Դեկտեմբերի 6-ին Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից ձերբակալված նորվեգացի Ֆրոդե Բերգը լավ ծանոթ է եղել Հայաստանին, գրում է Meduza-ն:
Բերգը կասկածվում է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի մասին գաղտնի տվյալներ կորզելու մեջ: Ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, քննությունը գաղտնի է, բայց կասկածյալի մասին հայտնի են դարձել որոշ մանրամասներ, որոնց համաձայն նա նորվեգացի սահմանապահ է, որն ընկերներ ունի Մոսկվայում և Հայաստանում:
Հաղորդվում է, որ 62-ամյա Ֆրոդե Բերգը վերջին 20 տարին աշխատում էր որպես սահմանապահ Ստուրսկուգում: Այդ քաղաքում է գտնվում ռուս-նորվեգական միակ մշտական անցակետն ավտոմեքենաների համար: 2014թ. Բերգն ազատվել էր ծառայությունից, բայց շարունակում էր աշխատանքը ռուս-նորվեգական սահմանի բարեկարգման հանձնաժողովում: Դեռ սահմանապահ աշխատելու տարիներին՝ Բերգն անդամակցել էր Կարմիր Խաչին և զբաղվում էր մարդասիրական աշխատանքով, այդ թվում այցելում էր Հայաստան և այնքան լավ էր ծանոթացել այդ երկրի պատմությանը, որ պատրաստվում էր նրա մասին գիրք գրել:
Վերջին տարիներին Բերգն ապրում էր Նորվեգիայի Կիրկենես քաղաքում՝ Ռուսաստանի սահմանից 8 կմ հեռավորության վրա: Կիրկենեսը, որտեղ ապրում է ավելի քան 3000 մարդ, անվանում են Նորվեգիայի ամենառուսական քաղաքը. այստեղ շատերը խոսում են ռուսերեն, ցուցատախտակների վրա անգլերենից բացի գրված է նաև ռուսերենով: Կիրկենեսում Բերգը զբաղվում էր մշակութային նախագծերով, այդ թվում ծանոթ էր Ռուսաստանի, Նորվեգիայի և Ֆինլանդիայի միջև մշակույթի փոխանակման ծրագրերի ղեկավար Լյուբա Կուզովնիկովայի հետ:
Կուզովնիկայի խոսքով՝ Բերգին չի կարելի անվանել քաղաքական ակտիվիստ, նա պարզապես ակտիվ թոշակառու էր: Բերգը հետաքրքրվում էր Ռուսաստանի կյանքով, բազմիցս եղել է Մոսկվայում և Facebook-ում լուսանկարներ էր տեղադրում իր ճամփորդություններից:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ