ԱՄՆ-ը «Մագնիտսկու ցուցակում» է ներառել Ռուսաստանի ևս 5 քաղաքացիների, այդ թվում Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին: Այս մասին հայտնում է CNBC-ն՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարությանը:
Այսպիսով «Մագնիստսկու ցուցակում» ներառված անձանց թիվը դարձավ 49:
2012թ-ից ԱՄՆ-ը այդ ցուցակում ներառում է այն անձանց, որոնք պատասխանատու են Ռուսաստանում աուդիտոր Սերգեյ Մագնիտսկու ձերբակալման, խոշտանգումների և մահվան, ինչպես նաև այդ երկրում մարդու իրավունքների խախտումների, փողերի լվացման համար:
Որպես Կադիրովին ցուցակում ներառելու պատճառ՝ բերվում է այն հանգամանքը, որ Չեչնիայի նախագահն առնչություն ունի «ոչ դատական հաշվեհարդարների, խոշտանգումների և միջազգայնորեն ընդունված մարդու իրավունքների այլ կոպիտ խախտումների հետ»: Հաղորդագրության մեջ նշվում է, որ նման գործողություններ կիրառվել են այն անձանց նկատմամբ, ովքեր փորձել են վերհանել Ռուսաստանի կառավարության պաշտոնատար անձանց կողմից իրականացված անօրինական գործողությունները:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ