Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հովանու ներքո դեկտեմբերի 20-ին կազմակերպվել էր «Ձմեռային հրաշք» խորագրով համերգային ծրագիր: Հայկական շոու-բիզնեսի շնորհալի ներկայացուցիչները, այդ թվում՝ Գոռ Սուջյանը, Միքայել Ոսկանյանը, Մաշա Մնջոյանը, Սոնա Ռուբենյանը, Հայկ Պետրոսյանը եւ ուրիշներ, կատարեցին Սուրբ Ծննդին եւ Ամանորին նվիրված ամերիկյան եւ հայկական երգեր:
Համերգով ամփոփվեց Հայաստանի Հանրապետության եւ ԱՄՆ-ի միջեւ 25-ամյա գործընկերությանը եւ բարեկամությանը նվիրված հոբելյանական տարվա միջոցառումների շարքը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշեց, որ երկու երկրների միջեւ առկա է ամուր գործընկերություն, նաեւ փաստեց այն ձեռքբերումները, որ գրանցվել են 25 տարիների ընթացքում: Նա անդրադարձավ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից մեկ միլիարդ դոլարից ավելի օժանդակությանը, ռազմական համագործակցությանը, մշակութային կրթական փոխանակումներին, անգլերենի ուսուցման ծրագրերին, ներդրումային գործընկերությանը:
Դեսպանը շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին՝ սկսած կառավարությունից, ավարտած մամուլով եւ քաղաքացիական հասարակությամբ:
Անդրադառնալով տոնական համերգին, պարոն Միլսը կատակեց. «Այսօրվա երեկոն տաղտկալի դիվանագիտական զրույցների համար չէ, այսօր չենք խոսելու տնտեսական մակրոտնտեսական բարեփոխումների մասին: Այսօր մենք Սուրբ ծննդին ենք անդրադառնալու, իսկ նրանք, ովքեր ուզում են խոսել տնտեսական մակրոբարեփոխումների մասին, ձեռք բարձրացնեն, եւ մենք միջանցքում մեր զրույցը կշարունակենք»:
Ապա կրկին կատակով հավելեց. «Այսօր այն օրն է, որ գունավոր փողկապներ ենք կրում, էլֆերի նման հագնվում, նաեւ սվիտերներ ենք կրում, իսկ եթե բրիտանացի եք, ապա ջեմպեր պետք է ասեիք սվիտերին… Կուզենայի, որ խենթ բրիտանացիները, վերջապես, անգլերեն խոսել սովորեին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ