստանը, Կոսովոն եւ Լիբանանը, ցույց է տալիս աշխարհն ավելի ապահով դարձնելու Հայաստանի հանձնառությունը: Այս կենտրոնի վերակառուցմամբ ԱՄՆ կառավարությունն իր նպաստն է բերում ՀՀ ՊՆ ջանքերին՝ ուղղված պատրաստականության մեծացմանը, ինչը տեսանելի ազդեցություն կունենա աշխարհի տարբեր վայրերում խաղաղապահ առաքելություններին աջակցելու Խաղաղապահ բրիգադի կարողությունների վրա»:
Դեկտեմբերի 14-ին Հայաստանի արտգործնախարարությունում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում կայացավ հեռուստակամուրջ Երեւանի եւ Քաբուլի միջեւ: Միջոցառմանը ներկա ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը շեշտեց, որ ակնկալում է Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության հետագա զարգացում, ինչը ուղղված է Հայաստանի Զինված ուժերի ամրապնդմանը՝ ինչպես համակարգի, այնպես էլ մարտական պատրաստվածության առումով. «Հայաստանը իսկապես կարող է հպարտանալ Աֆղանստանում ծառայող իր զինծառայողներով: Շատ կարեւոր է նրանց առաքելությունը ՆԱՏՕ-ի ուժերի կազմում, որն ուղղված է Աֆղանստանում կայունության ապահովմանը, նաեւ թույլ չտալուն, որ Աֆղանստանը վերածվի ապահով վայրի ահաբեկիչների համար: Նրանց ներդրումը շատ կարեւոր է»:

Ամփոփումը՝ «Առավոտ»-ի դեկտեմբերի 21-ի համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 20.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031