Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը այսօր Գյումրիում հորդորեց լուրջ չվերաբերվել Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից առաջ և հետո ռուսական հեռուստաալիքներով Հայաստանի հասցեին հնչած քննադատությանն ու մեղադրանքներին:
«Ես պետք է ասեմ որ դուք ճիշտ չեք մեկնաբանում այս հարցը, որ ոչ թե ռուսական ալիքներն են քննադատել, այլ քննադատել են առանձին անհատներ, ովքեր Հայաստանի, հայ- ռուսական հարաբերությունների հետ որևէ առնչություն չունեն», – «Ազատության» հետ զրույցում նշեց դեսպանը:
Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրի ստորագրման նախօրեին Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում հաղորդավարը հայտարարել էր՝ «Եվրամիության հետ ասոցացումը միակ բանը չէ, ինչ Հայաստանն անում է՝ ինչպես Ուկրաինան։ Երևանը նույնպես հերոսացնում է ֆաշիզմի աջակիցներին»: Այնուհետև նա Գարեգին Նժդեհին համեմատել էր ուկրաինական ազգայնականության գաղափարախոս Ստեփան Բանդերայի, իսկ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խորհրդանշանը՝ Ֆաշիստական Գերմանիայի զինանշանի հետ։ Երկու օր անց, սակայն, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանին հղած նամակում հեռուստաալիքը պաշտոնապես ներողություն էր հայցել թույլ տված սխալի համար։
Համաձայնագրի ստորագրումից հետո էլ ռուսական НТВ հեռուստաընկերության «Հանդիպման վայրը» ծրագրի թողարկումներից մեկում ռուսաստանցի վերլուծաբաններն ու քաղաքագետները վիրավորական մեկնաբանություններ էին արել Հայաստանի հասցեին՝ երկիրը համեմատելով ամուսնացած կնոջ հետ, որը որոշել է սիրավեպ սկսել մեկ ուրիշ տղամարդու հետ:
«Դրանք մարդիկ են, ովքեր մասնագետներ են, փորձագետներ են, քաղաքագետներ, բայց նրանք զբաղվում են, այսպես ասած, այլ հարցերով, իսկ հայ – ռուսական հարաբերությունները նրանց մասնագիտացումը չէ», – նշեց դեսպանը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում: