Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայաստանը շատ ապահով երկիր է»

Դեկտեմբեր 21,2017 13:30

Հայաստանում աշխատող կորեացի դասախոս
Փակ Հի Սուն իրեն մեր երկրում զգում է ինչպես տանը

Հարավային Կորեայի եւ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունները սկսվել են 1993 թ.-ից: 2006-ից Բրյուսովի անվան համալսարանում կորեերենը սկսեցին դասավանդել՝ որպես 2-րդ կամ 3-րդ լեզու: Իսկ արդեն 2014 թ. բացվեց Կորեերենի թարգմանչական ֆակուլտետը եւ հուրախություն շատերի՝ մագիստրատուրայի հարցն էլ շուտով կլուծվի: Յուրաքանչյուր տարի մեր երկրում ավելանում է կորեասերների թիվը, որն էլ արտացոլվում է երիտասարդների կողմից կազմակերպվող K-POP ֆլեշմոբերով եւ «Կորեայի օր» խորագիրը կրող միջոցառումներով:

Զրուցեցինք ԵՊԼՀ կորեերենի եւ կորեական մշակույթի կենտրոնի դասախոս Փակ Հի Սուի հետ, որը Հայաստան է եկել Կորեական հիմնադրամի նախաձեռնությամբ, վերջինս էլ համագործակցում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հետ եւ իր ուղարկած դասախոսների միջոցով կատարում իրենց երկրի մշակույթի տարածման գործառույթը:

Մեզ հետ զրույցում Փակ Հի Սուն ասաց, որ Երեւանը ապահով եւ շատ հարմար քաղաք է, իսկ հայերը գեղեցիկ ժողովուրդ են: «Մինչ Հայաստան գալս, այստեղ դասավանդող իմ կորեացի ընկերոջից շատ տեղեկություններ եմ ստացել թե հայերի, թե Հայաստանի մասին: Նա հավատացնում էր, որ Հայաստանը արտասահմանցիների համար շատ ապահով երկիր է: Այստեղ ապրած տարիների ընթացքում երբեւէ տարօրինակ կամ վախենալու դեպքերի ականատես չեմ եղել», -ասաց դասախոսը:

Խոսելով ուսանողների մասին՝ նա ուրախությամբ պատասխանեց, որ հայերը, ի տարբերություն այլ ժողովուրդների, ավելի շուտ են սովորում կորեերեն:
Այն հարցին, թե ի՞նչ հնարավորություններ են տրվում ուսանողներին այս ֆակուլտետում սովորելով, նա պատասխանեց. «Առաջին եւ կարեւոր ծրագիրը, որ ունենք ուսանողների համար, Կորեայի Հանրապետության 115 համալսարաններից մեկում անվճար եւ «կիսավճարովի» սովորելու հնարավորությունն է»: Նա նաեւ հավելեց. «Հայաստանի եւ Հարավային Կորեայի հարաբերությունները նման են նոր քայլել սովորող երեխայի: Այդ առիթով մեծ հույսեր ունեմ, որ կորեերեն սովորող ուսանողները կարող են կապող օղակ հանդիսանալ երկու երկրների միջեւ»:

Հայ ուսանողները, Փակ Հի Սուի տեղեկացմամբ, Կորեայում հիմնականում աշխատում են գրասենյակներում եւ մասնավոր պարապում են ռուսերեն եւ անգլերեն:
Նա նաեւ ավելացրեց, որ հայերն էլ կորեացիների նման խուսափում են 3D կոչվող աշխատանքներից (դժվար, վտանգավոր, կեղտոտ):

2017թ. Երեւանում երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ եղան, իսկ Կորեայում միայն մեկը, որի ժամանակ ցուցադրվել են հայկական տարազներ, ազգային գործիքներ եւ այլն: Փակ Հի Սուն ափսոսում է, որ Հարավային Կորեայում քչերը գիտեն Հայաստանի մասին. «Հայերն առանձնապես ջանքեր չեն թափում, որ Հարավային Կորեայում ավելին իմանան Հայաստանի մշակույթի, լեզվի մասին: Մեր երկրում ապրող հայերը պետք է տարբեր նախաձեռնություններ, միջոցառումներ իրականացնեն այդ ուղղությամբ»:
Հայաստանը Կորեայի դեսպանատուն չունի, Փակ Հի Սուի պնդմամբ՝ Ռուսաստանում Կորեայի դեսպան Ու Յուն Գունը (որը Կորեայի նախագահ Մուն Ջեինի մտերիմն է), մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանին (բնականաբար՝ քաղաքական միտումներից ելնելով) եւ յուրաքանչյուր միջոցառում, որ կազմակերպվում է կորեերենի եւ կորեական մշակույթի կենտրոնի կողմից, լուսաբանվում է Կորեայում հայտնի KBS լրատվական հեռուստաընկերությամբ:

«Հայաստանի համար սա շատ լավ հնարավորություն է, որից հայերը պետք է անպայման օգտվեն», -նկատեց ԵՊԼՀ կորեերենի եւ կորեական մշակույթի կենտրոնի դասախոս Փակ Հի Սուն: Փակ Հի Սուի հետ զրուցեցինք նաեւ երկու ժողովուրդների նմանությունների մասին:
«Չնայած նրան, որ իրարից հեռու գտնվող երկրներ ենք, բայց ասես 2 եղբայրներ լինենք, -ասում է դասախոսը եւ շարունակում,-եւ Հայասատանը, եւ Կորեան վաղ պատմություն ունեն: Նման երկար պատմություն ունեցող երկրներն այսօր շատ չեն»:
Ըստ դասախոսի, երկու ժողովուրդներ էլ գրեթե միշտ շրջապատված են եղել մեծ երկրներով: Եվ նման միջավայրում ապրող ազգերը, ըստ նրա, նմանատիպ մտածողություն են ունենում: «Տխուր իրադարձություններն էլ են երկու երկրներում անդրադարձել մշակույթների վրա, օրինակ, կորեական «Արիռանգ» երաժշտությունը նման է հայկական «Դլե յաման»-ին: Առանց բառերը հասկանալու էլ հուզվում ես»,-փաստում է մեր զրուցակիցը:

 

ՌԱՅԻՍԱ ՊԱՊՅԱՆ

«Առավոտ»

20.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031